Մակրոնը Թրամփին կոչ է արել ՌԴ-ից «իրական զիջումներ» կորզել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում հորդորել է նրան Ռուսաստանից «իրական զիջումներ» կորզել Ուկրաինայի հարցում, գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։
Նոյեմբերի 6-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը տևել է մոտ 25 րոպե, որի ժամանակ Մակրոնը կոչ է արել Թրամփին ապահովել, որպեսզի Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հետ ցանկացած դիվանագիտական գործընթաց հանգեցնի Կրեմլի իրական զիջումների, ասել են զրույցի մասին տեղեկացված մարդիկ:
Թե ինչպես է արձագանքել Թրամփն այդ առաջարկին՝ չի հաղորդվում։
Ըստ WSJ-ի՝ ներկայումս ԵՄ-ում կուլիսային քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչպես շարունակել ֆինանսավորել Ուկրաինային, եթե ԱՄՆ-ն, Թրամփի վարչակազմի օրոք, կրճատի Կիևին աջակցելու իր ներդրումը:
Պարբերականը պարզաբանում է, որ 2022 թվականի փետրվարից ԱՄՆ-ն Ուկրաինայի կառավարությանը տրամադրել է 106 մլրդ դոլար, այդ թվում՝ 70 մլրդ դոլարը՝ 2024 թվականի սեպտեմբերի դրությամբ։ Իր հերթին, ԵՄ-ն ուղարկել է 133 միլիարդ դոլար ռազմական, ֆինանսական և մարդասիրական օգնություն. մյուս երկրներն, ինչպիսիք են՝ Մեծ Բրիտանիան և Նորվեգիան, նույնպես միլիարդավոր դոլարներ են տրամադրել:
Ավելի վաղ Թրամփը ենթադրել էր, որ կզրուցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Կարծում եմ՝ մենք կխոսենք»,- ասել է նա NBC News-ին։
Կարծիքներ