Բաքվում հիստերիա են բարձրացրել Բորելի՝ Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարների մասին խոսքերից

Բաքվում հիստերիա են բարձրացրել Բորելի՝ Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարների մասին խոսքերից

Գրել էինք, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն, ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորների գրավոր հարցման, անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ճակատագրին: Նա մասնավորապես նշել է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից կալանավորվածների վիճակին, ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը, նրանց պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն։ ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղ գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության ամրապնդման համար»:
Բաքվում մեծ աղմուկ են բարձրացրել այս առնչությամբ և տարածել հերթական անհեթեթ թեզերն ու մեղադրանքները:

«Սա ԵՄ բարձր ներկայացուցչի հերթական փորձն է՝ հանդարտեցնել հայերին, ինչպես նաև առաջ քաշել այնպիսի պնդումներ, որոնք չունեն ոչ բարոյական, ոչ փաստացի հիմնավորում։ Մենք մերժում ենք այս կեղծ ու սադրիչ հայտարարությունները», ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանում՝ ուղղված ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարություններին, ով խոսել է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների խնդրից։

«Ադրբեջանը 2020 թ պատերազմից հետո, որպես մարդասիրական ժեստ ազատ է արձակել ավելի քան 200 ռազմագերիների կարգավիճակ ունեցող կամ կալանավորված հայերի»,-ասվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ շեշտելով, թե իբր վերջիններիս հանդեպ անմարդկային վերաբերմունք կամ խոշտանգումներ չեն եղել։
Ինչ վերաբերում է Բաքվում կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է. «Մնացած բանտարկված անձինք մեղադրվում են ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների մեջ: Ժնևի կոնվենցիաների համաձայն՝ Ադրբեջանն ունի նման հանցագործությունները հետաքննելու պարտավորություններ։ Նույնիսկ եթե կալանավորները ռազմագերիներ են, Ժնևի երրորդ կոնվենցիայի համաձայն, ռազմագերիները, որոնք հետապնդվում են հանցագործության համար, կարող են կալանավորվել մինչև դատավարության ավարտը և, անհրաժեշտության դեպքում, պատժի կրումը»:

Գերատեսչությունում նշել են նաև, թե՝ «այս վճռական պահին Ադրբեջանն ակնկալում է, որ ԵՄ-ն զերծ կմնա կանխակալ հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղության ջանքերը»։