Առողջապահության նախարարության «երեքը մեկում» սադրանքը

Առողջապահության նախարարության «երեքը մեկում» սադրանքը

Որ Հայաստանի թավշյա իշխանության համար ատելության խոսքը, հայհոյախոսությունն ու ստախոսությունը սովորական պահվածք են, համոզվում ենք վերջին երեք տարում օրական չգիտեմ քանի անգամ: Որ նույն իշխանությունը պատասխանատվությունից խուսափելու հարցում անգերազանցելի է, միակն ու անկրկնելին, էլի չգիտեմ, թե քանի անգամ համոզվել ենք: Որ ձեւականն ու ոչ բովանդակայինը այս իշխանության համար առաջնային են ու գլխավոր՝ համոզվել ենք էլի չգիտեմ թե քանի անգամ: Առողջապահության նախարարությունը մեկտեղել է այս երեք՝ առնվազն անընդունելի որակները:

Լուսանկարում պատկերված վահանակը տեղադրված է Երեւանի Կիեւյան-Բաղրամյան խաչմերուկում՝ «դեմքով» դեպի փողոցը, դեպի ավտոմեքենաները, այս մասով անցնող հետիոտնը տեսնում է սրա հակառակ կողմը: Այսինքն՝ սա ձեւական է, այս հատվածում մեքենաների երթեւեկը բավականին ծանրաբեռնված է, եւ ոչ ոք ցանկության դեպքում անգամ չի կարող տրվել ընթերցանությանը: Ուրեմն փաստ առաջին. վահանակը ձեւական է:

Փաստ երկրորդ. գրված է, թե 2020 թվականի մարտի 21-ից արգելվում է ծխելը հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ: 2004 թվականի դեկտեմբերին՝ ավելի քան 16 տարի առաջ ընդունված «Ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն, արգելվում է ծխելը տրանսպորտում: Իսկ տրանսպորտը միայն փոխադրամիջոց չէ, այլ մարդկանց եւ բեռների փոխադրումների, հաղորդակցության միջոցների ամբողջություն: Այլ խոսքով, կանգառը տրանսպորտի բաղկացուցիչ է, եւ արդեն 16 տարի է, ինչ Հայաստանում արգելված է կանգառում ծխելը: Սա նշանակում է, որ առողջապահության նախարարությունը ստում է՝ պնդելով, որ կանգառում ծխելն արգելվել է 2020 թվականի մարտից:

Փաստ երրորդ. իրազեկման այս պաստառում բերված է ծխելը դադարեցնելու թեժ գծի հեռախոսահամար: 2004 թվականի դեկտեմբերին՝ ավելի քան 16 տարի առաջ ընդունված «Ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, օրենքի դրույթների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինները։

Դրանցից մեկն առողջապահության նախարարությունն է՝ իր ուռճացված աշխատակազմով: Չհիմնավորված բարձր աշխատավարձեր, էլ ավելի անհիմն պարգեւավճարներ ստացողները գործ չեն անում եւ քաղաքացուն են թողնում ծխելու սահմանափակումների վերահսկողությունը՝ խախտում են օրենքը: Եթե առողջապահության նախարարությունում տեղյակ չեն, տեղեկացնենք, որ ընդամենը օրեր առաջ Երեւանում մի քաղաքացի թիվ 54 երթուղու միկրոավտոբուսի մեջ սպանել է մեկ այլ քաղաքացու, երբ վերջինս պահաջել է դիմակ կրել: Իսկ ո՞վ ասաց, որ չնախատեսված վայրում ծխողները շատ ավելի հանդուրժող են եւ կլսեն այլ քաղաքացու: Չկա նման երաշխիք: Այս պաստառով առողջապահության նախարարությունը սադրում է մարդկանց՝ անգամներով բազմապատկում է սպանությունների ռիսկը: Ու չզարմանաք, որ ասեմ՝ ատելության քարոզի նվիրյալ թավշյա իշխանության պարագայում սա բնական է:

Պաստառը կախվել է, երբ առողջապահության նախարարն Արսեն Թորոսյանն էր: Նա, որ կորոնավիրուսի համաճարակի նոր-նոր տարածման օրերին՝ 2020 թվականի փետրվարին, երբ աշխարհում արդեն մոտ 3 հազար մարդ էր մահացել կորոնավիրուսից, ասաց. սա շատ վտանգավոր վարակ չէ, բաց տարածքներում հավելյալ սահմանափակող միջոցառումների կարիք չկա: Սրանից մեկ տարի անց ունենք ավելի քան 5 հազար մահ մեր երկրում: Թավշյա Հայաստանում մարդկանց կյանքը իշխանության համար արժեք չունի: Թավշյա Հայաստանում այլ գերակայություններ եւ առաջնահերթություններ կան. ձեւական քայլեր, սուտ եւ կեղծ հայտարարություններ, պատասխանատվությունից խուսափելու գործողություններ եւ այլն: Վկան՝ այս պաստառը:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