«Շահադիտական» մղումներով արված հաճելի նվեր

«Շահադիտական» մղումներով արված հաճելի նվեր

Վաղուց նման կրեատիվ նվեր չէի ստացել, այն էլ՝ գրքի տեսքով։ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ «Նյու մեգ» հրատարակչության հետ հրատարակել են 21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից մեկի, Երուսաղեմի համալսարանի դասախոս Յուվալ Նոյ Հարարի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» աշխատությունը՝ հայերեն թարգմանությամբ։ Գիրքը հաստափոր է, բնականաբար, դեռ չեմ հասցրել կարդալ եւ բովանդակության մասին առանձնապես շատ բան չեմ կարող ասել, բայց գրքից ստացած առաջին տպավորությունը եւ հատկապես՝ կից գրության հումորը, կարծում եմ, ստիպելու է այն անպայման կարդալ։ 

Գրքի նախաբանը գրել է «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, այժմ հետախուզման մեջ գտնվող Գուրգեն Խաչատրյանը։ Նա գրել է․

«Վերջին տասնամյակում ամենից շատ քննարկված, քննադատված ու մեջբերված եռագրությունը ներկայացնում ենք newmag ընկերության հետ գործակցությամբ։ Այդ շարքում առաջինը, իհարկե, «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» աշխատությունն է․․․ Որպես գործարար, որը երազում է Հայաստանը տեսնել ինովացիայի գլոբալ քարտեզին, խոստովանեմ՝  newmag-ի հետ այս գործակցությունն ու այս հիմնարար եռագրության թարգմանությունը մի քանի նպատակ ունեն։ Նախ՝ համաշխարհային օրակարգի եւ գլոբալ երկխոսության մաս կազմել, ներգրավվել ապագային վերաբերող քննարկումներին։ Երկրորդ՝ համաշխարհային կարեւորության ամենաթարմ ու ամենաորակյալ գրականությունը ներկայացնել հայերեն։ Եւ երրորդ՝ ճանաչելով աշխարհը, ընթերցելով ամենաթարմ գիտահանրամատչելի գրականությունը՝ վերաիմաստավորել նաեւ մեր երկրի ապագան։ Իսկ ապագան փոխվում է։ Այն արդեն փոխվել է եւ չի լինի այնպիսին, ինչպիսին պատկերացնում էինք բոլորովին վերջերս․․․»։

Newmag-ը, հիշեցնենք, որ վերջին տարիներին ամենահաջողակ գրահրատարակչական ընկերություններից է, որի տնօրենն է հայտնի հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը, գլխավոր խմբագիրը՝ Գնել Նալբանդյանը։ Սակայն առավել ուշագրավ է այն, որ «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» 500 էջանոց աշխատությունն անգլերենից հայերեն է թարգմանել «Հրապարակի» երկարամյա թղթակից Աստղիկ Սարգսյանը, ինչն ինձ համար ավելի հաճելի է դարձնում այս գրքի ընթերցանությունը։