Բա ու՞ր եք դուք, իսկ ո՞ւր ենք մենք 

Բա ու՞ր եք դուք, իսկ ո՞ւր ենք մենք 

Հայաստանում գործող արևմտամետ և եվրոպամետ հասարակական-քաղաքական հատվածը վերջին մեկ օրվա մեջ միայն մեկ բան է ասում՝ դիմել ՄԱԿ, դիմել ԵԱՀԿ, քանի որ ռազմավարական դաշնակիցը ոչ միայն չի աջակցելու, այլև գործում է Ադրբեջանի շահերին համահունչ։ Հարցի մի կողմն է, թե որքանով Ռուսաստանից օբյեկտիվ դժգոհությունների հիմքեր կան, բայց որքանո՞վ և ինչպե՞ս է Արևմուտքը` ինքը, արձագանքել պատերազմից մեկ տարի անց Հայաստանի ինքնիշխան համարվող տարածքի, որով մեր երկիրն անդամակցել է ՄԱԿ-ին, ԵԽ-ին, նկատմամբ ագրեսիային։ CNN, BBC․ հիմնական լրահոսը դեմոկրատիայի դեկտեմբերյան գագաթնաժողովն է և բելառուսա-լեհական սահմանին փախստականների վիճակը։ ՄԱԿ, ԱՄՆ, ԵԽ․ կողմերին կոչ են անում զսպվածություն դրսևորել։ Սա այն էր, ինչի մասին խոսեց Արարատ Միրզոյանը Հայաստանում հավատարմագրված դեսպանական հավաքի ժամանակ։ Որ Ադրբեջանի այս վարքագիծը հետևանք է, որ նրանք պատշաճ և հասցեական չեն արձագանքում Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը:

«Կողմերի միջև հավասարության նշան դնող շարունակական հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ընկալվել են իբրև խրախուսանք՝ շարունակելու այդ վարքագիծը: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկեր ու բարեկամ երկրներն անհապաղ և հասցեական կարձագանքեն այս գործողություններին և նաև կկիրառեն իրենց անմիջական ազդեցությունն Ադրբեջանի Հանրապետության վրա»,-ասել էր Միրզոյանը։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը համաձայն չէ Միրզոյանի «բա ուր եք դուք» հարցադրմանը: «Արտգործնախարարն այս մասին իրեն պետք է հարցնի կամ կառավարությանը․ իսկ ո՞ւր ենք մենք»։ Ինչ վերաբերում է բուն հարցադրմանը, ապա ամեն ինչ պարզեցվել է մինչև կին-ամուսին-հարևան հարաբերություններին։

«Պատկերացրեք մի ամուսնական զույգ, որի բնակարանում լսում եք կռիվ, լաց և փորձում եք միջամտել, բայց ձեզ զսպում է այն հանգամանքը, որ  իրենք ամուսիններ են, և կինը, փաստորեն, չի ամուսնալուծվում։ Պետությունների կյանքում միջամտելու համար դաշնակցային հարաբերություններ են պետք։ Իսկ մենք պաշտոնապես դաշնակից ենք ՀԱՊԿ-ին։ Մենք ամուսնացած ենք Ռուսաստանի հետ։ Եվ այդտեղ ոչ մի բան տեղի չի ունենա, մինչև դրանից դուրս չգանք։ Եվ պետք չէ հեռու գնալ․ մեր հարևան Վրաստանը, որը ՆԱՏՕ-ի կամ ԵՄ անդամ չէ, կամ Ուկրաինան, որը նույնպես անդամ չէ, իրենք ընդամենը պարզ, հասկանալի լեզվով հայատարարել են, որ իրենց չեն համարում ՌԴ դաշնակից, դուրս են եկել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ չեն մտել և առաջին իսկ իրենց պաշտպանության ակնկալիքով կոչին, իրենց ահռելի քանակով  զենք-զինամթերք և զորք՝ բրիտանական 600 դեսանտային, ամերիկյան նավերով՝ ինքնաթիռներով ու գերարդիական զենքերն ուղարկվեցին 4 փուլով։ Նվիրեցին։ Ահա այդ գաղտնիքը։ Մեզ դեսպան Թրեյսին պարզ ասել է՝ մենք չենք կարող ձեզ ռազմական օգնություն տրամադրել, քանի դեռ ՀԱՊԿ-ում եք։ Որովհետև դա օրենք է»։

Այնպես, որ, ըստ Խզմալյանի, միայն այս կառույցներից դուրս գալուց հետո մենք իրավական իրավունք՝ իրավական օրենքով կկարողանանք դիմել ուրիշին և հարցը դնել ՄԱԿ-ի ԱԽ-ում։ Ընդ որում, ըստ ՀՀ եվրոպական կուսակցության ղեկավարի, ՄԱԿ-ը կառույց է, որում կարող ենք և ոչ մի բանի չհասնել։ «Չնայած այդպես ՄԱԿ չեն դիմում, ՄԱԿ-ի ԱԽ կարող է կանչել միայն ՄԱԿ-ի ԱԽ անդամը, և Ֆրանսիան արդեն ասել է, որ պատրաստ է կանչել։ Եվ հստակ է նաև, որ մենք պատրաստվում ենք դիմել նաև Ֆրանսիային»։