Հիվանդասենյակ թիվ 6 կամ՝ persona non grata հայկական ձեւով

Հիվանդասենյակ թիվ 6 կամ՝ persona non grata հայկական ձեւով

Միտք եմ անում, միտք, ու չեմ հասկանում, թե ինչ հնարով կարելի է այս իշխանությունից ազատվել… Ձթի պես կպել են աթոռներին՝ պոկ չեն գալիս: Փողոցով փորձեցինք՝ չստացվեց, ընտրություն արեցինք՝ էլի չստացվեց: Ուրիշ հնար գիտե՞ք իշխանություններից ազատվելու, հուշեք, գուցե քննարկենք, հասկանանք: Նախապես ասեմ, որ գործող իշխանության վրա դրսից տղա բերելու տարբերակը չի քննարկվում: Չի կարելի նման բան անել, որովհետեւ այդ տղան է հետո դառնում քո «գործող» իշխանությունը, ինչն անթույլատրելի է:

Կարծում եմ՝ ինձ նման շատերն են այս օրերին խորհում Հայաստանում իշխանափոխության հարցի շուրջ: Ի վերջո, ամենադժվար հարցի պատասխանը՝ պե՞տք է, արդյոք, իշխանափոխություն անել Հայաստանում, պարզ է գրեթե բոլորին: Այո, իշխանափոխություն պետք է: Ինչպե՞ս անել դա՝ սա արդեն երկրորդ կարեւոր հարցն է, որի պատասխանը չունենք, եթե չհաշվենք իշխանություններին ինչ-որ կերպ համոզելու, տատանվող պատգամավորների ու նախարարների վրա հենվելու, միջին եւ ստորին չինովնիկությանը բզբզելու, ժեխին հոգեդարձ անելու կոչերը: Ու դեռ հայտնի էլ չէ, թե այս մեթոդներով տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ինչ իշխանություն կունենանք, եւ արդյոք այդ իշխանությունը չի՞ լինի այսօրվա իշխանության առավել վատ տարբերակը: Ենթադրենք՝ Նիկոլին համոզեցինք հեռանալ: Բա որ նա էլ իշխանության բերի Աշոտիկի ընկերներից մեկին ու գնա, մենք ի՞նչ ենք անելու: Պաշտոնյաներից ու ժեխից էլ օգուտ չկա: Առաջինները համահարթեցված «նիկոլներ» են, երկրորդը՝ անհասկանալի մի բիոզանգված, որ ի հայտ է եկել Նիկոլով եւ կվերանա միայն Նիկոլի հետ:

Ֆեյսբուքյան օգտատերերի մի ահռելի զանգված առաջարկում է խփել Նիկոլին՝ ճակատից, գլխից, կրծքից, մեջքից… միայն թե նա այլեւս վարչապետ չլինի: Ես ասում եմ՝ դա հիգիենիկ չէ եւ բացի այդ՝ կարող է վատ նախադեպ դառնալ հետագա վարչապետներից ազատվելու պրոցեսներում: Ինչպե՞ս եք դրանից հետո կասեցնելու այն վայնասունը, որ, ամենայն հավանականությամբ, կբարձրացնեն մնացած «նիկոլներն» ու ժեխը: Հապա պատկերացրեք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմքը՝ այդ լուրը ստանալուց հետո: Ինչ է, մենք ուզում ենք Նիկոլի՞ց ազատվել, թե՞ Արմեն Սարգսյանի նման հավասարակշռված պաշտոնյայից: Մի խոսքով՝ Նիկոլին խփելուն ես կատեգորիկ դեմ եմ: Մեզ միայն Էրդողանն էր պակաս, որ այդ լուրից կատաղած՝ Գյումրի-Երեւան մայրուղին փակի՝ ոնց թե դու Նիկոլին խփես, դե խփելը դու հիմի տես… Մի խոսքով՝ Նիկոլին չխփելը մի այիբ է, խփելը՝ երկու:

Եվ այսպես երկար-բարակ միտք եմ անում, միտք, ու չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այս իշխանությունից ազատվել: Ժամանակ էլ չկա, ախր, որ շարունակեմ մտածել: Պատահում է՝ նույնիսկ ինքս ինձ հարցնում եմ՝ վաղը որ Հայաստան չլինի, Նիկոլի լինել-չլինելը քեզ ի՞նչ: Մեղք է, ի վերջո, չորս երեխա ունի, թող գնա մի տեղ շարքային սփյուռքահայ դառնա, ու այս պատմությունը վերջանա որպես մղձավանջային երազ: Իբր ինչո՞ւ ես տանջվում, ելքեր որոնում, եթե գիտես, որ ամենավերջում թուլանալն ու հաճույք ստանալը կա: Ժեխը, ինչ է, չի՞ կարող առանց Հայաստան գոյատեւել: Կգոյատեւի, միայն թե Նիկոլը սաղ լինի եւ ապահով տեղ: Համահարթեցված «նիկոլնե՞րը» չեն կարող համակերպվել Հայաստանի կորստյան հետ: Չկասկածեք, մի բան էլ ուրախ կլինեն իրենց կերած ք…րի համար պատասխան չտալու այդ պատեհ առիթի դեպքում: Եվ հարցն այստեղ մի փոքր ավելի է բարդանում՝ ինչպե՞ս հեռացնել այս իշխանությանը, որ նա իր հետ գերեզման չտանի Հայաստանը:

Ֆեյսբուքը շարունակում է աղմկել՝ խփել դրան ճակատից, գլխից, թիկունքից, փորից, որտեղից պատահի, միայն թե ազատվենք: Ազատվե՞նք՝ համաձայն եմ, բայց խփել՝ չէ: Մեր ժողովուրդը իմաստուն է եւ պատահական չի ասել՝ շունը սատկացնողին են քարշ տալ տալիս: Առանց այն էլ մեր հեղափոխությունն աշխարհում որակել են «հայկական»: Ինչ է, հիմա էլ ուզում եք մեր ժողովրդավարությո՞ւնը «հայկական» որակեն ու ամեն անգամ աչքներս կոխեն Նիկոլի հետ կապված այդ տխուր փաստը:

Բայց ասեմ՝ այնպես էլ չէ, որ երկար-բարակ մտածելուց հետո ոչ մի արդյունքի չեմ հասել: Դա չի կարելի ռազմավարական արդյունք համարել, բայց մարտավարության տեսանկյունից, կարծում եմ, անթերի է: Այգուց խնձոր ուտելու համար պահակին ծեծելը ո՞րն է, չէ՞: Կա՞ այնպիսի պահակ, որին հոգեբուժարանում փակելը կամ տվյալ այգու տարածքում persona non grata հայտարարելը մեծ դժվարությունների հետ է կապված: Բա էլ ինչո՞ւ ենք ձեռքներս ծալած նստել: Բժիշկների միջազգային սիմպոզիում հրավիրեք եւ փորձեք հասկանալ, թե ինչու է Հայաստանի պահակը թուրքական տեղանուններ օգտագործում, թե այդ ի՜նչ հալյուցինացիաներ ունի Ալիեւի եւ Էրդողանի հետ կապված: Հրավիրեք աշխարհի խոշորագույն քաղաքագետներին, թող գնահատական տան այն պահակին, որի գործողություններն ուղղված են սեփական երկրի եւ ժողովրդի անվտանգության խաթարմանը: Ի՞նչ կանեիք ԱՄՆ դեսպանին, եթե նա մասնակցեր Հայաստանում ադրբեջանական КПП-ի բացման արարողությանը: Ենթադրում եմ՝ տիկնոջը կհայտարարեիք persona non grata եւ կվտարեիք Հայաստանից, այնպես չէ՞: Իսկ ինչո՞ւ նույնը չանել Փաշինյանի եւ նրա խունտայի հետ, եթե ադրբեջանական КПП-ի բացումը ողջունողն ու քաջալերողն իրենք են: Առջեւում սեպտեմբերի 21-ն է՝ հրաշալի առիթ 44-օրյա պատերազմի զոհերի արյան հոտից հարբած հոգեկան հիվանդներին հաշված րոպեներում նույնականացնելու եւ ոչ այնքան հեռավոր «առողջարաններ» տեղափոխելու համար:

Կհարցնեք՝ բա զանգն ո՞վ կախ անի: Իսկ, ինչ է, մեր նպատակը Նիկոլի գալն իմանա՞լն է, որ մի հատ էլ զանգ կախ անենք: Նա արդեն ամենուր է եւ ծրագրում է մնալ մինչեւ 2050 թվականը: Եվ դա պատահական տարեթիվ չէ: Դա Հայաստանի վերջին ժամկետն է, իհարկե՝ եթե մինչ այդ Նիկոլը չկարողանա կործանել ամեն ինչ: