Հ2 հեռուստաընկերությունը կդիմի դատարան

Հ2 հեռուստաընկերությունը կդիմի դատարան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ` Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվեց վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։ Հ2 հեռուստաալիքը դիմել էր միայն հանրապետական սլոթի համար։ Ստացած առավելագույն միավորներով հանրապետական սփռման իրավունք ստացան՝ «Արմենիա TV»-ն, «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր մեդիա), «Շանթ» ՍՊԸ-ն, ATV-ն և «Մուլիտիմեդիա կենտրոն TV»-ն։
Հանրապետական սփռման իրավունք չստացան «Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք), «Հայկական երկրորդ հեռուստաալիքը», «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Մելտեքստ» ՍՊԸ-ն (Ա1+) և Freenews ՍՊԸ լրատվական կայքը:

Հ2 հեռուստաընկերությունը այս որոշումը համարում է ոչ իրավաչափ և խտրական և բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար:

«Հրապարակի» հետ զրույցում Հ2 հեռուստաընկերության լրատվական թողարկումների ղեկավար Շավարշ Գեւորգյանը նշեց, որ պատրաստվում են դիմել վարչական դատարան։

«Ճիշտն ասած որոշումը դեռ անձամբ չենք ստացել, բայց այն տեղադրված է կայքում, ուստի հենց դրա հիման վրա պատրասվում ենք դատարանում վիճարկել որոշումը։ Օրը անկեղծ ասած հստակ չգիտեմ, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, դրա հետ կապված փաստաբանական առանձին խումբ է աշխատում,դա, այսպես ասեմ, իմ լիազորությունների շրջանակի մեջ չէ»,- ասաց Գևորգյանը։

Նշենք, որ մայրաքաղաքային սփռման սլոթում դեռ մեկ թափուր տեղ մնացել է, քանի որ մրցույթի մասնակից «Շանթ սպորտ»-ը չի հավաքել անհրաժեշտ նվազագույն շեմի միավորը՝ 280 միավոր։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից արդեն տեղեկացրել են, որ թափուր մնացած տեղի համար կհայտարարվի մրցույթ՝ օրենքի սահմանված կարգով։ Գևորգյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք պատրաստվում են դիմել մայրաքաղաքային սփռման թափուր տեղի համար։

«Առայժմ կարող եմ ասել ,որ գոնե այս պահին պայքարում ենք հանրապետական սփռման մեր իրավունքը վերականգնելու համար, իսկ պատասխանելով ձեր հարցին, թե  ինչու չէինք դիմել մայրաքաղաքային սփռման համար, ասեմ ձեզ,  մի շատ պարզ պատճառով։ Որովհետև մենք նախ 25 և ավելի տարիներ հեռարձակվել ենք հանրապետական սփռմամբ, իսկ երկրորդ պատճառը այն է, որ չքչացնենք, չնվազեցնենք մեր մայրաքաղաքային սփռում իրականացնող գործընկերների շանսերը իրենց տիրույթում լիցենզիա ստանալու համար»,- ասաց Շավարշ Գևորգյանը՝ հավելելով, որ իրենց՝ հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքում ոչ մի փոփոխություն չկա,բնականոն շարունակում են աշխատել։

«Մենք այս պահին էլ և վերգետնյա հեռարձակում ունենալու ժամանակ էլ բոլոր հնարավոր ցանցային օպերատորների միջոցով հեռարձակում ապահովել ենք և հիմա էլ շարունակում ենք դա անել։ Մեզ դիտում են թե «Յուքոմով» թե «Ռոստելեկոմով» և թե այլ կաբելային ծառայություններով,այսինքն՝ կրկնում եմ, որ մեր աշխատանքը որևէ րոպե չի կանգնել», - ասաց Գևորգյան։

Գևորգյանի խոսքով՝ իրենք բազմաթիվ զանգեր են ստանում քաղաքացիների կողմից՝ մի շարք մտահոգությունների, մասնավորապես օրինակ Անգլիայի առաջնության հեռարձակման հետ կապված։

«Զանգերը շատ են, բազմաթիվ։ Ես հիմա էլ ուզում եմ օգտվել առիթից և ասել մեր հեռուստադիտողներին, որ Անգլիայի առաջնության հեռարձակման իրավունքը շարունակում է պատկանել մեր հեռուստաընկերությանը, ուստի նույն «Ռոստելեկոմի» կամ «Յուքոմի» միջոցով մեր հեռուստադիտողը շարուանկելու է դիտել Անգլիայի առաջնության ամենահետաքրքիր հանդիպումները,մենք չենք պատրաստվում հեռուստադիտողին զրկել այդ հաճույքից»,- նշեց Գևորգյանը։