Հարսանիքի շոուն լիակատար կլիներ, եթե վարչապետին մի «քանի սուտկա նստցնեին»

Հարսանիքի շոուն լիակատար կլիներ, եթե վարչապետին մի «քանի սուտկա նստցնեին»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018 թ հունիս ամսին ոստիկանությանը հանձնարարել էր բացառել սահմանված ժամից հետո հրավառության կազմակերպման դեպքերը․

«Սահմանված ժամից ուշ չպետք է լինի հրավառություն և վերջ, եթե չի կարողանում համապատասխան ծառայությունն ապահովվել, որ օրենքը կատարվի, ուրեմն վատ է աշխատում։ Այսինքն, եթե այդ տարածքի ոստիկանը, թաղայինը չի տիրապետում, թե ով է արել հրավառությունը, ուրեմն լավ չի աշխատում: Տենց էլ ընտրակաշառքները, բնակարանային գողությունները չենք կարողանում բացահայտել: Այդ ո՞վ է մի բան անելուց հետո սպասում, որ գնան, բացահայտեն: Դուք լուծեք այդ հարցերը, թե չէ՝ ես կլուծեմ»:

Այդքանից հետո ո՞նց կարող ես մտածել, որ վարչապետը այդ հարցը լուծելու փոխարեն մասնակցում է հարսանիքի (երջանկություն նորապսակներին) և իր ներկայությամբ ոչ սահմանված ժամի հրավառություն են անում։

Հրավառությունից հետո  ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

Սեպտեմբերի 8-ին Երևան-Սևան ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանները կեսգիշերն անց հրավառության դեպք են հայտնաբերել։ «Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։

Տեղեկացվում է նաև, որ «Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել նրա դստեր եւ գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը: Հարսանիքին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դուստրերի հետ, իշխանական պատգամավորներ»:

Ոստիկանության հայտարարությունից հետո մնում է այսպես մտածել․ հրավառության ընթացքում   վարչապետը զանգել է ոստիկանություն՝ Վալերի Օսիպյանին և «գործ տվել»՝ հա՜յ հարա՜յ հասեք, օրենք են խախտում։

Ամենահետաքրքիրը հեքիաթի ավարտն է, որը էլի հայտնում է Ոստիկանությունը․

Հարսանիքից հետո սոցցանցերում քննադատության ալիք էր բարձրացրել այն հարցը, որը վարչապետի մասնակցությամբ հարսանիքի հրավառությունը տեղի է ունեցել կեսգիշերն անց, ինչն օրենքով արգելված է։

Ահա թե ինչ, ստացվում է որ եթե սոցցանցերում աղմուկ չբարձրանար, ուրեմն կարելի էր օրենքի խախտման մասին լռել։ Վարչապետը հրահանգ էր տալիս ոստիկանությանը՝ դուք լուծեք այդ հարցը, թե չէ ես կլուծեմ։ Որ հավատացինք նրա խոսքին, մեղավո՞ր ենք։ Այստեղ խոսքը չի գնում երջանիկ ընտանիքի ուրախությանը (թող բազմապատկվի), խոսքը գնում է պետական մակարդակով ամեն քայլի "խաբելուն"։ Երկրի առաջին դեպքը նման բան է ասում, օրենք հանում ու իր ներկայությամբ խախտվում է օրենքը, իրե՞ն են անտեսում, թե՞ ինքն է օրենքի կատար ածման մեջ անձնավորում մտցնում։ Սա է ընդամենը խնդիրը։ 

Վարչապետի մասնակցությամբ օրենք է խախտվել։ Տեսե՜ք է, ինչ ժողովրդավար երկիր ենք։ Շոուն լիակատար կլիներ, եթե վարչապետին «մի քանի սուտկա նստցնեին»՝ իր ներկայությամբ օրենքը խախտելու համար։ Աշխարհի ամենաժողովրդավար երկիրն ենք, իսկը պահն էր ներկայանալու աշխարհին, պիտի այդ քայլին գնայինք։