Այս ամենի առաջին պատասխանատուն իշխանություններն են

Այս ամենի առաջին պատասխանատուն իշխանություններն են

«Հրապարակի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

- Պարոն Հարությունյան, Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով 15 զինծառայող մահացել է: Մարդու իրավունքների տեսանկյունից ի՞նչ է նշանակում կատարվածը: Զինվորը 21-րդ դարում գոյատևել է անմարդկային պայմաններում, որտեղ անգամ չկա ջեռուցում և խմելու ջուր:

- Այստեղ խոսքը կոնկրետ կյանքի իրավունքի մասին է: Պայմանները սարսափելի են եղել, արդյունքում խախտվել է զինվորների կյանքի իրավունքը, սա արձանագրված փաստ է:

- Ո՞վ է այս ամենի պատասխանատուն: Դեպքից ժամեր անց մի քանի զինվորականներ ազատվեցին պաշտոնից ու վերջ:

- Այս ամենի առաջին պատասխանատուն իշխանություններն են: Զինվորի համար պատշաճ պայմաններ պարտավոր են ստեղեծ բացառապես իշխանությունները: Ինչ վերաբերում է դեպքից ժամեր անց պաշտոնանկություններին, ապա դա ևս աննորմալ երևույթ է, պետք էր հանգամանքներ ուսումնասիրել, նոր մտածել պաշտոնանկությունների մասին, ոչ թե վերից վար պատժել բոլորին, դա նշանակում է, որ այս պահին կոնկրետ մեղավոր չկա:

- Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ենթադրվում է, որ բանակն ավելի վատ վիճակում պետք է լիներ, քան այսօր: Պատերազմ, երկրաշարժ, Ադրբեջանից Հայաստան տեղափոխված մեծաթիվ քաղաքացիներ, մութ, ցուրտ, սով, սակայն կարծիքներ կան, որ անգամ 90-ականներին այս վիճակում չի եղել նոր կազմավորված բանակը:

- Հայ զինվորի պայմանները միշտ էլ վատ են եղել, սակայն ոչ այս աստիճան: Խնդիրն այն է, որ 21-րդ դարում մենք անգամ չպետք է բանակի պայմանները համեմատեինք նախորդ դարի նոր կազմավորված բանակի հետ: Եթե համեմատում ենք, նշանակում է իշխանությունները շատ են թերացել:

- Փաստացի զինվորներն այսօր սարսափելի պայմաններում են ծառայում:

- 90-ականներին բանակը նոր էր կազմավորվել, սարսափելի պայմաններ են այսօր, ինչը փաստում է իշխանությունների թերացման մասին: