Այնուամենայնիվ, ինչու՞․․․

Այնուամենայնիվ, ինչու՞․․․

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Արցախի հերոս, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարտվեց «ազգակործան պատուհաս» Նիկոլին: Համակիրների հետ հետընտրական առաջին հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձավ պարտության պատճառներին՝ առաջին տեղը դնելով սոցիալական բեւեռվածությունը: Երկրորդը նախկինների վերադարձի վախի շահարկումն էր Նիկոլի կողմից: Երրորդը՝ հատկապես գյուղական բնակավայրերում ոչ ֆորմալ լիդերների ինստիտուտի վերացումը 2018-ին: Եվ չորրորդը՝ տեղեկատվական մեծ ճնշումը շարքային քաղաքացիների վրա: Քոչարյանը չտվեց «տեղեկատվական տեռոր» ձեւակերպումը, բայց խոսքը հենց դրա մասին էր, չնայած այդ հարցում իշխանությունը մեղադրում էր նախկիններին: Եվ ինչպես բազմաթիվ հարցերում՝ այս մեկը եւս սկզբում «թավիշի», իսկ հետո «պողպատի» հեղափոխականները ներկայացնում էին գլխիվայր շրջված, ինչը եւ բացահայտվեց քարոզարշավի ընթացքում:

Ինչեւէ, անցնենք պարտության պատճառներին՝ ինչպես ես եմ դրանք դիտարկում: Նիկոլը շահել է բոլոր բնակավայրերում (եթե մանրերը հաշվի չառնենք), իսկ Երեւանում պարտություն է կրել միայն Կենտրոն եւ Արաբկիր թաղամասերում: Մամուլն անմիջապես արձագանքեց դրան՝ գրելով, թե Քոչարյանը հաղթանակեց երկու հարուստ թաղամասում՝ բնականաբար, պարտվելով աղքատ թաղամասերում: Հետո այդ թեզը քոչարյանամերձ շրջապատում շրջանառվեց որպես պարտության հիմնական պատճառ:

Անկեղծ ասած, ես սկզբում չհասկացա, իսկ հետո զարմացա այդ հաստատական դիրքորոշման առումով: Նախ, ոչ մեկը չէր հաշվել, թե որքան հարուստ կամ աղքատ ընտրող է բնակվում հենց վերոնշյալ երկու թաղամասերում: Եկեք չխաբվենք ժամանակակից բարձրահարկերի առատությունից՝ այն էլ հիմնականում Կենտրոնում գտնվող: Քոչարյանի պարտության հիմնական հանգամանքը ոչ թե ունեցվածքային ցենզն էր, այլ գիտակցական մակարդակը: Այն, ինչ Քոչարյանի կողմից ձեւակերպվել էր որպես նախկինների վերադարձի նկատմամբ վախ: Ինչը կարող է անմիջական կապի մեջ գտնվել ունեցվածքի հետ, բայց կարող է եւ չգտնվել: Համենայնդեպս, այդ երկուսի՝ իրար նկատմամբ կապի մեջ գտնվելու կամ չգտնվելու հարաբերակցությունը կարող է բացահայտվել միայն լուրջ սոցիոլոգիական հարցման եւ դրա մասնագիտական վերլուծության միջոցով:

Հենց նախկինների վերադարձի իռացիոնալ վախն էր այն գլխավոր հանգամանքը, ինչը գրագետ եւ խիստ զգացմունքային ձեւով շահարկվեց Նիկոլի կողմից եւ նրան բերեց հաջողություն: Դա նույն զոմբիացման գործընթացն է, որ երեք տարի շարունակ հաջողությամբ իրականացվում է Նիկոլի կողմից: Թե՛ «Հրապարակի» հոդվածներում եւ թե՛ ֆեյսբուքյան գրառումներում բազմիցս արտահայտվել եմ այդ առումով՝ առաջարկելով էմոցիոնալ զոմբիացման դեմ պայքարելու համար գտնել էմոցիոնալ մեխանիզմ:

