Փաշինյանին սպառնում է Ռոդրիգո Դուտարտեի ճակատագիրը

Մտերիմներիցս մեկը համամատություն անցկացրեց այս տարվա մարտի 11-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի օդանավակայանում կալանավորված եւ Արդարադատության միջազգային դատարանին հանձնված այդ երկրի նախկին նախագահ Ռոդրիգո Դուտարտեի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի միջեւ: Զրուցակցիս ասածն այն էր, որ Դուտարտեն, 6 տարի զբաղեցնելով Ֆիլիպինների նախագահի պաշտոնը, մոտ 3 հազար մարդու սպանության պատճառ է դարձել, ինչը նրան չեն ներել ո՛չ երկրի բնակիչները, ո՛չ նոր իշխանությունները` հանձնելով միջազգային արդարադատությանը, եւ այդ նույն ճակատագիրն է սպառնում Նիկոլ Փաշինյանին, որն արդեն 7 տարի է՝ իշխանության ղեկին է, եւ նրա պաշտոնավարման արդյունքում Հայաստանը հազարավոր զոհեր է տվել: Ես համաձայնեցի նրա հետ՝ Փաշինյանը եւս կանգնելու է արդարադատության առաջ` միջազգային, թե ազգային, այլ հարց է:
Ճիշտ է, Ֆիլիպիններում մարդկանց սպանել են տեղի ոստիկանական հատուկ նշանակության ուժերը` «մահվան ջոկատները», իսկ Հայաստանը հազարավոր զոհեր է տվել թշնամու կողմից սկսված պատերազմի արդյունքում, սակայն պատերազմը կարելի էր կանխել, եթե իշխանությունն ինքը չհրահրեր այն` իրականացներ ավելի ճկուն եւ շրջահայաց արտաքին քաղաքականություն, բայց երկու դեպքում էլ գործ ունենք երկրի իշխանության ղեկին հայտնված պատուհասների հետ, որոնք իրենց իշխանությունը չարաշահելու, այն ի չարս հասարակության օգտագործելու արդյունքում պատճառ են դարձել հազարավոր մարդկային զոհերի, բայց նմանությունը սրանով վերջանում է:
Ֆիլիպինների նախկին նախագահը ծնվել եւ մեծացել է հասարակական եւ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալած մարդկանց ընտանիքում․ հայրը եղել է քաղաքապետ, նահանգապետ, մայրը՝ մանկավարժ, որը հետագայում թողել է մանկավարժությունը եւ օգնել է ամուսնուն՝ հասարակական գործունեության մեջ: Ռոդրիգո Դուտարտեն մինչեւ նախագահ ընտրվելը եւս կառավարման հսկայական փորձ է կուտակել` 22 տարի ղեկավարել է Դավաո քաղաքը, ինչը նշանակում է, որ ընտրողները գոհ են եղել նրա կառավարման արդյունքից, ընտրվել է կոնգրեսմեն: Ռոդրիգո Դուտարտեն բավական ազնիվ եւ բաց մարդ է. չի թաքնվել այլոց հետեւում, իր գործած հանցանքների համար չի մեղադրել նախկիններին, Պուտինին կամ Լուկաշենկոյին, ընդունել է, որ ինքն է մարդկանց սպանելու արտոնություն տվել, իր հրահանգով են ոստիկանական հատուկ ջոկատայինները` առանց քննության եւ դատի, մարդկանց սպանել: Բայց նրա իշխանության զոհերը եղել են թմրաբարոնները եւ թմրանյութ վաճառողները:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացված հարձակմանը՝ Դուտարտեն ասել է. «...Ես եւ Պուտինը՝ երկուսս էլ մարդասպաններ ենք։ Ես վաղուց եմ ասել ձեզ՝ ֆիլիպինցիներ, որ ես սպանում եմ։ Բայց ես սպանում եմ հանցագործների, ես չեմ սպանում երեխաների եւ ծերերի։ Մենք (ես եւ Պուտինը) պատկանում ենք երկու տարբեր աշխարհների»: Դուտարտեն ինչպես քաղաքապետ, այնպես էլ երկրի նախագահ աշխատած ժամանակ անհաշտ պայքար է մղել թմրամիջոցների շրջանառության դեմ, նրա թույլտվությամբ եւ հրահանգով էին ոստիկանական ուժերը, առանց դատական որոշումների, խուզարկություններ իրականացնում կասկածյալների բնակարաններում, ամենափոքր դիմադրության դեպքում սպանում մարդկանց, որոնց