ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակը եւ՛ ողջունում է, եւ՛ ափսոսում

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակը եւ՛ ողջունում է, եւ՛ ափսոսում

 


«Հրապարակը» սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցումներ էր ուղղել Հայաստանում ՌԴ, ԱՄՆ դեսպանատներ եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակ։ Երեկ ստացել ենք նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի պատասխանը։
Մեր առաջին հարցը վերաբերում էր ԲՀԿ-ի՝ ԱԺ ընդունած որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելուն։ Հարցրել էինք․ ինչպե՞ս է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը գնահատում, որ․ 
ա) ըստ ՍԴ դիմողների՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածին (Սահմանադրական դատարան դիմելը), ինչպես նաեւ ՀՀ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածին (Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման եւ ընդունման կարգը), եւ 
բ) խախտվել են այդ հոդվածները, քանի որ դրանցով նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո անպայմանորեն ներկայացվեն Սահմանադրական դատարան՝ պարզելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը Սահմանադրությանը։ Եվ նույն հարցի քաղաքական մասը, որ, ըստ ընդդիմության, իրենց դեմ իրականացվում են ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ։ 
Առաջին հարցի հետ կապված՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից մեզ պատասխանել են․ 
«Եվրոպական միությունը՝ որպես եվրոպական արտաքին քաղաքականության եւ Եվրոպական հանձնաժողովի միասնական ներկայացուցիչ, որին Հայաստանում ներկայացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, կարծում է՝ արդյունավետ եւ անկախ դատաիրավական համակարգն օրենքի գերակայության կարեւորագույն հիմքն է: 2018 թվականի խաղաղ հեղափոխությունից հետո Հայաստանն արձանագրել է առաջընթաց օրենքի գերակայության ուղղությամբ եւ կոռուպցիայի դեմ պայքարում: 2019 թվականի հոկտեմբերին այն ընդունել է դատաիրավական բարեփոխումների կուռ ռազմավարություն: ԵՄ-ն տեխնիկական աջակցության եւ ֆինանսավորման միջոցով էականորեն աջակցում է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացմանը եւ ներգրավված է Հայաստանի հետ այս ոլորտի շուրջ կանոնավոր քաղաքական երկխոսություններում: 
ԵՄ-ն ողջունում է այն փաստը, որ ՀՀ Սահմանադրական դատարանի վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները համապատասխանում են Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկություններին, ըստ որի՝ առաջարկվում է բոլոր դատավորների պաշտոնավարման ժամկետը սահմանել 12 տարի: Այդուհանդերձ՝ ափսոսանք ենք հայտնում առ այն, որ փոփոխությունների ներկա ձեւաչափը չի համապատասխանում փոփոխությունների համար անցումային ժամկետներ սահմանելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությանը»:
«Հրապարակը» նաեւ հարցրել էր․ «Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ՀՀ գլխավոր դատախազը, որը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունն էր պահանջում, ժամանակին խոստովանել է, որ, փաստորեն, քաղաքական իրավիճակի փոփոխությունից ելնելով՝ ՀՀ փոխվարչապետներից մեկի զանգով 2018թ․ ապրիլին հետ է վերցրել Նիկոլ Փաշինյանի անձեռնմխելիությունը վերացնելու ԱԺ-ին իր դիմումը»։
ԵՄ գրասենյակի պատասխանը․
«Մենք տեղյակ ենք նշյալ զարգացումների մասին, բայց չենք կարող մեկնաբանություն անել ընթացիկ քննությունների վերաբերյալ: Մենք վստահում ենք, որ արդարադատության ապահովմանը միտված ՀՀ կառավարության ցանկացած գործողություն կիրականացվի համապատասխան ՀՀ սահմանադրությանն ու օրենսդրությանը»։