Թավշյա հեղափոխությունից մինչեւ թավշյա հեռացում

Թավշյա հեղափոխությունից մինչեւ թավշյա հեռացում

Այդպես էլ չիմացանք, թե ով բերեց Նիկոլին: Մի բան պարզ է, սակայն, որ նա ինքն իրեն չեկավ: Չէ, դուք գնացեք Գյումրի եւ այնտեղից քայլելով եկեք Երեւան, տեսնեմ՝ վարչապետ կդառնա՞ք, տեսնեմ՝ Նիկոլը հրաժարական կտա՞: Առը հա, թե կտա… Բա Սերժը, Վովան ու մյուսներն ինչո՞ւ հրաժարական տվեցին: Ես Վովան եմ… Որ Վլադիմիր Գասպարյանն այսպես որոտար, քանի՞ քայլիստ կմնար Սեւանի տրասի վրա: Պատմում են, որ նա մի քանի անգամ դիմել է Սերժ Սարգսյանին՝ թող սրանց հավաքեմ, մինչեւ Երեւան հասնելը: Չի թողել, թե՝ Վլադիմիր, ամեն ինչ վերահսկվում է, կարիք չկա: Մնացածն արդեն հայտնի է բոլորին: Հիշում եմ՝ երբ արդեն ամեն ինչ ծանրացել էր Վալերի Օսիպյանի ուսերին, պատահաբար հանդիպեցի նրան՝ Հանրապետության հրապարակ մուտքի մոտ: Այդ պահին մի 5-6 բոմժ մայթի նստարանները քարշ էին տալիս Ամիրյան փողոցի երթեւեկելի մաս, որ փակեն: Միասին՝ ես, Օսիպյանը եւ նրան ուղեկցող մոտ մեկ տասնյակ ոստիկան, նայում էինք այդ տեսարանին:
- Ի՞նչ է կատարվում, պարոն Օսիպյան,- հարցրի:

Շրջվեց ու ոստիկանների հետ հեռացավ: Ինձ թվաց՝ հիմա կզանգի, ջրի մեքենա կկանչի ու Ամիրյան փողոցը կբացի: Չէ, ոչ մի փողոց էլ չբացեցին՝ ո՛չ այդ օրը, ո՛չ էլ հաջորդ օրերին: Հակառակը՝ հետեւում էին, որ ոչ մի նիկոլիստ չվնասվի, չընկնի ավտոյի տակ, մինչեւ փողոցները «գլուխոյ» փակվեն: Փակ փողոցներում Նիկոլն ամեն օր բղավում էր՝ հեղափոխություն ա՛, հեղափոխություն ա՛… Ի՞նչ հեղափոխություն, արա, էդ որտե՞ղ եք այսպիսի հեղափոխություն տեսել: Թե բա՝ դուք չգիտեք, սա թավշյա հեղափոխություն ա… Հետո Աղվան Վարդանյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այս ամենի մեջ վտանգներ է տեսնում, եւ կողմ չքվեարկեց Նիկոլի վարչապետ դառնալուն: Հիմա ես՝ ինքս, ինձ հարց եմ տալիս՝ եթե Աղվան Վարդանյանն էր այդ վտանգներն զգում ու նկատում, Սերժ Սարգսյանը չգիտե՞ր դրանց մասին: Այսօր կարելի է ասել՝ Սերժ Սարգսյանը հրաշալի գիտեր, թե ինչ է տեղի ունենում, եւ գուցե հենց դա էր պատճառը, որ ո՛չ ոստիկանությանը, ո՛չ անվտանգության ուժերին, ո՛չ էլ բանակին թույլ չտվեց փողոց լցվածներին հավաքել: Հնարավոր է՝ որոշ ժամանակ անց իմանանք, որ ավելի մեծ փորձանքից ենք պրծել՝ Նիկոլին վարչապետ դարձնելով: Ես հիմա դա էլ չեմ բացառում: Չէի ասի, թե դա խելոք քայլ էր, բայց գուցե միակ քայլն էր, վերջին հնարավորությունը, որ վերահաս աշխարհաքաղաքական աղետից դուրս գանք նվազագույն կորուստներով: 

Ինձ այլեւս չի հուզում հարցը, թե ով բերեց Նիկոլին: Այս հարցի վրա գլուխ կոտրելը նույնիսկ ժամանակավրեպ է թվում: Ավելի լավ է՝ փորձենք հասկանալ, թե ինչի է վերածվել Նիկոլը, որ այս թավշյա խեղկատակության արդյունքում հռչակվեց ՀՀ վարչապետ: Առաջարկում եմ դիտարկումն սկսել Արցախից, որովհետեւ այնտեղ է սկսվել մեզ ամենաշատը հետաքրքրող պրոցեսը՝ իշխանափոխությունը: Կարծում եմ՝ լավ եք հիշում, որ Արցախում թավշյա էշություններ չեղան, եւ Արայիկ Հարությունյանը նորմալ ընտրություններով փոխարինեց Բակո Սահակյանին: Հավաքվեցին, մարդավարի շնորհավորեցին Արայիկ Հարությունյանին, նա էլ ոգեւորվեց ու թե՝ Արցախի Հանրապետության սահմաններն ավելի եմ ընդարձակելու: Ծափ տվին, Շուշիում մե քեֆ, մե ուրախություն արին… Նիկոլն էլ էր ներկա: Ու երբ այդ ամենը վերջացավ, Արայիկ Հարությունյանս թարս ձի հեծավ ու սկսեց լրիվ ուրիշ հայտարարություններ անել՝ նոր Հայաստան, նոր Արցախ, ու նման բաներ: Կարճ ասած՝ նրան «նոր Հայաստանից» էին կառավարում: Շաբաթ-կիրակի գալիս էր Հայաստան, Նիկոլին ու Լեւոնին տեսնում, դիրեկտիվները ստանում ու հետ գնում Արցախ՝ գործի: Այսպես շարունակվեց մի որոշ ժամանակ, մինչեւ որ աշխարհաքաղաքական վերադասավորումները հասան մեր տարածաշրջան, ու 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն անցավ հարձակման: 44 օր շարունակ պատերազմ էր:

Այդ օրերին Արայիկ Հարությունյանը ոչ մի ինքնուրույն որոշում չի կայացրել: Որոշումները կայացվում էին Երեւանում, որոշում կայացնողն էլ Նիկոլն էր, որ հրաշալի հնարավորություն էր ստացել՝ իրագործել հայ քաղաքագիտական մտքի քերթողահոր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարտվողական քաղաքականությունն իր բոլոր մանրամասնություններով՝ դե, Նիկոլ ջան, հողերը պիտի տաս: Եվ 44 օր շարունակ այս հրաշալի զույգին՝ Լեւոն-Նիկոլ, թվում էր, թե իրենք են հողերը տալիս, եւ իրենց կիրթ ախպերը կանգ է առնելու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մատույցներում: Հադրութի եւ Շուշիի անկումը, իսկ այնուհետեւ ռուս խաղաղապահների մուտքն Արցախ՝ ցույց տվեցին, որ նրանք իրենց հաշիվներում չարաչար սխալվել են: Մեջները կռիվ ընկավ: Լեւոնը Նիկոլին ինչ ասես՝ ասաց, խայտառակեց, մունդռեց, գցեց մի կողմ: Մենք այստեղ Նիկոլի հրաժարականն էինք պահանջում եւ այլն, եւ այլն, իսկ Արայիկ Հարությունյանն առոք-փառոք շարունակում էր Ստեփանակերտում ֆռֆռալ ու նախագահ աշխատել: Նրա հրաժարականը պահանջել չէր կարելի, քանզի վտանգ կար, որ Արցախի ժողովրդին կարող էին թույլ չտալ նոր իշխանություն ընտրել: Այս վիճակը ձգվեց մինչեւ վերջերս, մինչեւ ռուսաստանահայ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար դառնալը:

