Միջուկային տերությունների միջև բախման վտանգը մեծանում է. Շոյգու

Միջուկային տերությունների միջև բախման վտանգը մեծանում է. Շոյգու

Միջազգային ասպարեզում խոշոր պետությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը սրվում է, միջուկային տերությունների միջև ուժային բախման ռիսկերը մեծանում են: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Աշխարհում աճող հակամարտությունների և սրված աշխարհաքաղաքական մրցակցության ֆոնին մեծանում են խոշոր պետությունների միջև ուժային բախման ռիսկերը, այդ թվում՝ միջուկային տերությունների մասնակցությամբ», - նշել է Շոյգուն։

Շոյգուի խոսքով` արևմտյան երկրները «գաղափարական և արժեքային ագրեսիա» են սանձազերծել Ռուսաստանի և Բելառուսի դեմ և փորձում են հարվածել ոչ միայն տնտեսական պատժամիջոցներով, այլև երկրներում ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը։

«Ներքին իրավիճակն ապակայունացնելու, հասարակական բարքերը խարխլելու և խորթ նեոլիբերալ գաղափարախոսություն պարտադրելու փորձերը շարունակվում են», - նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Միևնույն ժամանակ, Շոյգուն ընդգծել է, որ Արևմուտքի նման պահվածքը բացասաբար է ազդում ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի, այլև միջազգային իրավիճակի վրա:

«Ակտիվորեն արժեզրկվում են միջազգային կառույցները (Առևտրի համաշխարհային կազմակերպություն, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Քիմիական զենքի արգելման կազմակերպություն և այլն), դրանք գնալով դառնում են քաղաքական գործիքներ, – նշել է նա, - փորձեր են արվում խաթարելու միջազգային ջանքերը՝ կանխելու սպառազինությունների մրցավազքը տիեզերքում և տիեզերական տարածքը զինված դիմակայության նոր տիրույթի վերածելու հարցում»։

Շոյգուն նշել է, որ այդ գործողություններն անմիջականորեն ուղղված են իրենց երկրների թուլացմանը և թելադրված են ինքնիշխանությունից և զարգացման սեփական ուղին ազատորեն ընտրելու և ռազմավարական շահերն իրացնելու իրավունքից զրկելու ձգտմամբ։