մեղքն ապացուցված չէր, որոնք հնարավոր է եւ, որ որեւէ կապ չունեին ո՛չ թմրամիջոցների պատրաստման եւ ո՛չ էլ վաճառքի հետ: Նա Ֆիլիպիններին պատուհասած այդ աղետի դեմ պայքարում էր իր մեթոդներով, եւ հասարակության մի հսկայական մասը կողմ էր ու աջակցում էր նրան: Դրա համար Դուտարտեն դեռեւս քաղաքապետ աշխատած ժամանակ հայտնվել էր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների՝ Amnesty International-ի եւ Human Rights Watch-ի տեսադաշտում, քանի որ այն մարդկանց, որոնց ինքը հրապարակայնորեն անվանում էր հանցագործներ՝ նրանց մեղադրելով թմրամիջոցների տարածման մեջ, հետագայում սպանվում էին, ենթադրվում է՝ նրա հրահանգով:
Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը զինծառայողներ էին` ժամկետայիններ, սպաներ, պայմանագրայիններ, կամավորներ եւ խաղաղ բնակիչներ: Նիկոլ Փաշինյանը բանակցային ժառանգությունից հրաժարվելու` բանակցություններն իր կետից սկսելու, բանակցություններից հրաժարվելու` Արցախը Հայաստան հռչակելով, Ադրբեջանում ներքաղաքական ցնցումներ հրահրելու սպառնալիքների միջոցով սադրեց խոշորամասշտաբ պատերազմ՝ մինչ այդ կազմաքանդելով բանակն ու կազմակերպված արշավ իրականացնելով Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի դեմ: Արդյունքում Հայաստանը ոչ միայն հազարավոր զոհեր ունեցավ, այլեւ կորցրեց Հայաստան հռչակված Արցախը, ունեցավ տարածքային կորուստներ, հայտնվեց Ադրբեջանից եւ Թուրքիայից կախվածության մեջ:
Բայց Դուտարտեի եւ Փաշինյանի միջեւ կա մեկ այլ էական տարբերություն եւս. իշխանության գալով ժողովրդավարական ընտրությունների միջոցով՝ Դուտարտեն ընտրությունների միջոցով էլ հեռացավ իշխանությունից: Նա ոչ միայն իր քաղաքական հակառակորդներին չէր կալանավորում, ահաբեկում, փռում ասֆալտին, ծեփում պատերին, այլեւ իր պաշտոնավարման ընթացքում ոչ մի ոտնձգություն չարեց ընտրված ընդդիմադիր քաղաքապետերի կամ համայնքապետերի դեմ: Նա հանգիստ հեռացավ իշխանությունից եւ հանգիստ ընդունեց իրեն կալանավորելու որոշումը:
Ի՞նչը չներվեց Ֆիլիպինների նախկին նախագահին, ինչո՞ւ նա հանձնվեց Հաագայի դատարանին: Ֆիլիպինները մշտապես եղել եւ շարունակում է մնալ ամերիկյան ազդեցության տարածք, եւ այս երկիրն ԱՄՆ-ի կողմից օգտագործվում է Չինաստանի զսպման քաղաքականության մեջ: Դուտարտեն վարում էր անկախ քաղաքականություն՝ շատ ժամանակ ընդդիմանալով ԱՄՆ-ին եւ նրա իշխանություններին․ 2016 թվականին Դուտարտեն այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային անվանեց «սուկին սին»՝ ավելացնելով, որ Ֆիլիպիններն ԱՄՆ գաղութը չէ: «Ես փոխում եմ գաղափարախոսական կարգի դաշնակիցներին եւ գուցե գնամ Ռուսաստան՝ Պուտինին ասելու, որ այսուհետ մենք երեքս ենք՝ Չինաստանը, Ֆիլիպինները եւ Ռուսաստանը՝ մնացած աշխարհի դեմ։ Այլ ճանապարհ չկա»։
Նիկոլ Փաշինյանը եւս փոխում է Հայաստանի դաշնակիցներին` թշնամանալով Ռուսաստանի եւ Բելառուսի հետ, Հայաստանը տանում է դեպի Թուրքիա եւ Ադրբեջան: Նա ՌԴ նախագահին անձնական վիրավորանք չի տվել, բայց ստորագրել է ՄՔԴ կանոնադրությունը, որով իբրեւ թե Պուտինին Հայաստան գալու դեպքում կալանավորելու սանկցիա պետք է տա: Դուտարտեն ծանր գին վճարեց նման փոփոխության համար` կալանավորվելով եւ հանձնվելով միջազգային արդարադատությանը, Փաշինյանը դեռ ազատության մեջ է, նա դեռ իշխանություն ունի:
Կարծիքներ