Դեռահասների խա՞ղ, թե՞ դիվերսիա

Դեռահասների խա՞ղ, թե՞ դիվերսիա

Մովսեսի մինիհրդեհը կրքեր է բորբոքել գյուղում, տագնապ առաջացրել։ Մարդիկ առավոտյան արթնացել են ու տեսել, որ խոտի տուկերը վառվում են։ Առաջին ռեակցիան խուճապն է եղել՝ թուրքերի ձեռքի գործն է։ Դեպքի մասին նախնական ինֆորմացիայի աղբյուրը վարչական շրջանի ղեկավար, գյուղապետ Զավեն Պապյանն է դարձել։ Նա է պատմել Երեւանից զանգող տարբեր լրագրողներին, որ անհայտ անձը գիշերը ծակել է բազմաթիվ ավտոմեքենաների անվադողերը, վառել գյուղացու խոտի 27 տուկը։ Մեզ էլ պատմեց․ «7 ավտոմեքենայի անվադող են ծակել, 27-30 տուկ են վառել։ Դա իրականում ճիշտ ա։ Խոտը մի ընտանիքի ա պատկանում, իսկ մեքենաները՝ տարբեր»։ Ո՞վ է վառել, ինչի՞ համար, կարո՞ղ է հոգեկան հիվանդ է։ «Քննությունը կբացահայտի, կիմանանք»,- խորհրդավոր տոնով պատասխանեց Պապյանը։

Քննչական կոմիտեից երեկ հայտնեցին, որ սահմանամերձ Մովսես գյուղում գրանցված արտառոց դեպքերի փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «Գույքը ոչնչացնելը կամ վնասելը» հոդվածով։ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն իր ՖԲ էջում գրել է․ «Չնայած արդեն երկրորդ օրն է՝ առանձին լրատվամիջոցների մեկնաբանություններ եմ փոխանցում Տավուշի մարզի Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, սակայն բանավոր հարցումները չեն դադարում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հարկ եմ համարում հայտնել հետեւյալը. ոստիկանությունից ստացված հաղորդումների հիման վրա Մովսես գյուղում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ։ Դրանցից մեկը, կապված բնակիչներից մեկի ավտոմեքենայից առերեւույթ ձայնարկիչ գողանալու դեպքի հետ, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ մյուսը՝ կապված բնակիչների ավտոդողերը վնասելու եւ խոտի այրման դեպքերի հետ, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»։ ՔԿ հաղորդումը պարզություն չմտցրեց։

Խոսեցինք Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի հետ։ Նա անձամբ է կիրակի օրը եղել դեպքի վայրում։ «Այնտեղ տեղեկացված են ԱԻՆ-ը, զինվորական հրամանատարությունը, ոստիկանությունը, քննչականը, անվտանգության ծառայությունները։ Սկզբում միտված էին մտածելու, որ դա սահմանային միջադեպ է, բայց հետո այդ վարկածը հերքվեց։ Տեսախցիկների վրա երեւացել են գյուղի ինչ-որ բնակիչներ։ Երկու երեխայի են տեսել՝ վազելով անցնելիս։ Ավելի նման է խուլիգանության։ Սա մեծ արձագանք ստացող գործ չէր։ Զորամասի կամբատի հետ ենք խոսել, նա ասել է, որ ոչ մի սահմանային միջադեպ չի արձանագրվել։ Չեղած տեղից մի կաթիլ մեղրի պես տարածված անհեթեթ դեպք է, թեթեւ խուլիգանական արարք, որը կապ չունի դիվերսիայի  հետ»,- պատմեց Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանը։

Հիմա էլ Մովսեսում նոր վարկածներ են տարածվում՝ տուկերը վառողը կա՛մ կողքի գյուղից մի հայտնի խելագար է, կա՛մ կատակասեր երեխա, որն Ազատի դեպքերից է տպավորվել։ Թե չէ ինչո՞ւ պետք է թուրքերը ձայնագրիչ գողանան կամ անվադող ծակեն։ Սրա հետ կապված մի դեպք հիշեցրին մեզ․ 3-4 տարի առաջ Վահան գյուղում մեկը գիշերով անցնում էր տներով ու մարդկանց ահաբեկում, աննկատ հարձակումներ էր գործում, վախեցնում էր, դռներն էր ծեծում` փախչում։ Գյուղացիները սկսեցին գիշերը հերթապահել, վերջում պարզվեց՝ գյուղից մի երիտասարդ է․ հաճույք է ստանում, երբ իրենից վախենում են։  

ՀԳ․ Ամեն ինչ խառնվել է Հայաստանում։ Մարդիկ սկսել են իրենց ուժերով հարցեր լուծել, ում գլխին ինչ փչի, անում են, պատերազմներ են վարում միմյանց եւ պետական կառույցների դեմ, ՊՆ նախկին շենքն են գրավում, ճամփա են փակում, տուկ են վառում։  Տպավորություն է, թե երկրում ո՛չ օրենք, ո՛չ իշխանություն կա։