«Մարտի մեկը» ոնց որ ձնծաղիկ լինի․ ամեն տարի բացում ու փակում է

«Մարտի մեկը» ոնց որ ձնծաղիկ լինի․ ամեն տարի բացում ու փակում է

 Ինչքա՜ն հույսեր վառվեցին, երբ իշխանության եկածն ասաց՝ «Մարտի մեկն» ու «Հոկտեմբերի 27-ը» համարյա բացահայտված են, ես ժողովրդի ձեռքը կհանձնեմ մեղավորներին։ Վեց տարի է անցել, բայց դեռ «Մարտի մեկի» ու «Հոկտեմբերի 27-ի» գործի վրա ժողովրդին զուտ հույսեր տվողը դոփում ու դոփում է։ Մենակ մի գծով է առաջ գնացել։ «Մարտի մեկի» գործով իշխանության եկած ոմն Նիկոլ Փաշինյանը, որը դատապարվել էր 7 տարի ազատազրկման, իր իշխանության օրոք  «Մարտի 1»-ի գործով արդարացվեց․ 

«Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել: Քրեական գործի վարույթը կարճել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»,- հայտարարեց վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը։ Հիշեցնեմ, որ ՀՀ վարչապետին արդարացնելու պահանջով Վճռաբեկ դատարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Հիմա նա ու՞ր է։ 

Սա էր «Մարտի մեկի» առաջխաղացումը։ Իր իշխանությունն օգտագործեց՝ իրեն արդարացնելու համար։ Սասուն Միքայելյանին, դեսպան Ալեքսանդր Արզումանյանին և ակտիվիստ Տիգրան Բաղդասարյանին էլ չմոռանամ, որ արդարացրեց։ 

Վեց տարվա մեջ ամեն տարի բացում ու փակում է «Մարտի մեկը», «Հոկտեմբերի 27-ը»՝ քաղաքական վիճակին զուգընթաց։ Հենց դաշտում ակտիվացում է նկատում՝  «Մարտի մեկ» է անում։ «Մարտի մեկը»  ոնց որ ձնծաղիկ լինի՝  ամեն տարի բացում ու փակում է։ Այս տարի վերաբացումը նորից կատարել է Հակակոռուպցիոն դատարանում։ Դատարանի վճռով ինքը 7 տարի ազատազրկման է այդ գործով դատապարտվել։  Իր իշխանության օրոք իրեն արդարացնողն ինչքանո՞վ է տարբերվում նախկինների իշխանության օրոք իրեն մեղադրողներից։ Իշխանությունը, որ փոխվի, նորերն էլ կգան ու «Մարտի մեկ»-ի գործով իր արդարացման վճիռը կփոխեն, հետո՞․․․ Մենք ձեր ձեռքին գերի՞ ենք։ Կամ էդ «Մարտի մեկ»-ը,  որ վերաբացվել է, ինչու՞ պիտի չքննարկվի նաև Փաշինյանի արդարացման վճիռը։ Ինչքանո՞վ համոզված լինենք, որ նրա արդարացման  վճիռը օրենքի սահմաններում է։ Զուտ այն փաստը, որ իր իշխանության օրոք է փոխվել վճիռը, կասկածի տակ է դնում վճիռը։ Դատական վճիռները կոնֆետի թղթի նման հանում, փոխում, դեն է նետում։