Հայրապետյանի կողմից ծեծված անձը Հայաստանում չէ

Հայրապետյանի կողմից ծեծված անձը Հայաստանում չէ

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրավապահների հետաքրքրությունը չի նվազում․ նախկինում բազմաթիվ սկանդալների կիզակետում հայտնված Հայրապետյանի եւ նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի վերաբերյալ նոր քրեական գործ է հարուցվել ու քննվում է Քննչական կոմիտեում։

ՔԿ-ի տարածած հաղորդագրությունը սարսափ-ֆիլմ է հիշեցնում․ ըստ այդ հաղորդագրության՝ հայր եւ որդի Հայրապետյանները 2015 թվականին Սեւանի՝ իրենց պատկանող «Հարսնաքար» ռեստորանի նախկին ղեկավարին՝ Հ․ Շ․-ին, տեւական ժամանակ բռնության են ենթարկել, պատճառել ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական ուժեղ ցավ, էլեկտրաշոկով հարվածել, նվաստացրել եւ գումարի դիմաց նրանից մի քանի գույք վերցրել․ «Հ. Շ.-ն աշխատել է «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում՝ որպես գործադիր մարմնի ղեկավար: Նա 2015-ի դեկտեմբերից մինչեւ 2016թ. հուլիսը Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հայկական բանկ» ԲԲԸ-ից ստացել է ընդհանուր 52 միլիոն դրամ վարկ, որի մի մասն օգտագործել է ռեստորանահյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու համար, իսկ մնացած՝ 30 միլիոն դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության եւ թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնադրելու համար՝ միաժամանակ պատշաճ կատարելով վարկային պարտավորությունները»:
Մենք փորձեցինք կապ հաստատել «Հարսնաքարի» ներկայիս ղեկավարի հետ, սակայն պարզվեց՝ այս պահին ղեկավար չկա, եւ մեզ փոխանցեցին փոխտնօրեն Պարույր Մովսիսյանի հեռախոսահամարը։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց՝ ո՛չ դեպքին է տեղյակ, ո՛չ էլ հաղորդագրությանը։ Հարցին, թե երբեւէ ռեստորանում Հայրապետյաններն ինչ-որ մեկին բռնության ենթարկե՞լ են, պատասխանեց՝ ոչ, ամեն ինչ խաղաղ է եղել։ Զրուցեցինք նաեւ մի քանի աշխատակիցների հետ, որոնք եւս հայտնեցին, որ չեն ճանաչում հաղորդագրության մեջ նշված ղեկավարին, ապա ավելացրին՝ «Հարսնաքարում» պարբերաբար ղեկավարներ են փոխվել ու փոխվում են։ Մենք պարզեցինք, որ նշված նախկին ղեկավարը Հայկ Շահնազարյան անունով անձն է։
Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնեց, որ նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն չի ներկայացրել։ Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործին, նշեց․ «Այս գործով շատ բան կա ասելու՝ գեղարվեստական ձեւակերպումների, նաեւ՝ ապացույցների հավաքման գործընթացի, ապացույցների ձեռքբերման օրինականության հետ կապված։ Ընդհանրապես, այս գործի հետ կապված, հասկանում եք, որ սա մի օրվա գործ չէ, ինքն ունի նախորդող որոշակի պատմություն, իրավապահ մարմինները փորձել են շատ ջանասիրաբար ինչ-որ մի բան ապարդյուն ապացուցել։ Ժամանակը ցույց կտա։ Այս գործը, բացի իրավական խութերից, նաեւ բարոյական լուրջ խութեր ունի»։

- Եթե այս գործը նախորդող պատմություն է ունեցել, ինչո՞ւ Հայրապետյանին թույլատրեցին երկիրը լքել։

- Որովհետեւ որեւէ իրավաչափ պատճառ չկար անձի տեղաշարժը սահմանափակելու։ Սկզբում թույլ չեն տվել, եթե հիշում եք՝ ապօրինի սահմանափակվեց պարոն Հայրապետյանի ելքը, մենք դեռեւս մինչեւ այսօր սահմանափակման պատասխանը չենք ստացել սահմանափակող մարմնից։ Չի կարելի իրավունքի չարաշահում անել։

- Ձեր պաշտպանյալի հետ խոսե՞լ եք, ե՞րբ է վերադառնալու Հայաստան։ Այս գործի մասին ի՞նչ է ասում։

- Պարոն Հայրապետյանի հետ խոսել եմ նախօրեին։ Մենք ուղիներ էինք փնտրում, որ նա կարողանա վերադառնալ, շուրջ 3 հազար հոգի գրանցվածներ կան։ Այդ մասին մենք տեղեկացրել ենք։

- ՔԿ-ն դիմե՞լ է դեսպանությանը՝ Հայրապետյանի վերադարձը կազմակերպելու համար։

- Երեկ ես ստացել եմ նման գրություն եւ պատասխանել եմ դրան՝ հույս հայտնելով, որ վարույթն իրականացնող մարմինը նույն ջանքերը կգործադրի եւ ջանասիրաբար միջոցներ ձեռք կառնի՝ քրեական դատավարության մասնակիցների՝ ՀՀ վերադառնալուն ուղղված, քանի որ ես հաղորդում եմ ներկայացրել նախկին ղեկավարին քրեական պատասխանատվության կանչելու՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքով։ Մեր տեղեկությունների համաձայն՝ այդ անձը գտնվում է հանրապետությունից դուրս։

- Ձեր ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցվե՞լ է։

- Այս պահի դրությամբ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին տեղեկություն չունեմ։

- Ռեստորանի նախկին տնօրենը ցուցմունք տվե՞լ է, եթե այո, ապա ի՞ր նախաձեռնությամբ։

- Նախաձեռնությունների մասին կխոսենք ավելի ուշ, շատ հետաքրքիր է։

- Իսկ ցուցմունք տվե՞լ է։

- Անձը Հայաստանում չէ։

- Նրա հետ չե՞ն կապվել։

- Եկեք այդ մասով մեկնաբանություն չտամ, բայց ասեմ, որ անձը Հայաստանում չի եղել քրեական վարույթի ողջ ընթացքում։ Էդ ո՞ւմ են հոգեկան տառապանք տվել, ո՞նց են պատճառել․ ես հռետորական ուղղում եմ այդ հարցը։

- Ռաֆիկ Հայրապետյանը ե՞ւս Հայաստանում չէ։

- Ես ձեռնպահ կմնամ այդ մասին որեւէ բան ասելուց, քանի որ դրա հետ կապված էլի շատ ասելիքներ ունենք։
 

ՀԳ․ Հիշեցնենք նաեւ, որ դեռ անցած տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խոշոր չափերով յուրացման գործի շրջանակում խուզարկություն էր իրականացվել Ռուբեն Հայրապետյանի տանը: Գործը հարուցվել է 4 հոդվածներով՝ բացի խոշոր չափերով յուրացումից, նաեւ մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով: