Ստորագրության արժեք

Ստորագրության արժեք

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վերջին  իրադարձություններին հանրությունն այնքան էլ  ծանոթ չէ, ավելին՝ կրթության բնագավառում տեղի ունեցող գործընթացների համապատկերում դրանք կարծես նշանակալից չեն էլ դիտվում, թեև, իմ սուբյեկտիվ կարծիքով, ՀՊՏՀ-ում կատարվողը հատկանշական է մեր կրթական համակարգի համար․ այստեղ շատ հստակ դիրքավորվել են նորը և հինը, նորարարական մտածողությունը և կարծրացած մտածելակերպը, վարչապետի սիրած՝ «սպիտակը» և «սևը»։ 

Բոլոր նրանց համար, ովքեր քիչ թե շատ հասկանում են գիտական բարեվարքությունից և կարողանում են դատողություններ անել՝ հենվելով մերկ փաստերի վրա, ակնհայտ է, որ ՀՊՏՀ նորընտիր ռեկտոր Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ, ինչպես որ նախկինի, առկա են մեծ ծավալներով արտագրության «դեպքեր»։ Դրանք ներկայացված են մամուլի բազմաթիվ հրապարակումներում և սոցիալական ցանցերում․ այդ մասին հետևողականորեն հոգացել է «Հանուն որակյալ կրթության» ուսանողական նախաձեռնությունը։  Արտագրությունների փաստն այնքան ակներև է, որ «ամբաստանյալ» կողմին այլ բան չի մնացել, քան բանավեճը գիտության և գիտական բարեխղճության դաշտից տեղափոխել իրավական հարթություն և սկսել անպտուղ, բուն խնդրից շեղող բանակռիվ առ այն, թե ի՛նչ իրավական հիմքեր ունի ՀՊՏՀ նոր ռեկտորի ընտրությունը, որքանո՛վ է պահպանված ռեկտորի ընտրության և այլ գործընթացների իրավական կողմը, որտե՛ղ են ավարտվում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի լիազորությունները, նրա հրամանների իրավաչափությունը և այլն։

Ակնհայտ է, որ ՀՊՏՀ ռեկտորի «պատճառով» սրված հարաբերությունները կրթության ու գիտության վերաբերյալ տեսակետային պայքարի փուլից թևակոխել են տեսակային, ասել է թե՝ նորի և հնի պայքարի փուլ։  

ՀՊՏՀ-ում տեղի ունեցածը բացահայտում է մեր կրթական գերատեսչության՝ ԿԳՄՍ նախարարության ժխտողական կեցվածքը դեպի նոր որակի գիտություն և բարեփոխվող կրթական համակարգ։ ԿԳՄՍՆ-ի դիլետանտական, ինքնաբավ, մեծամիտ կեցվածքը,  նրա ավելի և ավելի ակնհայտվող ԽԾԲ-ական գործելաոճը ցայտուն են դարձնում խնդրո առարկայի առնչությամբ ԲՈԿ-ի հետ ունեցած նրա հակամարտության գաղափարաբանական նշանակությունը։
ԲՈԿ նախագահի պաշտոնից այդպես էլ ազատվել չկարողացող Սմբատ Գոգյանը յուրօրինակ պատանդ է ԿԳՄՍՆ-ի ձեռքում, պատանդ, որից ազատվելը, թվում է,  ավելի վտանգավոր և անպատվաբեր է, քան նրան պահելը։ Թեև պահելն էլ պակաս վտանգավոր չէ․ մարդը, որ նոր իշխանությունների կողմից համակարգ է կանչվել գիտական աստիճանաշնորհման ապականված բնագավառում ազնվություն և կարգուկանոն հաստատելու նպատակով, լրջորեն հավատացել է իր առաքելության հնարավորությանը և փորձել է իրավիճակ փոխել։ Բայց Սմբատ Գոգյան-Արայիկ Հարությունյան հակամարտությունը Դ․ Գալոյանի դոկտորականի «գործով» շուտով ներգերատեսչական ու միջանձնային կոնֆլիկտից վերաճել է ներհամակարգային կարևորագույն հիմնախնդրի։ Ի դեմս նախարարի՝ գործ ունենք պաշտոնյայի հետ, որի անհամարժեքության պատճառով շարունակվում է ոլորտի կառավարման հին, թվում էր՝ մերժված գործելաոճը (ամեն ինչ կարելի է յուրայիններին, և ոչինչ՝ «օտարներին»)։ Այս գործելաոճն արդեն լայն դռներ է բացել հովանավորչության, կոռուպցիայի, ԽԾԲ-ի  համար՝ արգելակելով գիտության և կրթության զարգացումը, ոտնատակ տալով գիտական բարեխղճության ու տարրական բարոյականության նորմերը։ Իսկ ի դեմս ԲՈԿ նախագահի՝ նորը, նոր մտածողությունը վերջին ճիգերն է անում՝ հաղթահարելու հնի իներցիան, մաքրելու աղտեղությունը մասնավորապես գիտության և գիտական աստիճանաշնորհման բնագավառում։ 
Դժվար է կանխատեսել, թե ինչով կավարտվի ԲՈԿ-ԿԳՄՍՆ արժեբանական վեճը։ Ակնհայտ է մի բան․ իշխանությունն ինքն էլ է հասկանում հիմնախնդրի ամբողջ վերացարկվածությունը անձերից ու կառույցներից, գիտակցում է դրա ուղենշային կարևորությունը հետագա կրթագիտական քաղաքականության համար։ Կարծում ենք՝ այս պատճառով է, որ  վարչապետ Ն․ Փաշինյանը հապաղում է ստորագրել դեռ հուլիսի 22-ին կայացած ՀՊՏՀ հոգաբարձուների խորհրդի նիստի որոշումը՝ Դիանա Գալոյանին ռեկտոր ընտրելու մասին։ Ամենայն հավանականությամբ՝ Ն․ Փաշինյանը ևս նորի և հնի երկընտրանքի առջև է կանգնած, իսկ նրա մի սխալ ստորագրությունը կարող է վերջնականապես գործի գցել կրթության ու գիտության գերատեսչական կառավարման այն մեխանիզմը, որով առաջնորդվել են բոլոր նախորդները՝ ԲՈԿ-ը և կրթական ոլորտը թաղելով հովանավորչության ու կոռուպցիայի մեջ, վերջնականորեն կասեցնելով գիտության ու կրթության բնականոն զարգացումը։
Այո, երբեմն ծանր ու դժվարին է վարչապետական ստորագրությունը, որովհետև կարող է կանխորոշել երկրի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն մի ոլորտի ապագա։ 
ՀԳ․։ Սեպտեմբերի 22-ին ՀՊՏՀ-ում գործադուլ էր կազմակերպվել՝ հօգուտ նորընտիր ռեկտոր Դ․ Գալոյանի։ ՀՊՏՀ ուսանողների և դասախոսների մի խումբ պահանջում էր, որ վարչապետը հաստատի հոգաբարձուների խորհրդի վերոհիշյալ որոշումը։ ՀՊՏՀ-ականների ակցիային միացել էր նաև ԱԺ պատգամավոր, նույն համալսարանի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը։ Համարյա բացառված է, որ վերջինս ծանոթ չէ գործընկերուհու դոկտորականի գրագողության վերաբերյալ հրապարակումներին, կամ՝ չի տեսել բազմակի էջերով ցույց տրված փաստերն առ այն, որ կատարված է գրագողություն։ ՀՊՏՀ ռեկտոր Դ․ Գալոյանը նույնպես տնտեսագետ է, և եթե հօգուտ նրա կազմակերպվող ակցիային մասնակցում է մեկ այլ դոկտոր, ուրեմն վերջինս անուղղակիորեն հերքում է գրագողության փաստը։ 
Հերքո՞ւմ է Միքայել Մելքումյանը գրագողության փաստը, թե՞ ոչ։ 
Ահա հարց, որի պատասխանը կարող է վկայել նորի և հնի պայքարում «կողմերի» արժեքային դիրքորոշման և գաղափարաբանական նախընտրությունների մասին։