Անհամաձայնություն «Իմ քայլում»

Անհամաձայնություն «Իմ քայլում»

Խորհրդարանը քննարկում է «Իմ քայլը» դաշինքի աղմկահարույց նախագիծը, որով առաջարկում են թույլ տալ, որպեսզի հիվանդության դեպքում պատգամավորները քվեարկեն հեռավար կարգով: Թվում էր, թե այս նախագծի անհրաժեշտությունն առաջացել էր համավարակի թելադրանքով, հատկապես, որ մեծ թվով պատգամավորներ են վարակված կորոնավիրուսով, սակայն այսօր նախագծի քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ իշխող ուժը որոշել է ընդհանրապես այս դրույթը դարձնել մշտական եւ կիրառել բոլոր հիվանդությունների դեպքում։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր անհամաձայնությունը հայտնեց այս առիթով եւ առաջարկեց նշված փոփոխությունները վերաբերելի դարձնել միայն կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակներում․ «Հակառակ դեպքում այն հղի է տարբեր վտանգավոր հետեւանքներով» ,- ասաց Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ կլինեն պատգամավորներ, որոնք կօգտվեն այս օրենքից, խորհրդարան չեն գա եւ մի բժշկի թղթվ կարող են ցանկացած պահի հեռավար քվեարկություն իրականացնել։ Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը պատասխանեց, թե ներկայացված տարբերակն ավելի անխոցելի է․«Մենք չենք կարողանում գտնել ճշգրիտ ձեւակերպումը, որ դնենք կանոնակարգում եւ կիրառվի միայն կորոնավիրուսի համար»,- ասաց նա։ ԱԺ նախագահը Հովակիմյանի ներկայացրած պարզաբանումից հետո բացահայտ հեգնեց․«Ես հավատում եմ, որ իրավաբանական համայնքն ինչ ձեւակերպում ուզի, կարող է տալ, մենք դրանում համոզվել ենք բազմաթիվ անգամներ»,- ասաց Միրզոյանը։ 

Վահագն Հովակիմյանն ասաց նաեւ, որ նախագիծը դեռեւս որոշ հստակեցումների կարիք ունի, այս պահին կառավարության գործընկերների հետ քննարկում են ինչ կարգավորումներով հասնել այն բանի, որպեսզի  պատգամավորները կարողանան հիվանդության ընթացքում փաստաթուղթ ներկայացնել խորհրդարան, քանի որ «բժշկի թուղթը» տրվում է հիվանդության ավարտից հետո։