Սամվել Մայրապետյանը չի եկել , որովհետև վատացել է․ՀՔԾ-ն ստուգում է

Սամվել Մայրապետյանը չի եկել , որովհետև վատացել է․ՀՔԾ-ն ստուգում է

«Մարտի 1»-ի գործով անցնող Սամվել Մայրապետյանը, ինչպես հայտնի է, բուժվում է Գերմանիայում։ Մայրապետյանին թույլ էր տրվել մեկնել երկրից հանրության շրջանում վստահություն վայելող երկու անձանց գրավոր պարտավորությամբ և մուծված գումարի երաշխավորությամբ: Յուրաքանչյուրը՝ 15 միլիոնի։ Նա պետք է Հայաստանում լիներ մինչև հոկտեմբերի կեսերը։ Սակայն, հայտնի է, որ  Մայրապետյանը  չի վերադարձել Հայաստան։ Նրա փաստաբան Կարեն Բատիկյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ ինչ-որ մի պահի Հայաստանում չի եղել, այդ ընթացքում երկրորդ փաստաբան է ներգրավվել և որ ինքը գիտի, որ վերջինս գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ․ «Ես տեղեկացված եմ, որ ինքը եկել է օդանավակայան, որ Հայաստան թռնի, վատացել է, էլի հետ է վերադարձել»,-հաղորդեց Բատիկյանը։

Բացի նրանից, Մայրապետյանի պաշտպանության գործում ներգրավվել է փաստաբան Լուսինե Սահակյանը, որն էլ ՀՔԾ-ին ներկայացրել է միջնորդությունն այն մասին, որ Գերմանիայի բժիշկները, որոնք նախատեսել էին դեկտեմբերին վիրահատություն, պետք է մինչև վիրահատոթյունը գտնվի բժիշկների հսկողության տակ։ Տեղեկացանք, որ վիրահատությունը նախատեսված է եղել  մինչև Մայրապետյանի վատանալը։  Մեզ հետ զրույցում Լուսինե Սահակյանն ասաց, որ պաշտպանյալից պետք է ճշտի՝ իրավասություն ունի՞ մանրամասներ փոխանցել Մայրապետյանի առողջականի հետ կապված։ Խոստացավ զանգահարել, ճշտել և ապա միայն մանրամասներ հայտնել կամ ոչ։ 

ՀՔԾ-ից էլ մեզ հայտնեցին, որ Մայրապետյանի փաստաբանների միջնորդությունը ստանալուց հետո ձեռնարկել են քայլեր՝ այդ միջնորդության մեջ հայտնվածի իսկությունը ճշտելու նպատակով։ Մեր տեղեկություններով՝ ուղարկել են մի շարք հարցումներ, այդ թվում այն բժշկական հաստատություն, որտեղ բուժվում է գործարարը։ Սակայն առայժմ հստակ արդյունքներ ՀՔԾ-ում չկան։ 

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանի դեմ ցուցմունք էր տվել Սիլվա Համբարձումյանը, ով նաև մամուլին հաղորդել էր, որ Մայրապետյանի հետ առերեսման ժամանակ նա ընդունել է, որ իրեն փոխանցվել է գումար։

Սա, հիշեցնենք, «Մարտի 1»-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին ավելացել է առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելու մասով։ Մեղադրանքի հիմքում ընկած է գործարար Սիլվա Համբարձումյանի այն հայտարարությունը, որ ինքը Քոչարյանի նախագահության ընթացքում 2 միլիոն դոլարի բանկային փոխանցում է կատարել գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դիվելոփերս» ընկերության հաշվեհամարին, որպեսզի վերջինս միջնորդի երկրի ղեկավարությանը չխոչնդոտել իր բիզնեսը։
 

ՀՔԾ-ից հայտնեցին՝ նախաքննությունը շարունակվում է։