«Երեւանյան հեռանկարներ»-ը կհյուրընկալի Լոնդոնի գոսպել երգչախմբին

«Երեւանյան հեռանկարներ»-ը կհյուրընկալի Լոնդոնի գոսպել երգչախմբին

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնն իր համերգաշրջանի ընթացքում կներկայացնի Լոնդոնի գոսպել երգչախմբի առաջին այցն ու համերգը Հայաստանում: Երգչախումբը համարվում է Եվրոպա մայրցամաքի լավագույն երգչախմբերից մեկը։ Խմբի տաղանդաշատ վոկալիստները երբեք չեն դադարել զարմացնել նույնիսկ ամենաքմահաճ ունկնդրին։ Երգչախումբը մշտապես համագործակցել է ամենապրոֆեսիոնալ կատարողների եւ երգիչների հետ։

Նրա տպավորիչ կատարումները կարելի է լսել մի շարք հանրահայտ հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից են «Առյուծ արքան», «Մոխրոտը», «Բարեւներ Բրոդ փողոցին», «Պայքար գայթակղությունների դեմ», «Իրական սեր» եւ «Փողոցային պարեր»-ը։ Երգչախումբը համատեղ կատարումներ ունի համաշխարհային էստրադայի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Փոլ ՄաքՔարթնին, Էլթոն Ջոնը, Ադելը, Քայլի Մինոգը, Էլի Գոլդինգը, Ջասթին Տիմբերլեյքը եւ Փինքը: Բազմաթիվ են ընկերությունները, որոնք ցանկանում են համագործակցել երգչախմբի հետ՝ իրենց բրենդը գովազդելու նպատակով:

Դրանց շարքում են «Հարրոլդ»-ը, «Բարբերի»-ն, «Մարքս ընդ Սպենսեր»-ը, «Քրիստիան Դիոր»-ը, «Բի-Բի-Սի»-ն, «Գրեմմի»-ն, «Ձայնը» մրցույթը, «Էյչ Էս Բի Սի»-ն, «Վիրջին»-ը եւ «Մերսեդես Բենց»-ը: Երգչախմբի երեւանյան ելույթի ընթացքում կհնչեն խմբի ամենահայտնի հիթերը, ինչպես նաեւ մի շարք ջերմաշունչ սուրբծննդյան երգեր: Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։