Իրանն ու Ադրբեջանը խորհրդակցություն են անցկացրել. ինչ է հայտնի

Թեհրանում տեղի են ունեցել Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական հյուպատոսական խորհրդակցությունները։
Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները։
Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Էմիլ Սաֆարովը, իսկ իրանականը՝ Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Մոջթաբա Շաստի Քարիմին։
Միջոցառմանը մասնակցել են նաև Իրանում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության և Թավրիզում գլխավոր հյուպատոսության աշխատակիցները, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաներ, ինչպես նաև Արդարադատության, ՆԳՆ, երկու երկրների միգրացիոն և սահմանային ծառայությունների ներկայացուցիչներ։
Կողմերը մտքեր են փոխանակել հյուպատոսական ոլորտում երկկողմ համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ։
Քննարկումներ են ծավալվել նաև երկու երկրների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց հյուպատոսական և իրավական օգնության արագ և արդյունավետ աջակցության վերաբերյալ, պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը՝ առաջացած դժվարությունները վերացնելու համար։
Խորհրդակցությունների շրջանակում ադրբեջանական պատվիրակությանն ընդունել է նաև Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն։
Կարծիքներ