Դու Ջոն Լենոնը չես

Դու Ջոն Լենոնը չես

Ես կողմ եմ ամեն ինչում կրեատիվ մոտեցումներին, բայց դեմ եմ պետական պաշտոնն ու կարգավիճակը չարաշահելուն, այդ պաշտոնը զավեշտի ու կրկեսի վերածելուն: Երբ Նիկոլ Փաշինյանը 18-ից հետո լայվեր ու սելֆիներ էր անում, շատերն էին նրան քննադատում, բայց դա դեռ կարելի էր հանդուրժել, իսկ երբ որոշեց իր կնոջ հետ զրույցներ սկսել եւ դրանց անունը դրեց «պոդքաստ-1», «պոդքաստ-2»... հասկանալի դարձավ, որ հիվանդությունն անհույս խորացել է: Գոնե եթե պոդքաստ էր սիրտն ուզում` հավաքեր գրագետ, իմաստուն, ասելիք ունեցող մարդկանց, նրանց հետ զրուցեր: Պարզ է, որ մարդն այլեւս իսպառ կորցրել է իրականության զգացումը եւ կարծում է, թե իրեն ամեն ինչ թույլատրելի է:

Պետության ղեկավարի պաշտոնի լրջությունն ու պատասխանատվությունն այդպես էլ չգիտակցած անձին թվում է, թե դա բլոգերի, տիկտոկերի, խմբագրի, ընդդիմադիրի, կլոունի կարգավիճակների միքս է, եւ ինքը կարող է ողջ օրը լայքեր ու դիտումներ հաշվել, եթերում «հավայի զրույցներ» վարել, մեծ հաշվով` թքած ունենալով իրեն լսող հանրության կարծիքի վրա, որը հիմնականում բացասական է: Եթե Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Ջոն Լենոնն ու Յոկո Օնոն լինեին, կարող էին անգամ «Անկողնուց զրույցների» շարք անել, որոնք ժամանակին արել է աշխարհահռչակ զույգը, բայց այդ զրույցներն էլ բովանդակություն ունեին` ընդդեմ պատերազմի, հանուն խաղաղության:

Իսկ ի՞նչ մեսիջ է փոխանցում իշխանական զույգի պոդքաստը, բացի հայկական պետությունը վարկաբեկելուց, մեր իրավիճակի ողջ ողբերգականությունը բացահայտելուց: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ որեւէ երկրի ղեկավար նման պոդքաստներ աներ եւ մեկ շաբաթից ավելի մնար իշխանության գլխին: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են մտածում Հայաստանի մասին այլ պետությունների ղեկավարները: