Մարդիկ վերաբերմունք արտահայտեցին, եւ դա քաղաքական բառապաշարով կոչվում է՝ բոյկոտ

Մարդիկ վերաբերմունք արտահայտեցին, եւ դա քաղաքական բառապաշարով կոչվում է՝ բոյկոտ

Լեզվաբան, ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանի գնահատմամբ՝ Հայաստանի համար այս բարդագույն իրավիճակում քաղաքապետի ընտրություններին մասնակցեց խայտառակ փոքր քանակի բնակչություն․ «Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ այս ընտրություններին անհիմն կերպով, մանիպուլյատիվ նպատակներով թույլ տվեցին ընտրել օտարազգիներին՝ հնդիկ, ռուս թե բելառուս, դա կապ չունի, կարեւորը՝ մարդկանց, որոնք հայերեն տառերն էլ չգիտեին եւ անգամ ԿԸՀ բողոքել էին, որ չեն կարողանում քվեաթերթիկը կարդալ, ապա կարելի է ասել, որ իրականում ընտրություններին մասնակցել է Երեւանի բնակչության ոչ թե 28, այլ՝ 20 տոկոսը։ Այդ 20 տոկոսն էլ, ըստ ամենայնի, եթե վերլուծում ես, իշխանության հետ այս կամ այն կերպ փոխկապակցված անձերն էին, որոնք շահագրգիռ էին իշխանության վերարտադրության հարցով եւ ոչ գաղափարական նպատակներով։ Փաստորեն, մասնակցության այդ թիվը նշանակում է, որ ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը չունեն վստահության բավարար մակարդակ հանրության մեջ։ Եվ մարդիկ վերաբերմունք արտահայտեցին, եւ այդ վերաբերմունքը քաղաքական բառապաշարով կոչվում է բոյկոտ, եւ բոյկոտողների ջախջախիչ մեծամասնությունն ընդդիմադիր ընտրախավն է ներկայացնում»։

Նարինե Դիլբարյանն անդրադառնում է ԿԸՀ նախագահի գնահատականին․ «Վահագն Հովակիմյանը հայտարարեց, թե կայացած ժողովրդավարական երկրներում բնակչությանը չեն հուզում ընտրությունները, եւ նրանք մասնակցության ցածր տոկոս են ապահովում։ Պետք է տխրեցնեմ Հովակիմյանին՝ բոլորովին ժողովրդավարական երկիր չէ Հայաստանը։ Ավելին՝ իմ շրջապատում ես շատ ջանացի մարդկանց քաղաքացիական դիրքորոշման բերել եւ ընտրության ուղարկել, սակայն ջախջախիչ մեծամասնությունը դեմ է ներկա իշխանական ուղեգծին եւ ներկայիս վարչախմբին, բայց պետք է նաեւ արձանագրենք, որ հայ հասարակությունը վաղուց արդեն իր դառը փորձի հիման վրա հասկացել է, որ ընտրությունները մեզանում այն գործիքը չեն, որով կարելի է հասնել իշխանության փոփոխման կամ համակարգային նոր պետության կառուցման»։     

Ինչ վերաբերում է 14 քաղաքական ուժերին ու նրանց առաջարկած օրակարգին, ապա․ «Իրականում այդքան մարդ կար, բայց մարդ չկար ընտրելու, որովհետեւ մեզ առաջարկում էին քվազի ուժեր, եւ ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ իրենց ձայները տալու են իշխանությանը, եւ այդ ուժերի անունները հայտնի են։ Բացի դրանից՝ եկեք վերլուծենք ընտրարշավը եւ արձանագրենք, որ ընդդիմադիր համարվող եւ Արցախի հարցի լուծման ջատագով ուժերը շատ ագրեսիվ վարքագիծ էին դրսեւորում եւ համագործակցոթյան ոչ մի քայլեր չէին կատարում միմյանց հետ։ Դա էլ հանգեցրեց նրան, որ մենք չունեցանք միասնական թեկնածու։ Փաստորեն, անձնական հավակնությունները կամ քաղաքական շահերն այնքան գերակայեցին, որ ընդդիմադիր շատ ուժերի ընտրարշավում հարձակումներ կային ոչ միայն գործող իշխանության դեմ, այլ նաեւ՝ մյուս ընդդիմադիր ուժերի, եւ հաճախ այդ քննադատությունը գոտկատեղից ցածր էր, կարմիր գծեր անցնող, իսկ դա ընդհանրապես ընտրողին խիստ վախեցնում է։ Հայ ընտրողն արդեն հոգնել է այդ հախուռն չարախոսությունից, ատելության խոսքից եւ բռնության կոչերից, նա ուզում է կառուցողական, անվտանգ պետության եւ հայկական օրակարգի սթափ ու ողջամիտ սահմանում։ Ուստի Նիկոլ Փաշինյանի այդ խոսքը՝ ասֆալտ ուտեցնելու, բորդյուր լիզելու, համահունչ էր նաեւ ընդդիմադիր 1-2 ուժի ամբողջ ընտրարշավին, բայց նման ընտրարշավը կարող է ոգեւորել 10-12 տոկոս մարդկանց, մնացած բոլորը դրանից հիասթափվում են, հուսահատվում եւ հասկանում, որ սկսվել է միմյանց սեւացնելու եւ ոչ թե քարերը հավաքելու ժամանակը։ Բայց ընտրողը հույս ուներ, որ վերջապես այդքան քարեր թափելուց հետո եկել է քարերը հավաքելու ժամանակը, մինչդեռ ոչ ոք նման վարքագիծ չդրսեւորեց, եւ դրա համար ոչ մի ուժ չի հավաքել այնքան ձայն, որ կարողանա հեշտությամբ կազմավորել ավագանի եւ ունենալ քաղաքապետ։ Ընդդիմությունն այդպես եռանդագին քննադատելով իշխանությանը՝ բայց զարմանալիորեն հետեւեց նրանց օրինակին, եւ դեստրուկտիվ քարոզարշավը վարակեց նաեւ նրանց։ Իհարկե, գուցե թեմաները տարբեր են, բայց ոճը, խոսքերը, հռետորաբանությունը նույնն էին, եւ ընտրողները դրանից հուսահատվեցին»։

ՔՊ-ի ստացած ձայները Դիլբարյանը որակում է որպես մերժում եւ անվստահություն ժողովրդի կողմից․ «Սա իսկական անվստահության ձայն էր, ընդ որում՝ եկեք նշենք, որ Նիկոլ Փաշինյանին այս ընտրություններն անհրաժեշտ էին օդի ու ջրի պես, որովհետեւ ինքը խորհրդարանական ընտրություններում հաղթել էր ուրիշ կարգախոսներով, ուրիշ քաղաքական ուղեգծով, իսկ հետո լրիվ խախտեց իր նախընտրական խոստումները եւ իր կառավարության ծրագիրը, դրա համար ինքը պետք է վստահություն ստանար, որպեսզի խաղաղության այդ զարհուրելի պայմանագիրը, որն իրականում կապիտուլյացիայի պայմանագիր է, ստորագրի։ Հիմա տեղի է ունեցել մեկ շատ դրական փաստ՝ մասնակցության այս տոկոսը ցույց է տալիս, որ միայն իր հետ սերտ փոխկապակցված անձինք են ձայն տվել իր նոր օրակարգին, եւ ինքը չունի մանդատ՝ գնալու խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակի ստորագրմանը։ Եվ խնդիրը բոլորովին այն չէ, որ իրենք կարող են փորձել «Հանրապետության» հետ կոալիցիա կազմել, այս կոալիցիան բոլորովին այն վստահությունը չէ, որն ակնկալում էր Նիկոլ Փաշինյանը։ Բացի դրանից, մենք տեսանք նաեւ, որ իրենք չունեն ներուժ, իսկ դրա պատճառը գաղափարական հակասություններն են՝ վարչական ռեսուրսին իրենց կողմը գրավելու հարցում»։