Ոստիկանության «մասկի շոուն» թիվ 12 պոլիկլինիկայում. ինչ են ասում աշխատակիցներն ու քաղաքացիները

Ոստիկանության «մասկի շոուն» թիվ 12 պոլիկլինիկայում. ինչ են ասում աշխատակիցներն ու քաղաքացիները

Երեւանի թիվ 12 պոլիկլինիկայի նորանշանակ տնօրեն Արա Ներսիսյանը ձերբակալվել է ենթադրաբար աշխատակցիներից մեկից ամսական 50 հազարական դրան կաշառք պահանջելու համար: Թեպետ պոլիկլինիկայի աշխատակիցները հրաժարվեցին տեսախցիկների առաջ խոսելուց, սակայն մեզ հետ մասնավոր զրույցում ասացին, որ Ներսիսյանը մասնակցել է մրցույթի, հաղթել, ապա նշանակվել տնօրեն:

Նրա մասին ընդհանուր առմամբ դրական գնահատականներ էին տալիս, ասում՝ լավ տնօրեն է, դեպքին էլ չէին հավատում:

Աշխատակիցներին հատկապես ապշեցրել էր ոստիկանության «մասկի շոուն», երբ առավոտ 10:00-ից հետո դիմակավորները մտել, ոլորել էին տնօրենի ձեռքերն ու նվաստացած ձեւով տարել:

Դրան ականատես են եղել քաղաքացիները, բուժանձնակազմը, ինչը նրանց խոսքով , ընդունելի չէ:
Նրանցից մեկն անգամ համեմատություն անցկացրեց, թե ինչո՞ւ «Էրեբունի պլազայի» կրակոցների հեղինակին պատվով նստեցրին ավտոմեքենան եւ տարան, իսկ իրենց տնօրենի հետ նման ձեւով վարվեցին:

Զրուցեցինք նաեւ մի քանի քաղաքացիների հետ, նրանցից ոմանք չցանականալով տեսախցիկի առաջ խոսել, ասացին, որ դժգոհ չեն պոլիկլինիկայից, ոմանք էլ բողոքեցին՝ սարսափելի շենքային պայմաններ են, աշխատակիցները հոգատար ու ուշադիր չեն այցելուների նկատմամբ: Ինչ վերաբերում է իրենցից հավելյալ գումար պահանջելուն, արձանագրեցին, որ դեռեւս նման դեպք տեղի չի ունեցել:

Հիշեցնենք, որ Երեկ ոստիկանությունը աղմկահարույց տեսանյութ էր տարածել, որտեղ նշվում էր, որ ձերբակալվել է Երեւանի թիվ 12 պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենը՝ աշխատակիցներից մեկից ամսական որպես կաշառք 50 հազար դրամ պահանջելու համար: Ըստ ոստիկանության՝  տնօրենը աշխատակիցներից մեկից պահանջել է, որ նա այցելուներից, այսպես ասած՝ որպես «թեյավճար» գումար հավաքագրի և ամեն ամիս 50 հազար դրամ տա իրեն՝ սպառնալով և ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից։ Հիշյալ աշխատակիցը հրաժարվել է տնօրենի ապօրինի պահանջը կատարելուց և փետրվարի 21-ին ազատվել աշխատանքից: