Տարեսկզբից ՌԴ-ից արտաքսվել են ռեկորդային թվով օտարերկրացիներ

Տարեսկզբից ՌԴ-ից արտաքսվել են ռեկորդային թվով օտարերկրացիներ

2024 թվականի սկզբից Ռուսաստանից արտաքսվել է ավելի քան 30 հազար օտարերկրյա քաղաքացի, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

«Ընդհանուր առմամբ, տարեսկզբից երկրից արտաքսվել է ավելի քան 30 հազար օտարերկրյա քաղաքացի, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ։ Ոստիկանությունն արգելափակել է 100 հազար օտարերկրացու մուտքը: Սա 55%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ»,- գրել է Իրինա Վոլկը Telegram-ի իր ալիքում։

Նա նաև նշել է անօրինական միգրանտների դեմ հատուկ գործողության մանրամասները։ ՆԳՆ խոսնակի տեղեկացմամբ, «Անօրինական 2024»-ի շրջանակներում մեկ շաբաթվա ընթացքում կանխվել է միգրացիայի ոլորտում ավելի քան 50 հազար խախտում, շուրջ ինը հազար մարդ արտաքսվել է։ 

Բացի այդ, շուրջ վեց հազար գործատուների նկատմամբ հարուցվել է վարչական գործ՝ օտարերկրացիներին ապօրինի աշխատանքի ընդունելու համար։ Հարուցվել է նաեւ մոտ երկու հազար քրեական գործ։