Մարուքյանը՝ Կապանի դեպքերի և դրանց՝ իշխանության արձագանքի մասին

Մարուքյանը՝ Կապանի դեպքերի և դրանց՝ իշխանության արձագանքի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, այսօր տեղի ունեցած իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև երեկ Կապանում տեղի ունեցած դեպքերին և դրանց վերաբերյալ իշխանության արձագանքին․

 Ես երեկ դատապարտել եմ Կապանում ոստիկանության գործողությունները, և ասել եմ, որ մենք հերթական ձեռքբերումն ենք ջուրը լցնում, ի՞նչ նկատի ունեմ․ գոնե վերջին տարիների ընթացքում՝ 2017, 18, 19, 20 թվականներին, ոստիկանությունում բռնությունների մասին հրապարակային հաղորդագրություններ չունենք, մենք սա ստուգել ենք, վերջին բռնությունները եղել են 2016 թվականին, ցցուն բռնությունները։ Հիմա եթե ինչ-որ մեկը բերման է ենթարկվել, որի նկարներից առերևույթ երևում է, որ այդ մարդը խոշտանգման է ենթարկվել կամ արժանապատվությունը նվաստացնող անմարդկային վերաբերմունքի, ինչը արգելված է մեր Սահմանադրությամբ, Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով, Խոշտանգումների կանխարգելման մասին կոնվենցիայով։

Այս մասով ոչ թե պետք է ծառայողական քննություն նշանակվեր ոստիկանությունում, այլ անմիջապես պետք է քրեական գործ հարուցվեր ՀՔԾ-ում, ինչը դեռ չի արվել։ Այս մասով ես առերևույթ տեսնում եմ հանցագործություն, և պետք է քննություն գնա, և Հայաստանում մարդկանց ինչ հանցագործության կասկածանքով էլ որ բերման ենթարկած լինեն, որևէ պարագայում չի կարելի կոմպրոմիսի գնալ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դեպքերի հետ, դա երկրի վարկանիշը չեք պատկերացնում, թե ինչ ձևի է հետ գցում։ Հիմա իշխանական պատգամավորներն ասում են՝ իրավաչափ է, բան չունեմ ասելու, վերջին դեպքերից հետո պարզ է, որ պետք է ասեն՝ իրավաչափ է։Այդ մարդիկ կորցրել են պատճառահետևանքային կապը իրենց հռչակած արժեքների՝ իշխանության գալու ճանապարհին, և տեղի ունեցողի միջև, այդ պատճառահետևանքային կապում խզում կա, մարդիկ մոռացել են, թե իրենք ինչի համար են իշխանություն»։