Ո՞րն է հակասեմիտիզմին տրվելու օգուտը մեզ համար

Ո՞րն է հակասեմիտիզմին տրվելու օգուտը մեզ համար

Վաղուց էի ցանկանում այս թեմային անդրադառնալ, սակայն մտածում էի, որ բավարար գիտելիքներ չունեմ այն թեկուզ թերթային մակարդակով լուսաբանելու համար: Չէի ցանկանում երևալ սեմիտիզմի կամ հակասեմիտիզմի հետևորդ: Հատկապես, ո՛չ մեկն եմ և ո՛չ էլ մյուսը: Հրեաներին չեմ ատում, բայց նաև չեմ սիրում: Կարծում եմ, որ մարդ պետք է սիրի միայն իր ազգությունը: Իսկ հրեաներին կարող եմ միայն նախանձել և ինչ որ տեղ նաև հարգել: Քանի որ երկուհազարամյա թափառական կյանքից հետո կարողացան ճիշտ կոմնորոշվել բարդ միջազգային իրադրությունում և վերստեղծել սեփական հայրենիքը: Ու այնքան հզորանալ, որ թզաչափ պետությունը կարողանում է ոտք մեկնել, ասենք, Թուրքիայի պես պետության հետ: Ասեմ, որ ժամանակին հետարքրվել եմ հրեաների նորագույն պատմությամբ: Թե ինչպես էր Թեոդոր Հերցլը գաղափար ակտիվացնում ու կյանքի կոչում:

Ակտիվացնում, քանի որ պատմական հայրենիք վերադառնալու գաղափարը միշտ էլ առկա է եղել այդ ժողովրդի մտածողության մեջ: Ինչպես էին այդ տարածք (դեռևս Օսմանյան կայսրության ներքո գտնվող) վերադարձող հրեական ընտանիքների համար գումար հայթայթում, իսկ հետո անապատային կամ կիսաանապատային տարածքներում տեղի արաբներից եռակի թանկ գնով հողամաս գնում և խմբակային կեցավայրեր՝ կիբուցներ (կամ կիբուցիներ) հիմնում: Թե ինչպես էին սկզբում Պաղեստինի կառավարման առումով մանդատ ստանձնած (1920 թվականին) անգլիացիների հետ համագործակցում, իսկ հետո հակադրվում: Այն աստիճան, որ ահաբեկչություն էին իրականացնում նրանց դեմ: Եվ ինչպես, վերջապես (1948 թվականին) պետականություն ստեղծեցին ու անմիջապես հարևան արաբական երկրների հետ ստիպված եղան պատերազմի մեջ մտնել: Ու ռազմական պարտությունը հաղթանակի վերածել: Ինչպես են սկզբում մերձեցել Սովետական Միության հետ, իսկ 50-ականներից հետո՝ արևմտյան երկրների և հատկապես Միացյալ Նահանգների հետ: Մի խոսոքով, խիստ ուսանելի պատմություն:

Հոդվածների ու վավերագրական կինոնկարների միջոցով փորձել եմ ծանոթանալ  հրեաների նիստուկացին, նրանց տնտեսությանն ու գիտական նվաճումներին: Իհարկե, բազմաթիվ մանրամասնություններ արդեն մոռացել եմ, սակայն հիշողությանս մեջ մնացել է հիմնականը՝ ներքին ու արտաքին քաղաքականության ընդհանուր պատկերը: Ու նախանձել եմ նրանց, քանի որ հրեաների հետ ունենալով որոշակի պատմական ընդհանրություններ՝ այսօր ունենք հսկայական տարբերություններ: Այսօր Իսրայելի հետ հաշվի են նստում գերտերությունները, իսկ մեր «մեծարգո վարչապետի» շնորհիվ մենք կանգնած ենք պետականությունը կորցնելու և ըստ այդմ՝ պատմական հայրենիքի այս անկյունում մեր գոյությունը պահպանելու խնդրի առջև: Հասկանալի է, որ դա ևս պատճառ է դարձել, որպեսզի մեր երկրում աճի հակասեմիտիզմը: Հատկապես նրանց ձեռբերումների նկատմամբ համատարած նախանձի առկայության պայմաններում: Սակայն խնդիրն այն է, որ տրվելով այդ գաղափարախոսությանը՝ մենք ոչինչ չենք շահում, բացարձակ ոչինչ: Ենթադրենք ընդունում ենք, որ սեմիտիզմը հրեաներին հասցրել է այնպիսի բարձրության, որ նրանք կայսրություններ են կործանում: Դա մեզ ի՞նչ է տալիս: Ոչինչ: Նույն այն զգացողությունը, ինչ առկա է այսօր թուրքերի առումով: Այսինքն՝ տալիս է բացասական խթաններ: Մոտավորապես նույնը, ինչի վրա այսօր կառուցում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իր ներքին քաղաքականությունը. «մենք խեղճ ենք, մեզ կուտեն՝ եթե չհամաձայնվենք թուրքերի պահանջներին»:

Անցնենք առաջ. հրեաների կողմից կայսրություններ կործանելու հիմնական օրինակներից մեկը ռուսականն է: Բայց ողջ խնդիրն այն է, որ 1917 թվականի փետրվարին ռուսական ցարի հրաժարականի հարցում հրեաներով համալված բոլշևիկները լուրջ դեր չէին կատարում: Հատկապես, որ պատերազմով և ներքին կառավարման խնդիրներով պայմանավորված օբյեկտիվ պատճառներով ռուսական կայսրությունը սկսեց կազմալուծվել: Ինչի առաջին նախանշանն, ի դեպ, 1905 թվականի ռուս-ճապոնական պատերազմում ռուսական կողմի պարտությունն էր: Այնպես որ 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը հաստատ հրեաների ձեռքի գործը չէր: Այդ հետո էր, որ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարոթյունը չկարողացավ իր ձեռքըւ վերցնել երկրի կառավարումը, և դա արեցին բոլշևիկները:

Իսկ եթե նույնիսկ ընդունենք, որ հարուստ և աշխարհով մեկ ցրված հրեաներն այնքան հզոր են, որ կարողանում են կայսրություններ կործանել, ապա նույնիսկ կենցաղային տրամաբանությունը հուշում է, որ այդ ազգի հետ պետք է առնվազն վատ հարաբերություն չունենալ: Էլ չեմ խոսում բարեկամություն անելու մասին: Ի դեպ, հրեաների հարստությունը սկսվեց կուտակվել միջնադարում, երբ քրիստոնեական մտածողությամբ փողի փոխանակման՝ առնել-տալու, գործընթացը դիտվում էր քրիստոնյային ոչ վայել: Իսկ հրեաների մոտ դա դեռևս Քրիստոսի ժամանակներում էր կիրառվում՝ այն էլ իրենց գլխավոր տաճարում: Եվ քանի որ նրանց չէին ընդունում նաև արհեստավորական համքարություններ, նրանք սկսեցին զբաղվել միակ թույլատրելի արհեստով, որ հետո պետք է կոչվեր բանկիրություն: Ու վերածվեր մարդկային նախանձի ու իշխանության հիմք դարձող գործարարության: Սկիզբն էլ դրվեց առևտրականների քաղաք Վենետիկում, իսկ այնուհետև այդ քաղաքից դանդաղորեն տարածվեց Եվրոպայով մեկ:

Բայց քանի որ «մեզ հայ են ասում»՝ մենք էլ պետք է թշնամություն անենք սիոնիզմի՝ ժամանակին հրեաներին միավորող և նրանց պետականության հիմք դարձած գաղափարախոսության դեմ: Բնականաբար, սիոնիզմին վերագրելով մեր ազգի նկատմամբ կատարված բոլոր հանցագործությունները: Իսկ այնուհետև մտածենք, թե ինչպես ենք պայքարելու այդ «համամարդկային չարիքի» դեմ: Ու ստանանք ամենատիպիկ պատասխանը՝ «Մեր ազգը պետք է հերոսներ ծնի, որ այս հրեշին հաղթի»: Ենթադրելով, որ հրեշին կարող են հաղթել Սասնա ծռերը (էպոսային և ոչ թե այսօրվա), մտածենք, թե ինչ պետք է անենք, որպեսզի նրանք ծնվեն այսօրվա մեր վիճակում: Որովհետև եթե հույսներս դնենք պատահականության վրա, ապա նրանք կարող են ծնվել նաև այն ժամանակ, երբ մեր պատմական հայրենիքի այս վերջին անկյունից էլ հեռացված լինենք: Եթե, իհարկե, ընդհանրապես ծնվեն:

Բայց քանի որ պատահականության վրա հույս չեն դնում, ապա ճիշտ կլիներ, որ մեր դժբախտությունների պատճառը փնտրեինք մեր մեջ: Ինչպես ժամանակին Մեծն Լոռեցին էր ասում, ներսից ենք փչացած և ներսից պետք էլինի փրկությունը մեր: Եթե դա գիտակցվեր Նիկոլի կողմից, ապա այս չուրսուկես տարում ոչ թե մանիպուլյացիայի ու կապիտուլյացիոն պատերազմի զոհ կդառնայինք, այլ կվերածվեինք այնպիսի պետության, որը նույնիսկ հրեաների նախանձը կշարժեր: Որովհետև 2018 թվականի մայիսին, երբ կարգվեց վարչապետ, Նիկոլն ուներ հսկայական հեղինակություն ու աջակցություն: Սակայն քանի որ նրանում խտացված էին ազգի ոչ թե դրական, այլ բացասական կողմերը, մենք պարտություն կրեցինք արևի ներքո տեղ ունենալու դաժան պայքարում: Եվ որպեսզի դուրս գանք անընդհատ պարտության շավղից, մեզ անհրաժեշտ հեռացնել Նիկոլին պաշտոնից ու գերմարդկային լարումով կրկին զբաղեցնել այն տեղը, որ վիճակված էր մեզ: