Չենք կարողանում արժեւորել մեր ունեցածը

Չենք կարողանում արժեւորել մեր ունեցածը

«Ճակատագիրը քեզ լիմո՞ն է տվել՝ լիմոնադ պատրաստիր դրանից»,- ասում է Դեյլ Քարնեգին։ Ճակատագրի կամո՞ք էր արդյոք, որ բնությունը մեզ քար ու քռա բաժին հանեց, հետն էլ ստիպեց, որ «հացն էլ քարից քամենք»։ 

Ճակատագրի նետած մարտահրավերին քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը փիլիսոփայորեն է վերաբերվում։ «Պետք է կարողանալ գնահատել ունեցածն ու սրտացավորեն վերաբերվել դրան, նույնիսկ եթե դա քարն է։ Տեսեք, թե ինչ է կատարվում քարհանքերում։ Ես ափսոսանքով եմ նայում, թե ինչ վայրագությամբ են արդյունահանում տուֆը։ Եթե մեծ կտոր տուֆ է պետք, կտրում-վերցնում են, մնացածն անցնում է հողի տակ։ Մեր անտարբերության պատճառով հսկայական պաշարներ մնում են գետնի տակ։ Մինչդեռ կարելի է լուրջ ներդրումներ անել, քարից փոշի ստանալ եւ օգտագործել ներկերի եւ այլ շինանյութերի արտադրության մեջ»։
Թանկարժեք ծեփամածիկները, որոնք քարի փուշու խառնուրդ ունեն, վաղուց են կիրառվում Եվրոպայում։ Դրանք ե՛ւ օրգանիկ են, ե՛ւ զով միջավայր են ստեղծում։ «Մինչեւ կորոնավիրուսը, Սերբիայում սիմպոզիումի էի մասնակցում։ Հյուրանոցում, որտեղ ապրում էի, օդորակիչներ չկային, բայց շատ հով էր։ Պարզվեց՝ զովության պատճառը պատերի ծեփանն է, որի շաղախի մեջ քարի փոշի են օգտագործել։ Իրենց տներն էլ են այդ մածիկով նորոգում, ասում են՝ նույնիսկ միջատներին է սպանում»։

Քանդակագործի կարծիքով՝ Հայաստանում քարափոշիով ներկեր արտադրելը կարող է ոչ միայն լուրջ բիզնես դառնալ՝ մրցակցային քայլ անել ներկրվող ներկանյութերի շուկայում, այլեւ բնապահպանական կարեւոր հարցեր լուծել։ «Օրինակ, օդը կմաքրի հանքերի փոշուց։ Սերբական այդ քաղաքում արդյունահանվող մարմարի հանքի մոտ փոքր արտադրամասեր տեսա։ Մեկում մարմարի փոշուց ներկեր ու շինանյութեր էին պատրաստում, մյուսում՝ ատամի մածուկներ, երրորդում՝ թելեր․․․ Անունը քարի հանք էր, բայց մի հատ անփույթ ընկած քար չտեսա, փոշի չշնչեցի։ Ինչո՞ւ մենք էլ նույնը չենք կարող անել․ հինգ-վեց գույնի տուֆ ունենք, որոնց փոշիների խառնուրդից կարելի է ներկերի արտադրության մեջ օգտագործվող նոր գույներ ու որակներ ստանալ։ Սկսած յուղաներկից մինչեւ ջրում բացվող ներկեր կարող ենք արտադրել ու ձեռնոց նետել ներկրողներին։ Մենք ունենք այդ թանկ հումքը, բայց արժեքը չգիտենք»։ 

Ռուբեն Նալբանդյանը հիշեց մի դեպք՝ կապված իրեն հյուրընկալած արտասահմանցի նկարիչների հետ։ Երբ նրանց ուղեկցել է բացօթյա իր արվեստանոցը, որտեղ քարերի հետ աշխատանքից գոյացած փոշու կույտեր են եղել, նկատել է, որ հյուրերը քարի փոշին հավաքում-լցնում են տոպրակների մեջ։ «Կռացել, բռերով լցնում էին տոպրակները։ Պարզվեց՝ օգտագործում են ներկերի մեջ՝ դրանց նոր որակ ու գույն տալու համար։ Փոշիով նաեւ ծավալ են հաղորդում նկարին՝ շաղ տալով արդեն ավարտուն գործի վրա»։

Նալբանդյանը վստահ է՝ քարի փոշին նաեւ երկարացնում է ներկի կյանքը։ Որպես ապացույց՝ վկայակոչում է Աշտարակի տարածքում գտնվող 1400 թվականի խաչքարերը, որոնք ներկված են տուֆի փոշու խառնուրդով պատրաստված որդան կարմիրով։ 

Քանդակագործը ցավով է արձանագրում հանքերի սեփականատերերի անխնա վերաբերմունքը թե՛ հանքի, թե՛ շրջակա միջավայրի հանդեպ։ Ըստ նրա՝ պետությունից մինչեւ անհատ, պետք է փոխեն իրենց վերաբերմունքը բնական պաշարների նկատմամբ եւ դրանց չվերաբերվեն սոսկ որպես սպառողի։ «Եթե բնությունից վերցնում ես, կրկնակին պետք է վերադարձնես, այլապես աղետներն անխուսափելի կլինեն։ Սեփականատերը ստանում է հանքի շահագործման լիցենզիան եւ իրեն լիիրավ տեր զգում։ Իր օգուտը հանում է, իսկ թե ինչ կլինի հետո, թքած ունի։ Պետությունն էլ, փոխանակ պարտավորություններ դնի ու հետեւողականորեն հսկի, ձեռքերը լվանում, քաշվում է մի կողմ»։