Հայաստանում իրավական գործընթացների մասին խոսելն այսօր անիմաստ է

Հայաստանում իրավական գործընթացների մասին խոսելն այսօր անիմաստ է

«Յուրաքանչյուր ողջամիտ անհատ Վարդազարյան-Ջհանգիրյան ձայնագրությունը լսելուց հետո պետք է վստահ լինի ու կասկած չունենա, որ բոլոր գործերը հանձնարարվում են հարուցել այս կամ այն քաղաքական ընդդիմախոսի դեմ։ Հայտնի ձայնագրության մեջ Ջհանգիրյանն ասում էր, որ «իր վզին դրված է» և այդ քրեական գործերը հնարովի գործեր են»-, անդրադառնալով Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի դեմ ձեռնարկված քրեական հետապնդումներին եւ դատախազի կողմից Ազգային ժողով բերված միջնորդություններին, - ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Նախկին դատախազը ևս լուռ կատարում էր վարչապետի հրահանգները, սակայն այսօր տեղի ունեցողը առավել քան երբևէ պարզ է. Հայաստանում իրավական գործընթացների մասին խոսելն այսօր անիմաստ է: Այս իշխանություններին ոչ մի ձևով Արցախը չի հետաքրքրում, նրանք միայն զբաղվում են իրենց իշխանությունն ամրապնդելու «սուրբ» գործով: Ի վերջո, Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է եղել, սա ևս որոշակիություն է մտցնում» - նշում է Իշխանյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի հունվարի 23-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Այն վերաբերում է 2017 թվականին Հաց բերող Արթուր Սարգսյանի վերաբերյալ կազմված բժշկական եզրակացությանը, որը կազմել է բժշկական հանձնաժողովը` Արմեն Չարչյանի մասնակցությամբ:

Դատախազը մեկ այլ միջնորդությունն էլ ներկայացրել է Սեյրան Օհանյանի մասով. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր` 3 տարբեր դրվագներով, որտեղ պաշտպանության նախկին նախարարին ուղղված մեղադրանքներ են, որոնց մենք բազմիցս անդրադարձել ենք: