Ռամզան Կադիրովը, կանայք եւ նրանց անունով գրանցված թանկարժեք անշարժ գույքը․ բացահայտումներ

Ռամզան Կադիրովը, կանայք եւ նրանց անունով գրանցված թանկարժեք անշարժ գույքը․ բացահայտումներ

Проект պարբերականը նոր հրապարակում է կատարել, այս անգամ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ընտանիքի եւ ունեցվածքի մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս պարբերականը մի քանի աղմկահարույց բացահայտումներ եւս կատարել էր եւ հիմա անդրադարձել է Չեչնիայի ղեկավարին։ Պարբերականը հավաստիացնում է, որ Ռամզան Կադիրովը բացի 42-ամյա պաշտոնական կնոջից՝ Մեդնիից, որի հետ աշխարհիկ ամուսնություն է կնքված, նա ունի եւս մեկ կին՝ Ֆաթիմա Խազուեւան։ Մահմեդական օրենքները թույլատրում են բազմակնությունը, սակայն, քանի որ Ռուսաստանի օրենսդրությունը դա թույլ չի տալիս, ապա ամենայն հավանականությամբ Կադիրովն ու Խազուեւան մահմեդական արարողությամբ են միայն ամուսնացել։ Հայտնի է, որ Խազուեւայի հետ Կադիրովը ծանոթացել է 2006 թվականին Չեչնիայում տեղի ունեցած առաջին եւ վերջին գեղեցկության մրցույթի ժամանակ։ 15-ամյա Ֆաթիման այդ ժամանակ երկրորդ տեղը գրավեց եւ դրանից հետո կարճ ժամանակ անց ամուսնացավ Կադիրովի հետ։ Նրանց ամուսնության մասին լուրը հաստատել է հայտնի չեչեն բլոգեր թումսո Աբդուռահմանովը, ով մտերիմ շփում է ունեցել աղջկա համագյուղացիների եւ Խազուեւայի եղբոր հետ։

Проект-ը գրում է, որ Խազուեւան Գրոզնիում ունի շքեղ անշարժ գույք։ Մասնավորապես, չեչենական մայրաքաղաքում նրան պատկանում է շքեղ պալատ, որը գտնվում է Կադիրովի նստավայրի ուղիղ դիմաց։ Վերջինիս արժեքը գնահատվել չի հաջողվել։ Այդ պալատը սակայն կարող է մրցել Ռուբլյովկայի լավագույն տների հետ։ Պաշտոնապես Ֆաթիման գրանցված է Կադիրովի աշխատակազմում եւ ստանում է 100 հազար ռուբլի աշխատավարձ։ Մոսկվայում Ֆաթիմայի անունով գրանցված կա մի քանի էլիտար բնակարաններ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է մի քանի հարյուր միլիոն ռուբլի։ Մեդնին՝ Կադիրովի պաշտոնական կինը, եւս ունի մի քանի բնակարաններ Մոսկվայում։ Կադիրովի երկու կանանց անունով եղած անշարժ գույքի ընդհանուր արժեքը գերազանցում է 800 միլիոն ռուբլին։ Բացի այդ, պարզվել է, որ Մեդնին ունի նաեւ կեղծ փաստաթղթեր՝ Մեդնի Մուսաեւա անունով, որով էլ տիրապետում է թանկարժեք մի քանի բնակարանների, իսկ պաշտոնական Մեդնի Կադիրովա անուն ազգանունով փաստաթղթերով, որով եւ լրացված է հարկային հայտարարագիրը, ունի մեկ բնակարան Մոսֆիլմովսկոյեում։ Ռամզան Կադիրովը երբեք չի խոսել երկրորդ կնոջ առկայության մասին, սակայն բազմակնության մասին դրական է արտահայտվել։