Որովհետեւ զգացմունքային շահարկման դեմ կռիվ տալ կարելի է հենց նույն հարթության մեջ՝ տրամաբանությունն այդտեղ անելիք չունի: Դրա լավագույն ձեւը կարող էր լինել Նիկոլի հետ դեմառդեմ բանավեճը Հանրային հեռուստատեսության ստուդիայում: Սակայն Քոչարյանը չգնաց դրան, եւ այդ չգնալն արժանացավ քոչարյանական շրջապատի հավանությանը: Փոխարենն առաջարկեց դուելի գաղափարը, ինչը, բնականաբար, ծաղրի ենթարկվեց Նիկոլի կողմից: Եվ այդ հարցում Նիկոլը շահեց չափազանց կարեւոր միավոր: Սակայն եթե ընդունվեր Նիկոլի առաջարկը, ապա Նիկոլի պարտության դեպքում կճեղքվեր նաեւ տեղեկատվական ճնշումը կամ տեռորը, որին ենթարկվում է Երեւանից դուրս գտնվող բնակչությունը: Ենթադրում եմ, որ առաջին հանդիպման պարտու-թյունից հետո Նիկոլը կառաջարկեր երկրորդը եւ նույնիսկ երրորդը, եւ դա կլիներ նրա վերջնական ջախջախումը, եթե Քոչարյանն ընդուներ հրավերը: Իսկ որ Նիկոլը կգնար երկրորդ եւ նույնիսկ երրորդ ռաունդի՝ դա երեւաց երեք անգամ Սյունիք այցելելու պատմությունից: 2018-ի ապրիլից հետո ինքը չի կարող պարտված լինել սեփական երկրում՝ դա է Նիկոլի կրեդոն (կամ հավատամքը):

Շարունակեմ նախկինների թեման: Երբ երկրում համարյա թե համատարած ատելություն է սերմանվում նախկինների նկատմամբ, դրա հաղթահարման համար անհրաժեշտ է ընդամենը երեք պարզ բան: Առաջինի մասին ասվեց՝ նախկինը պետք է բաց մրցույթում հաղթեր գլխավոր «ներկային». դա չարվեց: Երկրորդ՝ նախկին ամենից բացասական կերպարները չպետք է ունենային հրապարակային մասնակցություն գործընթացում: Եվ երրորդ, բայց երեւի ամենակարեւորը՝ պետք էր արտահայտվել նախկինում կատարված սխալների եւ հանցագործությունների մասին ու ներողություն խնդրել դրանց համար: Խոսքը, առաջին հերթին, 2001 թվականին «Պապլավոկում» Պողոս Պողոսյանի սպանության մասին է: Ի դեպ, Նիկոլը լավ էլ օգտվում էր ներողություն խնդրելու հանգամանքից, չնայած բոլոր դեպքերում դա կեղծ էր հնչում, բայց շոյում էր կիսակրթված զանգվածների ինքնասիրությունը:

Իսկ Պողոսյանի առումով Քոչարյանի ներողությունը պետք է լիներ անկեղծ եւ զգացմունքային, ինչը նշանակում է, որ պետք է ելներ սրտից: Երեւի բարդ բան եմ ասում, բայց այդպես կարող էր նա շահել ե՛ւ գյուղական վայրերի, ե՛ւ երեւանցիների սրտերը: Հենց սրտերը, քանի որ քարոզարշավում մրցակցություն էր գնում զգացմունք-բանականություն զուգահեռ հարթություններում, որտեղ հաղթելու էր եւ հաղթեց զգացմունքը: Ի դեպ, ճշմարիտ է Քոչարյանի դիտարկումը, թե Նիկոլը չէր խոսում ապագայի վերաբերյալ ծրագրերից, իրենք էին դա լրացնում: Սակայն խնդիրն այն է, որ դա իրեն պետք չէր՝ ինքը «սրտալից» զրույցի էր բռնվում կիսակիրթ մարդկանց հետ, որոնք օրվա հացի խնդիր են փորձում լուծել, եւ նրանց համար էական չէին թուրքական վտանգն ու ապագայի վերաբերյալ ծրագրերը:

Ավարտելով ասեմ, որ համաձայն եմ ՀՀ երկրորդ նախագահի հետ, որ ենթադրաբար մեկուկես տարի անց երկիրը նորից կանգնելու է արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու խնդրի առջեւ: Եթե, իհարկե, չպատահեն ֆորսմաժորային իրադարձություններ, ինչը խիստ կասկածելի է մեր պայմաններում: Եվ եթե, այնուամենայնիվ, կրկին առերեսվենք ընտրության խնդրին, ապա պետք է հաշվի առնվեն հունիսի 20-ի պարտության հենց էական եւ ոչ թե ածանցյալ պատճառները, ինչը երեւաց հունիսի 29-ի հանդիպմանը: