Արամ Դովլաթյան. Գրավաճառը

Արամ Դովլաթյան. Գրավաճառը

Գրքերն ավելորդ բեռ էին դարձել տան համար: Մարտինը շտապեց ազատվել դրանցից, քանզի փեսան՝ Առաքելը, որը բանասիրականի դասախոս էր եւ տնփեսա էր եկել գրքերն իր հետ բերելով, արդեն մահացել էր: Քույրը՝ Սուսանը, դեմ չէր, որ Մարտինը դուրս հանի տնից ամուսնու գրքերը, բայց պայմանով միայն, որ չտանի հանձնի բակի թափառաշրջիկներին, որոնք վաճառելու են ու խմիչքի վրա վատնեն ամբողջ գումարը: Ծախել՝ ծախել է, հեն է՝ ավելի լավ է իրենք ծախեն ու փողն էլ իրենց պահեն: 

Մարտինը հոգնել էր պոլիկլինիկայում պահակություն անելուց, մեջը փող չկար: Մինչեւ կենսաթոշակի անցնելը մի նորմալ աշխատանք էր ուզում, որ ծերության տարիների համար փող կուտակի, բայց թարսի պես՝ գործ էլ չկար: Գրքերի վաճառքը լավ հնարավորություն էր. մի փոքր գումար հետ կգցի ու այդտեղից էլ կսկսի կապիտալ կուտակել։ Վերջիվերջո, Հռոմը մեկ օրում չի կառուցվել։

Պարկերի մեջ լցնելով մեծաքանակ գրքեր՝ Մարտինը տաքսիով բերում-հասցնում է դրանք Կենտրոն։ Կառավարության 3-րդ մասնաշենքի սկզբնամասում, քարաշեն հարթակի վրա մի երկարավուն կտոր է փռում, վրան շարում ապրանքը։ Նախապես որոշված էր, որ վաճառքի կետը գտնվելու է մետրոյի կայարանի հարեւանությամբ: Հատելով վաճառակետի տարածքը՝ անցուդարձող ուղեւորները կամա թե ակամա հայացք էին գցելու գրքերին: Եվ որքան մեծ էր Մարտինի ուրախությունը, երբ իմացավ, որ մի քանի քայլ այն կողմ Իսահակյանի անվան գրադարանն է: Դա նշանակում էր, որ վաճառականը գնորդներ կգտնի թե՛ մետրոյի ուղեւորների շրջանում, թե՛, առավել եւս՝ գրադարանի հաճախորդների։

«Ըհը՜, հեսա հիսուն հազարը դզեմ, վրեն էլ մի էդքան կավելցընեմ, տղեքի հետ մարդա հարուր կքցվենք, կթռնենք Պիծեռ, մի հատ օբյեկտ կբացենք, կաշխատցընենք»,- մտածում է Մարտինը։            

Ձեռքերը դրած գնդաձեւ փորին՝ նա հայացքով աջուձախ հետեւում է անցորդներին: Մի ակնոցավոր երիտասարդ է մոտենում եւ աչքի անցկացնում գրքերը, ապա վերցնելով Շիրազի «Հայոց դանթեականը»՝ թերթում էջերը:

- Իրեք մանեթով տար,- ինքնավստահ հայտարարում է Մարտինը: Բանի տեղ չդնելով նրա ասածը՝ տղան տեղն է դնում գիրքն ու հեռանում: «Արա, բայց էդ համբալների հետ չարժի գործ բռնել,- շարունակում է մտորել Մարտինը,- բառադի են, հաստատ՝ տակ ենք տալու։ Ավելի լավ ա՝ իմ մոտի էղած հարուրի վրա մի էրկու հարուր էլ ավելցընեմ, թռնեմ Լոս, մի քանի տարի տաքսավատ անեմ, փող հավքեմ, տուն առնեմ, մի քիչ ապրեմ, հետո վարձով տամ: Մնում ա մենակ էդ անտեր վիզայի հարցը լուծեմ...»: 

Նրբաճաշակ հագնված եւ խորաթափանց հայացքով մի տարեց կին կանգ է առնում ու զննում Բալզակի հատորները: Քիչ անց ուշադրությունը սեւեռում է Սթայնբեքի հնամաշ հատորի վրա: Այնուհետեւ աչքերը հառում է իրար վրա դարսված Շոլոխովի, Դեմիրճյանի, Վոլտերի, Սվիֆթի, Լերմոնտովի, Մուրացանի, Հեմինգուեյի գրքերին, ինչպես նաեւ՝ դրանց վերեւում գտնվող Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարանին:

- Եթե ուզածդ չես գտնում, քուրս, պտի ասես՝ ինչ ա պետք՝ տնից բերեմ,- մոտենալով կնոջը՝ ասում է Մարտինը:

- Ոչինչ հարկավոր չէ, պարզապես նայում եմ:

Մարտինը, այդ պատասխանից դժգոհ, քթի տակ մրթմրթում է: Կարծելով, թե ինչ-որ կերպ վիրավորել է վաճառողին՝ կինը թողնում գնում է:

«Տունն արաբներին վարձով կտամ, դրանք հարուստ են,- Մարտինը չի դադարում մտածել ապագայի մասին։

- Ամեն ամիս վարձը կբարձրացնեմ, հետո, հենց ջոգեմ՝ էլ չեն կարում տակից դուս գան, ռադ կանեմ դրանց, տունը թանգով կծախեմ: Հետո կսպասեմ՝ դոլարի կուրսը բարձրանա, հետ կգամ Հայաստան ու մոտիս էղած փողով կենտրոնում մի հատ ռեստորան կբացեմ: Էն մեր շենքի տակի անտեր թողած մթերայինն էլ կառնեմ, կտամ Սուսանին՝ կաշխատցընի, մեկ ա՝ տունը պարապ նստած ա: Մի էրկու տարի հետո էլ 30 միլիոն դրամ վարկ կվերցնեմ ու քաղաքից դուս մի 6-7 հեկտար հողատարածք կառնեմ: Ընդե միրգ ա, բանջարեղեն ա, կաճացնեմ ու կարտահանեմ Ռուսաստան: Թարսի պես ռըսների հետ առաջվա նման լավ չենք, բայց ոչինչ, մի բան կմտածեք...»։                                                  

Հենց այս մտորումների ժամանակ ռուս ամուսիններ են այդտեղով անցնելիս լինում: Նկատելով ռուսալեզու գրքերը՝ նրանք մոտենում են եւ հետաքրքրվում եղած-չեղածով: Մինչ տղամարդը վերցնում է գրքերից մեկն ու թերթում, Մարտինը մտածում է. «Ըհը՜, էս էլ մեր ռըսները, հեսա սրանց մի չորս գիրք նաղդեմ, էսօրվա տասը հազարը հանեմ»:

Նա ժպտադեմ մոտենում է իր գնորդներին եւ առաջին իսկ պատահած հաստափոր ռուսալեզու գիրքը վերցնում ու դնում է զույգի առջեւ: Տղամարդը, որ տարված էր իրեն հետաքրքրող գրքով, ուշադրություն չի դարձնում Մարտինի դեմ տված հատորին, իսկ կինը թռուցիկ հայացք է նետում միայն ու քաղաքավարությունից դրդված՝ ժպտում:

«Իմ ռեստորանի ֆիլիալները կբացեմ քաղաքից դուս ու տենց մի հատ մեծ ռեստորանային ցանց կունենամ,- Մարտինը կրկին վերադառնում է ապագա:- Ստացած եկամտով էլ սեփական տուն կառնեմ, մերոնց կտեղավորեմ: Եթե տակը մի քիչ փող մնաց, բարեգործություն կանեմ. ընդե մանկապարտեզ ա, բան ա... կսարքեմ: Եթե լավ անուն հանեցի՝ մի հատ կուսակցություն էլ կբացեմ»:  

Արդեն լիարժեք ընկղմվելով երեւակայության գիրկը՝ Մարտինը պատկերացնում է իրեն պատգամավորի դերում: Նրա կուսակցությունը մտնում է Ազգային ժողով եւ կոալիցիա կազմում իշխանական կուսակցության հետ: Հենց քաղաքական դաշտում նա գտնում է իր ապագա կնոջը, որին սպասել էր երկար տարիներ: Հանկարծ մի նոր պատերազմ է բռնկվում: Մարտինը պատրաստվում է որպես կամավոր մեկնել առաջնագիծ: Կուսակիցներն ու հարազատներն ամեն կերպ փորձում են ետ պահել նրան այդ մտքից, բայց․․․ ապարդյուն. Մարտինն արդեն կամավորագրվել էր: Ահա, նա գտնվում է ռազմաճակատում, թուրքի դեմ-դիմաց: Ընդամենը մեկ դիպուկ կրակոցով նա գետնին է տապալում թուրքին: Առաջ գալով՝ տեսնում է, որ թուրքը դեռ չի մահացել, այլ հրազենային վերքի պատճառած ցավից գալարվում է: 

Մարտինը ոտքերով հարվածներ է հասցնում ընկածին, ապա հանում դանակը, որպեսզի վճռական հարվածը հասցնի արնաքամ լինող թշնամուն: Նա պատրաստվում է թուրքի սիրտը մխրճել դանակը, բայց, լինելով ոգեւորության կիզակետում, կորցնում է հավասարակշռությունն ու բախվում ռուս կնոջը: Երկուսով ընկնում են գետնին: Ամուսինը, հայհոյանքներ տեղալով, վեր է քաշում Մարտինին կնոջ վրայից: Նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվում, որի ժամանակ գրքերը վերածվում են միմյանց հարվածելու զենքերի: Մոտակայքում գտնվող պարեկները վրա են հասնում ու բաժանում նրանց: Երբ պարզ է դառնում իրողությունը, Մարտինը ձերբակալվում է եւ տարվում ոստիկանական բաժանմունք: Պարեկներից մեկը հավաքում է բոլոր գրքերն ու լցնում ավտոմեքենայի մեջ: Ռուս ամուսինները հեռանում են եւ որոշում հաջորդ օրն իսկ վերադառնալ հայրենիք: Ավելի ուշ Մարտինի լքված վաճառակետին է մոտենում հավաքարարը եւ տարածքն ավլելիս նկատում պատառոտված մի գիրք: Այն նետվում է աղբարկղը:

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