100 տարի առաջ

100 տարի առաջ

Երբ հետեւում ես մեր հանրության հիմնական հատվածի խոսքուզրույցին, դատողություններին, անհանգստություններին, տպավորություն ես ստանում, թե նրանք ապրում են միֆերի, սնահավատության, կեղծ գիտելիքների ու տգիտության ուրույն աշխարհում։ Եվ հասկանում ես, թե ինչքան թերի կրթություն են ստացել նրանք, ինչ աղետալի վիճակում են գտնվում հայկական դպրոցն ու ուսուցիչը։ Համոզվում ես, թե ինչպես է ծնված օրվանից խաթարվում հայ երեխաների հոգեկան աշխարհը՝ ինչպես են նրանց աշխարհի ու իրականության մասին թյուր պատկերացումներ փոխանցում։ Իսկ երբ այդ սխալ պատկերացումներին գումարվում է նաեւ ազգային ամբարտավանությունը, աղետը դառնում է կատարյալ։

Այսօր՝ մարտի 16-ին, լրանում է ռուս-թուրքական չարաբաստիկ պայմանագրի 100 տարին։ 1921 թվականին կնքված Լենին-Քեմալ հակահայկական պայմանագրի մասին վերջին տարիներին ինչ լեգենդ ու ապատեղեկատվություն ասես, որ չտարածվեց։ Սուտ խոստումներով եւ կեղծ արժեքներով մարդկանց սնող մի խումբ հասարակությանը համառորեն ներշնչում էր, որ եթե Ռուսաստանը 2021 թվականին չվերակնքի այդ պայմանագիրը Թուրքիայի հետ, ապա Արեւմտյան Հայաստանի տարածքի մեծ մասն իրավունքի ուժով կվերադարձվի Հայաստանին։ Դյուրահավատ եւ սակավ գիտելիքներ ունեցող որոշ մարդիկ էլ հավատում էին այդ լեգենդին։ Մարդկանց մի խումբ էլ կարծում է, որ պայմանագրերի կնքման տարելիցին Թուրքիան ու Ադրբեջանը փորձելու են նոր ռազմական գործողություններ սանձազերծել, եւ մարտի 16-ը նրանց վախ էր ներշնչում։ Այս մարդիկ, անշուշտ, դպրոց են գնացել, մի մասն անգամ բուհ է ավարտել, բայց նրանք ապրում են կեղծ, հորինված միֆերի, տարբեր նշանների ու բանդագուշանքների հանդեպ հավատի աշխարհում։ Նրանք մնացել են անցյալում, անմասն են աշխարհի նոր իրողություններից։