«Տարվա խաղաղության աղավնի» մրցանակը թեժ պայքարում շնորհվում է

«Տարվա խաղաղության աղավնի» մրցանակը թեժ պայքարում շնորհվում է

Մինչ դուք պատշգամբից ուտելիքի նոր քանակ եք ներս բերում, որ մի քիչ «հետ գա», «Հրապարակի» կազմը աշխատում է և փորձում է տոնական տրամադրություն ստեղծել: Ինչ Նոր տարի, եթե չկա տարվա ամփոփում, քանի որ 21 թվականին դրական ձեռքբերումները այնքան քիչ ու աննշան են եղել, որ դրանք թվարկելը անգամ ամոթ կլինի, որոշեցինք տարվա հակահերոսներին հիշատակել:

Եվ այսպես, «Տարվա խաղաղության աղավնի» տիտղոսի համար պայքարում էին երկու քաղաքական գործիչ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր խաղաղասեր և հանդուրժող վարքագծով և Ազգային ժողովի պատգամավոր` «գլխավոր ուսապարկ» Վահագն Ալեքսանյանը: 

Մեկ ձայնի տարբերությամբ այս կոչումը շնորհվեց ծանր քաշային կարգում հանդես եկող  ԱԺ պատգամավորին: Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավորը իր «խաղաղասիրությունը» բազմիցս է ապացուցել, բայց թերևս ամենացայտուն օրինակը օգոստոսի 25-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպն է. տեսախցիկները ֆիքսել են` ինչպես է իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իջնելիս ոտքով հարվածում Վահե Հակոբյանին։ 

Նման քաղաքական գործիչները նոր «որակներ և մշակույթ» են բերում թե Ազգային ժողով, թե քաղաքական դաշտ առհասարակ, և նրանց անտեսել՝ նշանակում է չգնահատել այդ տիտանական աշխատանքը, այնպես որ «Հրապարակը» շնորհավորում է պարոն Ալեքսանյանին: