Պատերազմի ժամանակ Շուշիում անհետ կորած ոստիկանին գտնելու ուղղությամբ որոնողական նոր աշխատանքներ են նախատեսվում

Պատերազմի ժամանակ Շուշիում անհետ կորած ոստիկանին գտնելու ուղղությամբ որոնողական նոր աշխատանքներ են նախատեսվում

Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաք (ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ է) էր տեղափոխվել ոստիկանության Լոռու, Տավուշի և Շիրակի մարզային վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողներից կազմավորված 1-ին հրաձգային գունդը։ Նրանք տեղակայվել էին քաղաքի մշակույթի տանը, որտեղ լինելու ընթացքում այն ռմբակոծվել էր իսրայելական «Լոռա» հրթիռով, նախնական տվյալներով՝ զոհվել էր 22 ոստիկան։

«Հրապարակի» տեղեկություններով՝ մշակույթի տան ռմբահարումից հետո անհետ կորած ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Ղազարյանին հայտնաբերելու ուղղությամբ իրականացված որոնողական, փրկարարական աշխատանքները որևէ արդյունք չեն տվել։

Այս հարցով ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Ղազարյանը դիմել է ոչ թե շիրակցի իմքայլական պատգամավորներ Նազելի Բաղդասարյանին, Սոֆյա Հովսեփյանին, այլ Արթիկի փոխհամայնքապետ, ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ռուսաստանահայ գործարար Բորիս Ավագյանին, որը կապի մեջ է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ։ Իր հերթին Մուրադովը զբաղվում է բոլոր հայ ռազմագերիների վերադարձի խնդրով։

«Հրապարակի» հետ զրույցում Ավագյանն ասաց, որ իր բոլոր հնարավորությունները կօգտագործի, որ Ղազարյանին գտնելու ուղղությամբ Շուշիում կրկին որոնողական աշխատանքներ կազմակերպվեն և իրականացվեն։ «Ամեն ինչ կանեմ, որ Շուշիում մշակույթի տան շրջակայքում և ռմբահարված վայրում ևս մեկ անգամ որոնողական գործողություններ կատարվեն։ Եթե այնտեղ չէ, հնարավոր է, որ գերության մեջ է։ Եվ եթե այո, ապա կփորձենք ճշտել, թե որտեղ է գտնվում ու նրա անունը մտցնել գերիների պաշտոնական ցուցակների մեջ»,- ընդգծեց նա։

Նշենք նաև, որ իմ քայլական պատգամավորները գերիների, անհետ կորածներների խնդիրներով Արցախում հանդիպումներ են ունենում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, այն դեպքում երբ նա չի զբաղվում այս հարցերով և որպես կողմ չի ընկալվում, Ռուսաստանի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցություններում։ Էլ չենք խոսում իմքայլական վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասին, որոնք ինչ-որ թղթեր ստորագրելուց, սոցիալական ցանցերում ու պաշտոնական կայքերում լուսանկարներ, պաշտոնական հաղորդագրություններ հրապարակելուց, գրառումներ կատարելուց բացի այլ բան չեն էլ կարողանում անել ո՛չ վերոնշյալ հարցերով, ո՛չ էլ Հայաստանի պետական սահմանների անվտանգության ու սահմանազատումների հարցերով։