Խաղաղությունը զոհերով, վիրավորներով ու գերիներով չի լինում

Խաղաղությունը զոհերով, վիրավորներով ու գերիներով չի լինում

2020 թվականի աշնանային պատերազմի խայտառակ պարտությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի կողմից տրվեց «խաղաղ դարաշրջանի» մեկնարկը: Ինչպես ցույց տվեց անցած ավելի քան մեկ տարին, կապիտուլյացիոն զինադադարը շարունակվեց նույնքան կապիտուլյացիոն «խաղաղ դարաշրջանով», այն է՝ տարածքային կորուստներով: Դրա հետ մեկտեղ պատերազմի զոհերին ժամանակ առ ժամանակ ավելանում են «խաղաղ դարաշրջանի» զոհերը, վիրավորներն ու գերիները: Նախորդ օրվա հերթական սադրանքը՝ Գեղարքունիքի մարզի մեր սահմանային դիրքերի գնդակոծումն առաջ բերեց երեք զինվորի մահ:

Չգիտես ինչից զգուշանալով (նիկոլական վարչակարգը պատասխան տալ չի կարող), կամ ցանկանալով մեղքը կրկին բարդել հայկական կողմի վրա՝ Ադրբեջանի ՊՆ ադրբեջանական բանակի սահմանային ստորաբաժանումները բերել է «գործողության ուժեղացված ռեժիմի»: Չնայած կարող է պատահել, որ «Ադրբեջանի ինքնիշխան տարածքները և երկրի սահմանների անվտանգությունը ուժեղացված ռեժիմով պաշտպանող» ադրբեջանական բանակն անցնի լայնածավալ հարձակման: Ինչին կարող է նպաստել այն հանգամանքը, որ ադրբեջանական ստորաբաժանումները վաղուց են հատել ՀՀ սահմանը: Այսինքն՝ հաղթական պատերազմից հետո Իլհամի մոտ վերացել են ՀՀ սահմանը հատելու հոգեբանական արգելակները: 2020 թվականի հաղթանակից գլուխը կորցրած Իլհամը կարող է դիմել նման արկածախնդրության՝ հաշվի առնելով  «պարտությամբ հպարտացողի» պարտվողական խաղաղասիրությունը: Ինչպես նաև Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության գլուխը խառը լինելը ղազախստանյան իրադարձությունների առումով:

Լավ, Իլհամի առումով՝ ինչ էլ նա ձեռնարկի, ամեն ինչ պարզ է: Նա թուրք է, այսինքն՝ թշնամի, և օգտագործում է մեր ժամանակավոր թուլությունը՝ պայմանավորված 2018-ի ապրիլի սխալ վարքագծով: Ընդ որում, համարյա բոլորի՝ նրանց, ովքեր ակտիվորեն փողոց էին փակում, ովքեր պասիվ ողջունում էին Նիկոլի հաղթանակը, ովքեր առանց դիմադրության իշխանությունը զիջեցին Նիկոլին: Բայց չէ որ անցյալ տարվա ընտրական քարոզարշավին Նիկոլը խոստացել է խաղաղություն: Իսկ խաղաղությունը նշանակում է, որ 2021 թ.-ի հունիսի 20-ից այս կողմ չպիտի զոհվեր ոչ մի զինվոր: Իհարկե, խորհրդարանական կամ գործադիր ուսապարկերը կարող են ասել, որ Նիկոլը դեռևս չի կարողանում հասնել դրա հաստատմանը: Եվ նույնիսկ մեղադրել ընդդիմությանը դրան խանգարելու մեջ: Բայց որքան ես հասկանում եմ, արևելքից մեր զինվորների վրա կրակողը և նրանց սպանողը ոչ թե ընդդիմություն է, այլ ադրբեջանական բանակի զինվորները: Որոնց նման բան անելու հրաման է տալիս իրենց գլխավոր հրամանատար Իլհամը:

Իսկ Իլհամն էլ հենց այն անձն է, ում հետ ցանկանում է խաղաղություն հաստատել Նիկոլը: Ստացվում է, որ Նիկոլը չէր պատկերացնում, որ զոհերով, վիրավորներով ու գերիներով կարող էր լինել խաղաղություն հաստատելու գործընթացը: Կամ էլ պատկերացնում էր, սակայն չէր կիսվում «սիրելի ժողովրդի» հետ: Երկու դեպքում էլ ինքը բարոյական իրավունք չունի զբաղեցնելու ՀՀ վարչապետի պաշտոնը: 688761 ընտրող ձայն է տվել Նիկոլին (ձևականորեն նրա կուսակցությանը), որպեսզի այլևս չզոհվեն, չվիրավորվեն կամ գերի չտարվեն իրենց որդիները, հայրերը կամ եղբայրները: Սա էր և ոչ թե նախկինների դեմ կռիվը շարունակելն էր 2021 թ.-ի հունիսի 20-ի Փաշինյան Նիկոլի ստացած մանդատի իմաստը: Նախկինների դեմ կռիվ տալով խաղաղության հարց չի լուծվում, այն լուծվում է սեփական «ինքնիշխան տարածքները և երկրի սահմանների անվտանգությունը ուժեղացված ռեժիմով պաշտպանելով»: Ինչպես նաև Ադրբեջանի հետ արժանապատիվ խաղաղություն հաստատելու վերաբերյալ բանակցելով: 

Կարծում եմ, որ այս հարցը պետք է դրվի հանրաքվեի, և այն պետք է կազմակերպվի ընդդիմության կողմից: Կարծում եմ, որ զոհերով, վիրավորներով ու գերիներով «խաղաղ դարաշրջանի» մեկնարկ չի լինում: Զոհերը ու գերիները պատերազմական իրավիճակի դրսևորման արդյունք են: Իսկ ես չեմ լսել և ոչ մեկն էլ չի լսել, որ Նիկոլը խոստովաներ, որ «խաղաղ դարաշրջան» է հաստատելու նոր զոհերով, վիրավորներով ու գերիներով: Չենք լսել, որովհետև չի ասել, իսկ չի ասել, քանի որ եթե նման բան ասեր, ապա նա կստանար ոչ թե 688761 ձայն, այլ կլորացված 689 ձայն: Ենթադրում եմ, որ այդքան է կազմում այն ընտրողների քանակը, ովքեր պաշտոնի ու ունեցվածքի տեր դարձան Նիկոլի վարչապետության շնորհիվ:

Հ.Գ. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Փաստորեն, ստացվում է, որ ոչ միայն Իլհամն է ուժ կիրառում, այլև պարտված ու խաղաղասեր Նիկոլը: