Հրաշալի օրինակ

Կրկին ուզում եմ մարդկային համեստության, պարկեշտության, դաստիարակվածության գովքն անել` անդաստիարակների, անկիրթների ու անհամեստների հաղթարշավի մեր օրերում, երբ այնքան է թացը չորին խառնվել, որ անկիրթները կրթվածություն են քարոզում, անդաստիարակները խոսում են լավ դաստիարակությունից, անհամեստները դասեր են տալիս համեստներին:
Ֆուտբոլը երբեք իմ հետաքրքրությունների շրջանակում չի եղել, եւ ֆուտբոլի ու ֆուտբոլիստների մասին էլ շատ սուղ գիտելիքներ ու ինֆորմացիա ունեմ: Բայց տարիներ շարունակ, այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների շնորհիվ, հետեւել եմ մեր ֆուտբոլիստի` Հենրիխ Մխիթարյանի հրապարակային գործունեությանը, աճին, հաջողություններին: Եվ անձամբ չճանաչելով այս երիտասարդին` անկեղծ հիացմունք եմ ապրել: Վստահ եմ, որ նրա հաջողության գաղտնիքը հենց հայկական միջավայրին ոչ բնորոշ համեստության, պարկեշտության մեջ է: Նրանում, որ, անկախ ունեցած փողի քանակից, դիրքից, հանրային պաշտամունքի առարկա լինելուց, խփած գոլերից, ձեռք բերած հաջողություններից, նա չի մեծամտանում, չի «հաբռգում», չի ծուլանում, իր հայրենիքից ու նրա հոգսերից չի օտարվում: Անգամ երբ այս անդաստիարակների իշխանությունը նեղացրեց նրա պաշտելի մորը, եւ նա հրաժարվեց Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալուց, ոչ մի անպարկեշտ խոսք չասաց իր երկրի եւ անգամ իրենց վատ պահած անձանց հասցեին:
Զուսպ եւ արժանապատիվ հեռացավ` թողնելով, որ մարդիկ իրենք վերլուծեն կատարվածը: Բավականին հասուն տարիքի հասած ֆուտբոլիստը նաեւ գրագետ ու կիրթ մարդ է, ի տարբերություն նոր-նոր լեզուներ սերտողների, նա 7 լեզվի է տիրապետում, չի դադարում աշխատել ինքն իր վրա, կրթվել եւ դա անում է` առանց թմբկահարելու, առանց իր անձը գովազդելու: Առանց ցուցամոլության:
Կարծիքներ