Նույնն է, որ փողոցից խառատին բերես, ասես՝ ստանոկի վրա աշխատի

Նույնն է, որ փողոցից խառատին բերես, ասես՝ ստանոկի վրա աշխատի

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հեղինակել է մի նախագիծ, որն «Անվտանգության մարմիններում ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոփոխությունների» մասին է։ Առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն եւ այդ պաշտոններում (նախարարին հավասարեցված) նշանակվող անձանց համար սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: Այսինքն՝ ԱԱԾ տնօրեն եւ ոստիկանապետ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակված, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Հիշեցնենք, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի սահմանմամբ՝ պետական լիազոր մարմնի ղեկավարին (Ազգային անվտանգության ծառայության տնօրենին) պաշտոնի նշանակում եւ ազատում է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի համապատասխան մասի համաձայն՝ ոստիկանության պետին նույնպես վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է հանրապետության նախագահը: Ընդ որում՝ վերոնշյալ երկու օրենքներով սահմանվում է, որ ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչեւ նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչեւ նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ, փաստորեն, այս կարեւոր ուժային կառույցների ղեկավարներին նշանակելիս պետության ղեկավարը կաշկանդված է, եւ առաջարկում է ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնները հանել համապատասխանաբար ոստիկանության պաշտոնների եւ ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում: Այս առնչությամբ փորձեցինք ծանոթանալ ոստիկանական համակարգում աշխատած անձանց տեսակետին։
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը նախ զարմացավ՝ ի՞նչ եք ուզում ինձնից, մեկուկես տարի թոշակի եմ անցել։ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանն էլ, խուսափելով պատասխանից, ասաց, որ ղեկին է,  նման հարցերի  պատասխանել չի կարող։

Սակայն Ոստիկանական ակադեմիայի նախկին պետ, թոշակի անցած Հովհաննես Վարյանը չխուսափեց․ «Ես համարում եմ, որ դա սխալ է։ Դա նույն բանն է, որ փողոցից խառատին բերես, ասես՝ ստանոկի վրա աշխատի։ Փողոցից մարդուն բերես, ասես՝ հաց թխի, առանց փորձ ունենալու»։ Դիտարկմանը, թե վատ հացթուխի պարագայում ընդամենը վատ հացի խմբաքանակ կարող է արտադրվել, իսկ ի՞նչ կլինի վատ ոստիկանապետի կամ ԱԱԾ ղեկավարի պարագայում, Հովհաննես Վարյանն ասաց․ «Ես պատկերացնում եմ, Դո՛ւք պատկերացրեք»։

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ, տեղեկանալով, որ նման նախագիծ կա, ակնհայտ հեգնանքով կամ գուցե հումորով՝ նկատեց․ «Ինչի՞ մասին է խոսքը, եթե պրոֆեսիոնալիզմն արդեն ընդհանրապես չի գնահատվում, պրոֆեսիոնալիզմը, տարիների փորձը, աշխատանքային ստաժն էդքան կարեւոր չեն, ուրեմն յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու՝ 18 տարին լրացած, տարրական կրթությամբ, կարող են նշանակել»։