Հարկավոր է քայլեր ձեռնարկել՝ սահմանադրորեն ամրագրելով Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդությունը. Ազգային-ժողովրդավարական բևեռ

Հարկավոր է քայլեր ձեռնարկել՝  սահմանադրորեն ամրագրելով Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդությունը. Ազգային-ժողովրդավարական բևեռ

Սևրի պայմանագրի հարյուրամյակի առիթով

Ուղիղ 100 տարի առաջ՝ 1920 թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի խաղաղության պայմանագիրը մեր նորագույն պատմության կարևորագույն միջազգային փաստաթղթերից մեկն է:

Այն հնարավոր ամենաբարձր մակարդակով իրավականորեն ամրագրեց հայ ժողովրդի իրավունքները և նախանշեց ու հստակեցրեց Հայաստանի Հանրապետության սահմանը Թուրքիայի հետ: Սևրի պայմանագիրն ամփոփեց Հայկական հարցի՝ ավելի քան չորս տասնամյակ տևած ընթացքը և այն բարձրացրեց որակական նոր մակարդակի՝ օսմանահպատակ հայերի վիճակի հարցից այն դարձնելով Հայաստանի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների և նրա անվտանգության հարց:

Սևրի պայմանագիրը միջազգային իրավունքի օրինական և գործող միջպետական փաստաթուղթ է, քանի որ.

1) այն կնքել են ճանաչված պետությունների օրինական իշխանությունների լիազոր ներկայացուցիչները,

2) այն մասնակից պետությունների համար մնում է որպես կատարման ենթակա պարտադիր փաստաթուղթ (տե՛ս Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թ. Վիեննայի կոնվենցիա),

3) այն երբևէ չի չեղարկվել և ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո գործող փաստաթուղթ է. նրա վրա է խարսխված ներկայիս Միջին արևելքի ամբողջ քաղաքական ճարտարապետությունը,

4) այն Հայկական հարցի լուծման իրավական հիմքերից մեկն է՝ ի թիվս Ազգերի լիգայի զեկույց-առաջարկի (1920 թ. փետրվարի 24), Սան Ռեմոյի համաժողովի որոշումների (1920 թ. ապրիլի 23-26) և Վիլսոնի իրավարար վճռի (1920 թ. նոյեմբերի 22)։

Այսու, Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը, նկատի ունենալով, որ Հայկական հարցի լուծման կենսական անհրաժեշտությունը հայոց պետականության կայացման ու հայ ժողովրդի հարատևման համար և դրա համար անհրաժեշտ իրավական հիմքերի առկայությունը, ինչպես նաև Միջին արևելքին բնորոշ քաղաքական իրավիճակի հարափոփոխությունը, եզրակացնում է.

1. Հայկական հարցի լուծումն իրատեսական է և իրագործելի:

2. Հայկական հարցի լուծումն այլընտրանք չունի, հակառակ պարագայում Հայաստանի Հանրապետությունը մշտապես կախված է լինելու տարածաշրջանի քաղաքական իրավիճակից և (կամ) հարևան պետությունների բարեհաճությունից:

3. Հայկական հարցի լուծման համար Միջին արևելքում առաջացել է բարենպաստ իրավիճակ, ուստի հարկավոր է առանց հապաղելու համապատասխան քայլեր ձեռնարկել՝ այդ թվում սահմանադրորեն ամրագրելով Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդությունը:

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