Հայ-ադրբեջանական հաշտության հնարավոր համաձայնագիրը կարող է ունենալ բավական ինտրիգային հետեւանքներ․ այլընտրանքային հայացք

Հայ-ադրբեջանական հաշտության հնարավոր համաձայնագիրը կարող է ունենալ բավական ինտրիգային հետեւանքներ․ այլընտրանքային հայացք

«Հրապարակն» օրեր առաջ գրել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի դետալները պարզ են։ Դրանք մասնավորապես կարելի է սահմանել հետեւյալ կերպ 

•  Սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա Սովետական Միության քարտեզների շրջանակներում, առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման
• ԼՂ-ում ռուսական խաղաղապահների առաքելության ժամկետի անորոշ ժամանակով երկարաձգում, առանց հինգ տարվա սահմանափակումների 
• Սյունիքով տրանզիտային ճանապարհի տրամադրում, ՌԴ սահմանապահների վերահսկմամբ, ընդ որում, գործելու են սահմանային անցակետեր եւ ադրբեջանցիները վճարելու են մաքս այդ ճանապարհով անցնելու համար

Կան նաեւ այլ դետալներ։ Իհարկե, Հայաստանի համար սա ցանկալի համաձայնագիրը չէ, եւ նույնիսկ եթե ավելի խորն ուսումնասիրենք, հայկական կողմի համար ցանկալի «մինիմում պլանկայից» էլ ցածր է, սակայն, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք։ Սակայն այստեղ կա մի նրբություն, որը չգիտես ինչու ուշադրությունից դուրս է մնում։ Եթե այս նույն նշված դետալների շրջանակում հարցին նայենք արդեբ ադրբեջանական կողմի հայացքով, ապա բավական հետաքրքիր իրավիճակ կբացվի մեր առաջ։ Ըստ ամենայնի կստացվի, որ միջազգային իրավունքի տեսակետից, Ադրբեջանի տարածքում, ԼՂ-ում կոմպակտ ապրող հայերը կարողացան երեսուն տարվա արյունահեղ պայքարից հետո հասնել այն բանին, որ իրենց տարածքի գոնե մի մասը պահպանվի ինչ որ անհասկանալի «կիսաաբխազացված» վիճակում՝ ռուսական զորակազմի, այսինքն՝ Ռուսաստանի փաստացի հսկողության ներքո։

Ադրբեջանն ի տարբերություն մոնոէթնիկ Հայաստանի, բազմազգ երկիր է, որտեղ կան բազմաթիվ ժողովուրդներ՝ լեզգիներ, թալիշներ, ավարներ եւ այլն, որոնց մեջ քիչ չեն ազգային-ազատագրական պայքարի դուրս գալու, անկախական ձգտումներ ունեցողները։ Ու Ադրբեջանի տարածքում ապրող եւ անկախական ձգտումներ ունեցող այդ նույն լեզգիները, թալիշներն ու մյուս ազգությունների ներկայացուցիչները կարող են մտածել, որ եթե ԼՂ հայերին հաջողվել է երեսուն տարվա պայքարում հասնել այն բանին, որ փաստացի կերպով Ադրբեջանի գործող վարչախուըմնը՝ ԼՂ տարածքի գոնե փշուրների հանդեպ իշխանություն չունենա եւ այնտեղ լինի ռուսական հսկողություն, ապա ինչու սա չպետք է խթան դառնա, որպեսզի իրենք էլ նույն ուղիով ընթանան։

Ի վերջո, Ալիեւներից դժգոհությունը բավականին մեծ է եւ ցանկացած նպաստավոր «կայծի» դեպքում Ադրբեջանում կարող է «հրդեհ» բռնկվել։ Իհարկե, սա մեկ օրում չի լինի, սակայն միջնաժամկետ հեռանկարում կարող է բերել կամ Ադրբեջան պետության փլուզման, կամ այդ պետության վարչատարածքային կառավարման համակարգի փոփոխության՝ ֆեդերալիզացման կամ նույնիսկ՝ կոնֆեդերալիզացման։ Այս դետալներով հայ-ադրբեջանական համաձայնագիրը կարող է նման նախադեպ ստեղծել։ 

Կարեն Ենգիբարյան