Վարչապետին մտահոգում է Վահե Գրիգորյանի՝ աշխատանքի չգնալու և աշխատավարձ ստանալու հանգամանքը

Վարչապետին մտահոգում է Վահե Գրիգորյանի՝ աշխատանքի չգնալու և աշխատավարձ ստանալու հանգամանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր Կպանաում հրավիրված ասուլիսում հարց ուղղվեց ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի վերաբերյալ, թե իրեն չի՞ մտահոգում այն փաստը, որ Գրիգորյանն ստանում է բարձր աշխատավարձ, օգտվում է ծառայողական մեքենակից, բայց աշխատանքի չի գնում։

«Եթե էդպիսի երևույթ կա, իհարկե, մտահոգում է, չի կարող չմտահոգել»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ինքն առաջին անգամ է լսում այդ մասին և խոստացավ ավելի մանրամասն հետաքրքրվել։
Տարօրինակ է, որ վարչապետն այդ մասին, ինչպես ինքն է պնդում, առաջին անգամ է լսում։ Նա հիանալի տիրապետում է ՍԴ-ում տիրող իրավիճակին, ՍԴ-ի վերաբերյալ հանձնարարականներ է տալիս, սակայն Վահե Գրիգորյանի՝ աշխատանքի չգնալու մասին «առաջին անգամ է լսում»։

Բացի այդ, այդ մասին նաև բազմիցս մամուլում է գրվել, օրեր առաջ էլ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանն է եթերում բաց տեքստով հայտարարել, որ Վահե Գրիգորյանը աշխատանքի չի գնում, նիստերին չի մասնակցում, բայց աշխատավարձ  է ստանում։ Ստացվում է՝ կա՛մ վարչապետը չի հետևում մամուլի հրապարակումներին, կա՛մ նրան չեն զեկուցում կամ տեղեկացնում այդ մասին, կա՛մ ուղղակի նրա համար պետբյուջեի միջոցները նման տարբերակով մսխելը էական խնդիր չէ, դրա համար աչքաթող է արել այդ կարևոր նյուանսը։ Կամ էլ, հավանաբար, Վահե Գրիգորյանը վայելում է իշխանությունների սերն ու համերաշխությունը, որ նրա՝ աշխատանքի չգնալու և աշխատավարձ ստանալու փաստը իրենց աչքից «վրիպել» է։ Բայց էլի լավ է, որ գոնե տեղեկանալուց հետո հայտարարեց, որ մտահոգում է իրեն այդ հանգամանքը։ Փաստորեն։