Չկա չարիք, առանց բարիքի

Չկա չարիք, առանց բարիքի

Ամռան ամիսներին սովորաբար ինչ-որ կուրորտ հանգստանալու մեկնողները, որոնք այս տարի զրկված են նման հաճույքից, ծանր են տանում այս վիճակը։ Այսօր անգամ Արցախ՝ մի քանի օրով մեկնելն է երազանք թվում, իսկ մեր հասարակության գոնե մի 20-30 տոկոսը սովոր էր հանգստանալ հունական ծովափերին, Եգիպտոսում կամ գոնե Վրաստանում։ Կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը մեզ համար ոչ միայն մոտ հազար մարդու կյանք արժեցավ, անկում ապրած տնտեսություն ու ֆինանսական կորուստներ, այլեւ մեզ ավելի փակեց-մեկուսացրեց աշխարհից։

Ամառվա այս օրերին վիզաների կենտրոնի մոտ, երկաթգծի կամ ավիատոմսերի համար հերթ կանգնելու փոխարեն, նրանք ստիպված են արձանագրել, որ համաճարակի այս ցուցանիշների երկարաձգվելու պարագայում դեռ երկար պետք է ապրենք փակ սահմաններով եւ արտերկիր մեկնելու արգելքներով։ Բայց, ինչպես սովորաբար լինում է, չկա չարիք՝ առանց բարիքի։ Ամառն ու արձակուրդային տրամադրություններն իրենցն անում են, եւ Հայաստանի բնակչությունն այս շրջանում սկսել է բացահայտել մեր երկիրն ու նրա բոլոր մանրամասները։ Մարդիկ սկսել են այցելել Հայաստանի մոռացված անկյունները, հանգստանալ հայկական առողջարաններում ու հանգստավայրերում, հանգստյան օրերին տեսարժան վայրերում ասեղ գցելու տեղ չկա։

Համացանցում մարդիկ սկսել են կիսվել իրենց տպավորություններով Հայաստանի բնության տեսարաններից, տեսարժան վայրերի, պատմական հուշարձանների պատկերներով։ Լուսանկարներ են դնում, պատմում-գովազդում են, թե որտեղ ինչ են տեսել, խորհուրդ են տալիս, թե ուր գնան ամռանը, որտեղ հանգստանան մարդիկ։ Երբեմն այնպիսի գողտրիկ ու անծանոթ վայրերի լուսանկարներ են հայտնվում ցանցում, որ Հայաստանը «մանրամասն սիրողներն» անգամ զարմանում են։ Այս տարին բացառիկ է նաեւ սրանով։