Միացյալ Թագավորության նոր դեսպանը կնշանակվի հաջորդ տարի 

Միացյալ Թագավորության նոր դեսպանը կնշանակվի հաջորդ տարի 

Մեկնաբանել էինք, որ օրերս ԱԳ նախարարն ընդունել էր Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին։ Եվ որ  դրանով Միացյալ Թագավորությունն իր ներկայացվածության մակարդակը Հայաստանում դեսպանից իջեցնում է հավատարմատարի մակարդակի։ 

ՀՀ-ում Միացյալ Թագավորության  դեսպանատնից մեր ուղարկած հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում են, որ Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերություններում փոփոխություն չկա։ «Միացյալ Թագավորությունը գերազանց հարաբերություններ ունի Հայաստանի կառավարության հետ։ Մենք ավելի քան 25 տարվա սերտ համագործակցություն ենք ունեցել և ակնկալում ենք է՛լ ավելի ամրապնդել մեր երկրների միջև կապերը գալիք տարիներին»,- ասված է ՀՀ-ում ՄԹ դեսպանատան պատասխանում։

Տեղեկացվում է նաև, որ նոր դեսպանը կնշանակվի հաջորդ տարի։ «Մինչ այդ, ավագ դիվանագետ պրն Դեյվիդ Մորանի նշանակումը որպես Գործերի ժամանակավոր հավատարմատար՝ դեսպանի աստիճանով, վկայում է ՄԹ-ի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարևորման մասին»,-հավելում է դեսպանատան պատասխանում։

Հիշեցնենք, որ սրանից առաջ ՀՀ-ում ՄԹ դեսպան էր նշանակվել հայազգի Ալեն Գոգբաշյանը, ապա ՄԹ-ն չեղարկեց հաստատված թեկնածությունը: