Վիգեն Սարգսյանը մինչ այս պահը դատավարական կարգավիճակ չունի

Վիգեն Սարգսյանը մինչ այս պահը դատավարական կարգավիճակ չունի

Դեռեւս մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Դրան հաջորդեց Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ուղղված ՔԿ-ին։

Պաշտպանության նախկին նախարարը իր գրառման մեջ նաեւ նշել էր, որ իր փաստաբանին լիազորել է կապվել Հատուկ քննչական ծառայության պատասխանատուների հետ` հետագա գործընթացներում իրեն ներկայացնելու նպատակով: 

Վիգեն Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանից հետաքրքրվեցինք՝  ի վերջո Վ․Սարգսյանը ներգրավվե՞ց որպես մեղադրյալ, ինչին տվեց բացասական պատասխան․ «Պարոն Սարգսյանը չունի դատավարական կարգավիճակ»։

Հարցին, թե ե՞րբ է ԱՄՆ-ից վերադառնալու, նշեց․ «Ժամկետ չեմ կարող ասել, ուսումնառության նպատակով է մեկնել։ Իսկապես ինֆո չունեմ»։

Փաստաբանը չպատասխանեց նաեւ հարցադրմանը, թե ինքը ներկայացե՞լ է ՀՔԾ, թե՞ ոչ։ 

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քրեական գործով հիմնավորվել է, որ  ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված ցանկում ներառված տարածքների, որոնք ենթակա չեն սեփականության իրավունքով տրամադրման, անհատույց օգտագործման իրավունքով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին տրամադրման հարցի քննարկման լիազորությունը վերապահված է եղել ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին, որը պետք է ղեկավարվեր ՀՀ կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշմամբ, սակայն Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի 25/6 շենքի թվով 71 բնակարաններից 29-ի հատկացումների վերաբերյալ որոշում է կայացրել ՀՀ պաշտպանության նախարարը, և այդ բնակարանների հատկացման հարցն ընդհանրապես չի քննարկվել հանձնաժողովի կողմից, իսկ հանձնաժողովի քննարկման արդյունքում նշված շենքի մի շարք բնակարաններ, ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, հանձնաժողովի կողմից հատկացվել են ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների իրավունքներին, վերջիններիս և պետության օրինական շահերին։