Սկզբում խոսում էին Արայիկ Հարությունյանին կից ինչ-որ խորհուրդ ստեղծելու մասին, որ պետք է քննարկեր եւ ընդուներ կարեւորագույն որոշումները, բայց դա էլ, կարծես, երկրորդ պլան մղվեց, հենց որ Վարդանյանը սահուն կերպով նշանակվեց պետնախարար: Հուսամ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ դա Արցախում իշխանափոխություն իրականացնելու եւ «պարտված» նախագահի հեռացման առաջին քայլն էր: Կանցնի եւս մի կարճ ժամանակ, եւ մենք Ռուբեն Վարդանյանին կտեսնենք ոչ թե ընտանյոք հանդերձ Արցախի այս կամ այն բնակավայրի բնությամբ հիանալիս, այլ ռուս խաղաղապահների հետ բանակցելիս, ԱՊՀ տարածքի չճանաչված հանրապետությունների ղեկավարների հետ հանդիպելիս, ՀՀ իշխանության բարձր օղակներին Արցախի խնդիրները բացատրելիս: Արայիկ Հարությունյանին Հայաստանում եւ Արցախում դանդաղ կսկսեն մոռանալ: Ռուբեն Վարդանյանն Արցախի փոխարքայի կարգավիճակ դեռ չունի, բայց այսօր առնվազն «պրիստավ» է, որին ենթարկվում են բոլոր տեղական քյոխվաները՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Հարությունյանը վերածվում է բուտաֆորիայի, բեմական ռեկվիզիտի, որ դուրս կտարվի նոր ներկայացումն սկսվելուց առաջ:

Կարելի՞ է, արդյոք, Նիկոլին նույն ձեւով հեռացնել ՀՀ վարչապետի աթոռից: Չի կարելի եւ նույնիսկ ցանկալի էլ չէ, բայց գործընթացները տանում են դրան: Բանն այն է, որ ինքնիշխանությունը ոչ միայն Արցախի Հանրապետությունն է կորցրել, այլեւ Հայաստանի Հանրապետությունը: Փաշինյանը նոյեմբերի 9-ին իր հրաժարականով կարող էր փրկել իրավիճակը, բայց դա չարեց եւ, ի հեճուկս քաղաքակրթության ու քաղաքագիտության, կապիտուլյացիայից հետո էլ մնաց պաշտոնին ու ավելի խորացրեց առանց այն էլ սոսկալի պարտությունը, որին արժանի չէր իր սուվերենությունը 30 տարի մանկան պես շահած ու պահած, այդ սուվերենության համար կռված ու հաղթած մեր ժողովուրդը:
Ե՞րբ կկարողանանք Նիկոլի մասին բացահայտ խոսել որպես բուտաֆորիայի կամ ռեկվիզիտի, սպասելի՞ է, արդյոք, որ Հայաստանում եւս կստեղծվի պետնախարարի պաշտոն, եւ նա աստիճանաբար Նիկոլի ձեռքից կվերցնի պետական կառավարման լծակները, ոստիկանությունը, անվտանգությունը, զինված ուժերը, դատարաններն ու դատախազին: Սա իշխանափոխության արցախյան սցենարն է, որը, անշուշտ, կիրառելի է նաեւ Հայաստանի պարագայում, բայց կա մի փոքրիկ նրբություն, որ պետք է հաշվի առնել՝ դա էքսցենտրիկ Նիկոլն է, որ չգիտես թե ինչպես կպահի իրեն: Պահի տակ գժվելու, իրեն պատեպատ տալու սովորություն:

Այսուհանդերձ, հրամայականը մեկն է՝ նա պետք է հեռանա, որովհետեւ ինչ անելու էր՝ արել է, ինչի համար բերվել էր՝ «պատվով կատարել» է, ու արդեն ժամանակն է, որ կամաց-կամաց վերածվի «անգլիական թագուհու» կամ բուտաֆորիայի: Միանգամից հեռացնելը, եթե դա մենք չենք անում, լավ չի դիտվի կողքից: Այդ պատճառով էլ կկիրառվի նրա թավշյա հեռացումը, ինչպես արվում է Արցախում: