Պարզ չէ՞, որ երեխայի փոխարեն աշխատելու է ծնողը

Պարզ չէ՞, որ երեխայի փոխարեն աշխատելու է ծնողը

Երկու օր շարունակ ԿԳՄՍ նախարարությունը՝ ի դեմս փոխնախարարի, Տավուշի մարզի մեծ ու փոքր դպրոցներում դիտարկել է անցած տարվա սեպտեմբերից ներդրված պետական չափորոշիչի փորձարկման գործընթացը։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով այդ գործընթացին, իր ֆեյսբուքյան գրառման մեջ նկատել է, որ «ունենք դժվարություններ, արդեն երեւացող հաջողություններ եւ առաջիկա ահռելի աշխատանք», միաժամանակ նշելով, որ հավաքագրել են խնդիրները, որոնց ուղղությամբ լուրջ աշխատանք պետք է տանեն։ Փոխնախարարի գրառման տակ մանկավարժական համայնքը կետ առ կետ բարձրաձայնել է այն խնդիրները, որ ի հայտ են եկել այս ընթացքում։ 

Օգտատերերից մեկը նախարարից հետաքրքրվել է, թե նայե՞լ է ԿԳՄՍ-ի կողմից փորձարկվող ծրագիրը Տավուշի մարզի դպրոցներում, արդյոք համապատասխա՞ն է 2-րդ դասարանի երեխայի համար․ «Ահավորություն է... ընդհանուր առմամբ, դա 2-րդ դասարանին համապատասխան ծրագիր չէ, տիկին Անդրեասյան ջան, բարդ է, ու սահմանամերձ գյուղում ապրող երեխան, որ Երեւանը չի տեսել, հաստատ չի կարող գովազդ հնարել Երեւանի մասին կամ գրի, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի ներկան եւ ապագան, կամ տալ բանաստեղծություն ու ասել՝ նման ոճով շարունակիր հնարել... Պարզ է, չէ՞, որ երեխայի փոխարեն աշխատելու է ծնողը...»։ 

Մեկ ուրիշն էլ նկատել է, որ ներդրված չափորոշիչների մասով նույնիսկ ուշացել ենք, քանի որ այսօրվա դասագրքերը եւ չափորոշիչները չափազանց հին են նոր սերնդի համար։ Դասագրքերն իրենց ծավալի նյութերով սարսափեցնում են այսօրվա աշակերտին, ում նույն նյութը կարելի է հրամցնել ավելի կարճ ձեւով եւ իլյուստրացիաներով։ «Ես երբեք չեմ թերագնահատում երեխաներին, բայց կան սահմանաչափեր, որոնք պետք է հաշվի առնել։ Եթե այդ ծրագիրը 2-րդի փոխարեն անցնեն 5-րդ դասարանում, ես՝ ինքս, կողմ կլինեմ, բայց եթե դուք ծանոթ լինեք ծրագրին, վստահ եմ՝ ձեր իսկ արձագանքն էլ նույնը կլիներ։ Այ, հենց այդտեղ է խնդիրը, որ մենք ուզում ենք, որ երեխան իր տարիքից առաջ ընկնի ու ավելին իմանա.... Այո, համաձայն եմ՝ ծնողը չպետք է օգնի երեխային, ես իմ բալիկին էլ թողնում եմ ինքնուրույն սովորի, բայց այն ծրագիրը, որը ներդրել են, վստահ եղեք, որ ձեր բալիկն էլ լիներ, դուք պիտի օգնեիք...»,- նախարարին դիմել է մեկ այլ օգտատեր։ 

Մանկավարժները, ծնողները հորդորել են փոխնախարարին՝ հնարավորինս պարզեցնել ծրագրերը․ «Մենք ակադեմիական գիտելիքների բեռը դնում ենք երեխայի վրա ու վազում ենք ծրագրի հետեւից, այնինչ պետք են քիչ, բայց կայուն գիտելիքներ, որոնց հիման վրա ուսուցիչը կկարողանա ձեւավորել առանցքային կարողունակություններ»։ Որոշ մանկավարժներ էլ մատնանշել են խնդիրներ՝ կոնկրետ առարկաների մասով․ «Իրոք, գրքերը շատ ծանրաբեռնված են ինֆորմացիայի առումով: Մանավանդ մեր մասով` ռուսերենի, տարրական եւ միջին դպրոցի դասագրքերը ոչինչ չեն ասում այսօրվա սերնդին, պատկերները՝ քիչ, հետաքրքիր առաջադրանքներ չկան, ստիպված օրվա մեծ մասը ծախսում եմ խաղեր ու առաջադրանքներ կազմելու համար»։ 

Տավուշի մարզի մոտ երեք տասնյակ դպրոցներում, երկրորդ դասարանում փորձարկվող «շախմատ» առարկան դասավանդվում է շաբաթական մեկ դասաժամով, որը, ըստ ուսուցիչների պնդման, թույլ չի տալիս հասնել ակնկալվող վերջնարդյունքներին․ «Մյուս տարի երրորդ դասարանցին խնդրի առջեւ է կանգնելու, քանի որ երկրորդ դասարանի ծրագիրը բավարար չի յուրացնելու»։

«Համաշխարհային պատ-մություն» առարկան էլ 10-րդ դասարանում նախատեսված է 2 ժամով, բայց, օրինակ, բնագիտական հոսքում այդ առարկան ընդհանրապես հանված է, հումանիտար հոսքում էլ՝ մի դպրոցում մեկ ժամ են պարապում, մեկ այլ դպրոցում՝ 2 ժամ, այսինքն՝ թողնված է տնօրենի տրամադրվածությանն ու կամայական մոտեցմանը։ «Սա՞ է փոփոխությունը․․․ Պատկերացրեք, մի բնագիտական հոսքում քիմիան մի աշակերտ է ընտրել, այդ մի աշակերտի համար տնօրենի կողմից նախատեսված է 4 ժամ, իսկ համաշխարհային պատմությունից՝ ոչ մի ժամ»,- ասում է զրուցակիցս ու նկատում, որ թեպետ ԿԶՆԱԿ-ից թեմատիկ պլանը ստացել են 2 ժամի համար, բայց քանի որ որոշ դպրոցներում տնօրենը «Համաշխարհային պատմությունը» դարձրել է 1 ժամ, այդ առարկայի ուսուցիչները ստիպված են եղել ծրագիրը փոփոխության ենթարկել, սեղմել, կրճատել եւ կազմել 1 ժամի համար․ «Հիմա հարց․ արդյո՞ք դա սուբյեկտիվ չէ, ինչո՞ւ դրան չկա ընդհանուր հսկողություն եւ ընդհանուր դիրքորոշում։ Եթե «Համաշխարհային պատմությունը» պետք չէ, թող ընդհանրապես հանեն, բայց չդնեն տնօրենի սուբյեկտիվ հսկողության տակ, որովհետեւ եթե տնօրենն ինձ հետ լավ է, ուրեմն ինձ տալիս են այդ մեկ ժամը, ինձ հետ լավ չի, քիչ է մնում՝ այդ մեկ ժամն էլ կրճատի։ Եթե ԿԶՆԱԿ-ը ծրագիրը որոշել է 2 ժամ, ինչո՞ւ է տնօրենը մեզ տալիս մեկ ժամ, սա է խնդիրը»։ Ինչ վերաբերում է «Հայոց պատմություն» առարկային, ապա հարցաշար են ուղարկել ուսուցիչներին, որ իրենց պահանջները, նկատառումները գրեն․ «Ես գրեցի, թե ինչու Արտաշատի պայմանագիրը չկա, այսինքն՝ վե՞րջ, էլ դիվանագետ չէ Տիգրան Մեծը․․․, գրել ուղարկել եմ, թող հետեւություն անեն»։ 

Ըստ զրուցակցիս, այլ իրավիճակ է «Արվեստ» առարկայի դեպքում, որը հենց առաջին տարում շաբաթական 2-ական ժամով ներառեցին թե՛ բնագիտական, թե՛ հումանիտար հոսքում, մինչդեռ, ըստ թեմաների, մեկ ժամն էլ բավարար էր։ «Ընդ որում՝ ծրագիրը մենք ենք կազմում, օրինակ՝ ի՞նչ իմաստ ունի Օգյուստ Ռոդենն անցնել 2 ժամով, որը 10-րդ դասարանի երեխային դեռ անհասանելի է։ Ի՞նչ իմաստ ունի հատուկ առանձին ժամեր հատկացնել այն թանգարաններին, որոնք իրենց նյութը թվայնացրել են»,- ասում է մանկավարժ զրուցակիցս ու ընդգծում, որ ամեն ինչ այնքան հարթ չէ՝ փորձարկվող չափորոշիչների հետ կապված, ինչպես որ ներկայացնում է նախարարությունը։