Առձեռն ուղեցույց նորելուկների համար

Միացյալ ազգային սահմանադրական կուսակցություն՝ ՄԱՍԿ… Այլևս իրողություն: Շնորհավորում եմ Հովիկ Աղազարյանին, Հակոբ Ասլանյանին և մյուսներին: Հայաստանի քաղաքական դաշտի գունապնակը հարստացավ ևս մեկ կուսակցությամբ: Կարելի է ասել՝ Հայաստանի «փրգությունը» մեկ քայլով էլ մոտեցավ: Ավելորդ է, կարծում եմ, ասելը, թե ինչքան եմ համակրում այս քաղաքական ուժին և նրա ղեկավարներին: Հենց միայն այն հանգամանքը, որ այս կուսակցությունը ծնվեց Նիկոլի դեմ դաժան պայքարում, արդեն իսկ բավական է ասելու, որ այն իմ սրտի կուսակցությունը դառնալու բոլոր շանսերն ունի: Հիմա մի փոքրիկ տեխնիկական շտկում և անցնեմ բուն ասելիքիս: Ուրեմն, պարոնայք Աղազարյան և Ասլանյան, երբ ընտրում են կուսակցության ղեկավար կազմ, առաջին հերթին կատարում են առաջադրումներ: Հետո, երբ առաջադրումները կատարվում են, չառաջադրված կուսակցականներից ընտրում են քվեախույզ հանձնախումբ կամ, ինչպես ձեզ մոտ՝ հաշվիչ հանձնաժողով: Սա՝ իմիջիայլոց: Իսկ հիմա անցնենք բուն նյութին:
Նախապես ասեմ, որ ՄԱՍԿ-ի գաղափարական կողմին անդրադառնալու որևէ ցանկություն չունեմ: Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի դավանած հակոտնյա գաղափարները լիուլի բավարար են, որպեսզի ես ավելորդ ժամանակ չկորցնեմ դրա վրա: Կուզենայի ավելի գործնական առաջարկներ անել ՄԱՍԿ-ի հետագա հաջողությունների և հատկապես անվտանգ կենսագործունեության վերաբերյալ: Կարող եք, իհարկե, ինձ ասել՝ դու ո՞վ ես, որ մեզ առաջարկ ու խորհուրդ տաս: Ասեմ: Նիկոլի հետ Հովիկ Աղազարյանի հակամարտության ողջ ընթացքում եղել եմ Հովիկ Աղազարյանի կողքին: ՔՊ-ականներն ինձ թուքումուր են տվել դրա համար, սպառնացել, ՖԲ էջս շրջափակել, աչքս կոխել Հովիկ Աղազարյանի կուսակցական անցյալը, բայց ես, հանուն այն հայտնի ռազմավարության, որ իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է, պաշտպանել եմ Հովիկ Աղազարյանի ամեն մի քայլը, դուխ տվել, առաջ մղել, հորդորել՝ չհանձնվել: Եվ հիմա, երբ Հովիկ Աղազարյանը, այդ թոհուբոհի միջով անցնելուց հետո, դարձել է կուսղեկ, մի՞թե ես կարող եմ լռել ու ոչ մի կերպ չօգնել, կանաչ ճանապարհ չհարթել նրա համար: Եվ ուրեմն՝ շնորհավորում եմ: Հենց գրասենյակը բացեք, հրավիրեք մի բաժակ բան խմենք իրար հետ, և, ինչպես գյումրեցիները կասեին, իրար անուն գիտենանք:
Իսկ մինչ այդ, պարոն Աղազարյան, ասացեք, խնդրեմ, ձեզ «նստող» պե՞տք է: «Նստող»՝ այսինքն, մարդ, որ պետք է միշտ լինի գրասենյակում և պատրաստ լինի «նստելու», եթե դրա անհրաժեշտությունը լինի: Խնդրում եմ, ձեզ ձև մի տվեք, թե չեք հասկանում խոսքն ինչի մասին է: Խոսքը ձեր փոխարեն «նստելու» պատրաստ մարդու մասին է: Ինչ ասացի՞ք, պարոն Ասլանյան, դուք պատրաստ եք ինքնե՞րդ «նստելու»: Պարոն Աղազարյան, խնդրում եմ ձեր նախկին մանկավարժին բացատրեք, թե ինչ է «նստելը»: Ես «նստողի» մի լավ թեկնածու ունեմ՝ մեր հարևան Շմավոնը: Էդ գծով ինձնից լավը չլինի, բայց նա հասցրել է «նստել» Միխայիլ Պերեստրոյչիկի օրոք, Լևոն Անկախարարի օրոք, Ռոբերտ Խստապահանջի օրոք… Սերժ Բարիմուժիկի օրոք չի «նստել», բայց ինչպե՜ս է նստել շուստրի Նիկոլի օրոք… Վերջերս է միայն ազատվել՝ դատախազին ու դատավորին ինֆարկտի հասցնելու հիմքով: Ի դեպ՝ Շմավոնն ինքն է դիմել ինձ և խնդրել՝ միջամտեմ: Խեղճը զարմացած էր մնացել՝ շուստրի Նիկոլի դեմ կուսակցություն գրանցել ու չմտածե՞լ նստողի մասին… Ասում էր` ես Հովիկ Աղազարյանի մասին ավելի մեծ կարծիքի էի: Կարճ ասած, պարոն Աղազարյան, վերցնո՞ւմ եք, թե՞ չէ: Այն էլ կա, որ իշխանափոխությունից հետո Նիկոլի հետ համագործակցած բոլոր ուժերից էլ նստողներ լինելու են: Չգրված օրենք կա, ասում ա՝ ո՞ւմ հետ էիր շաշկի խաղում, Նիկոլի՞, դե արի, Նիկոլի կողքին «նստիր»:
Կուսակցության անվանումին կանդրադառնամ մեկ այլ առիթով: Որ ասում եք՝ ՄԱՍԿ, թող լինի ՄԱՍԿ: Մաղթում եմ ձեզ լիքը միասնական ազգային և սահմանադրական գործեր:
Կարծիքներ