Ամենամեծ վտանգն այն է, որ երկիրը չսիրողների թիվն է ավելանում
Հարցազրույց արձակագիր, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի հետ
- Պարոն Ղարաբաղցյան, արտակարգ դրությունով պայմանավորված՝ ինչպե՞ս եք անցկացնում Ձեր առօրյան, ինչո՞վ եք ուրախանում կամ տխրում, երկու դեպքում էլ կարծես առիթներ կան։
- Այսօր ուրախացել եմ, որ գոնե թոռս եկել է, որովհետեւ տասը օր չէի տեսել։ Տա Աստված՝ արագ այս մղձավանջից դուրս գանք, Երեւանում ապրում ես ու Երեւանին կարոտում ես, մի տեսակ աբսուրդ է ստացվում։
- Ի հակառակ կարանտինին եւ արտակարգ իրավիճակին, վերջին օրերին քաղաքի փողոցներն ու խանութները մարդաշատ են։ Ստացվում է՝ մարդկանց մեծ մասն այնքան էլ լուրջ չի ընդունում արտակարգ դրությունը։
- Մի քիչ երկաթյա է հնչում «արտակարգ դրություն» ասվածը․․․, արտակարգ դրություն տեսել է իմ սերունդը, տեսել է նաեւ տանկեր, չակերտավոր մութ ու ցուրտ օրեր, ինչու չակերտավոր, որովհետեւ այսօր ավելի ցուրտ օրեր են։ Մի խոսքով, այնքան բան է գլխի վրա շուռ եկել, որ այս արտակարգ դրությունն էլ է գլխի վրա շուռ եկած, բայց եթե ներքին դաստիարակություն ունես, կարգապահ ես, ենթարկվում ես արտակարգ դրությանը։ Սա է։
- Ընդհանրապես, մեր համաքաղաքացիների շրջանում ի՞նչ տրամադրություններ եք նկատում, կա՞ պահի լրջության գիտակցումը։
- Բարեբախտաբար, միշտ մի լուրջ շեղբ եղել է, եւ ամեն ինչ չէ, որ քամին տարել է։ Այդ «հեղափոխությունից» հետո այդ շեղբն էլ մի քիչ պակասեց, բայց կամաց-կամաց կարծես թե տեղն է գալիս, ու շատ թե քիչ տրամաբանող մարդը տեսնում է, թե ինչ է կատարվում։
- Իսկ ի՞նչ է կատարվում, օրինակ՝ կառավարությունը, առողջապահության նախարարությունը որքանո՞վ են տիրապետում իրավիճակին, եւ այն քայլերը, որ արվում են, ինչքանո՞վ են արդյունավետ։
- Ինձ թվում է, որ մշակույթի, գյուղատնտեսության նախարարությունների հետ, առողջապահության նախարարությունն էլ է փակվել, բայց անունն է մնացել։ Այսօր տանը նստած՝ ամբողջ աշխարհի անցուդարձին հետեւում ես, տեսնում այդ վերաբերմունքը, հետո էլ տեսնում ես քո մոտ կատարվողը, ինչը վիրավորական է զուտ մարդկային տեսանկյունից։
- Հատկապես ի՞նչն է վիրավորական․ որ ամբողջ ներուժով չի՞ աշխատում համակարգը։
- Ոչ թե ներուժով չի աշխատում, այլ ոնց որ մի գաղութ լինենք․․․, մինչդեռ մենք մասնագետների համակարգ ենք ունեցել, ամբողջ աշխարհին մենք ենք բուժել, բայց այսօր մենք ենք կանգնել փաստի առաջ։ Հետո՝ բժիշկների նկատմամբ վերաբերմունքն ինձ դուր չի գալիս, որովհետեւ բժիշկը սահմանապահի գործ է անում այսօր, մինչդեռ ո՛չ այդ մարդկանց անուններն ես լսում, ո՛չ վերաբերմունք տեսնում․․․ փոխարենը տեսնում ես ԱԺ-ում տեղի ունեցած խղճուկ «ռազբորկան», իսկ դա նրանից է, որ փողոց չտեսած մարդիկ իրենց փողոցայինի տեղ են դնում (փողոցը լավ բան է եւ կյանք է սովորեցնում), ու դրա համար մենք այս վիճակին ենք։ Փողոց տեսած մարդիկ լուրջ մարդիկ են, բայց սրանք փողոցային են եւ փողոց չեն տեսել։
Հետո, երբ թոշակառուն, նպաստառուն դռնեդուռ է ընկնում, որ իր էլեկտրաէներգիայի հարցը լուծի, դա արդեն չի տեղավորվում հնարավորությունների չափի մեջ, օրինակ՝ եթե նստենք, պարզ թվաբանությամբ հաշվենք մեկ ամսվա պարգեւավճարը, քանի՞ անճարակ մարդու էլեկտրաէներգիայի վարձն է։ Երբ դու մեծահոգի իշխանավոր ես ունենում, դու, անկախ քեզանից, երկիրն էլ ես սիրում, ամենամեծ վտանգն այն է, որ երկիրը չսիրողների թիվն է ավելանում։ Հիասթափությունը հո միայն մարդկանցից չէ՞, հիասթափությունը փոխանցվում է նաեւ երկրին, իսկ դա նշանակում է երկիրը չսիրել, ինչը շատ վտանգավոր բան է։
- Գավառի դեպքերն այս օրերին ալեկոծեցին բոլորին, դա ինչի՞ մասին է խոսում, որ երկրում չկա՞ն օրենք, կարգուկանոն, ու դրա համար մարդիկ հաշվեհարդար են տեսնում իրար հետ։
- Ես ուղղակի սարսռեցի այդ դեպքից, օրենքի, կարգուկանոնի հարցը չէ, մենք թուրքացանք ու հանկարծ տեսանք, որ մեր մեջ թուրք կա ապրող։ Սա է ամենավտանգավորը, սա երկիրը չսիրելու շարունակությունն է, ո՞նց կարող է մարդու մեջ թուրքը զարթնի, ու ինքը միաժամանակ Հայաստանը սիրի, երկիր սիրի, Արցախ սիրի․ հնարավոր չէ․․․ այսօր գրեթե բոլոր ճակատներում պարտություններ ենք գրանցում։
- Շատերը Գավառի դեպքերի հիմքը համարեցին տարիներ շարունակ հեռուստաեթերով պրոպագանդվող քրեական մշակույթով լի սերիալները, որոշ մասն էլ՝ առաջին դեմքի՝ վարչապետի լեքսիկոնը․․․
- Այդ սերիալները, իհարկե, իրենց բացասական ազդեցությունն ունեցան մեր հասարակության վրա, բայց վարչապետի վերջին տղայական արտահայտություններն ուղղակի վտանգավոր են, ինքը, չհասկանալով «սամասուդն» ինչ բան է, կայծ է նետում ու այն էլ՝ այս օրերին։ Մի հատ տեսեք՝ մյուս երկրների վարչապետները, նախագահներն ինչի մասին են խոսում, իրենց օրվա խնդիրն ինչ է, իսկ այստեղ մենք ինչի մասին ենք խոսում։ Ամեն ինչ կապված է իրար հետ, ու սա դեռ ծաղիկներն են, ես ավելի վատ բաների եմ սպասում։ «Սամասուդի» առաջին դասն ինքը ցույց տվեց, երբ գիշերով գնացին ու մտան մարդու տուն, պետք էր-պետք չէր՝ դա այլ հարց է, բայց երբ գիշերով մտնում ես մարդու տուն՝ «սամասուդ» անելու, վերջիվերջո, 2 ամիս հետո սա է գալու մեր առաջ, այսինքն՝ չգիտես դրա արձագանքները երբ ես ստանալու․․․ Նույնը նաեւ հիմա Ազգային ժողովում է, եւ ինքնասիրություն ունեցող մարդն այդ դահլիճում իմքայլականների հետ չպետք է նստի, «Լուսավորն» է, ԲՀԿ-ն է, մեկ է՝ ձեզ բանի տեղ չեն դնում, դրսում լիքը գործ կա, ուզում եք այս երկիրը փրկել, դրեք ձեր մանդատները, դուրս եկեք, ժողովրդական լեզվով ասած՝ իրանք չալում են, իրանք էլ պարում են, բայց դե՝ մկան վազը մինչեւ կատվի մարագն է։
- Այս օրերին կառավարության բոլոր ծրագրերն ուղղված են քաղաքացիների սոցիալական աջակցությանը, եւ մշակույթն ու մշակույթի գործիչը կարծես անտեսված են, ավելին՝ օրեր առաջ 60-ից ավելի երգի, պարի համույթների, նկարչական ստուդիաների ղեկավարներ բաց նամակով հանդես եկան, որ այլեւս ի վիճակի չեն մի քանի ամիս չաշխատել, բայց պետությանը վճարել հարկերն ու պետտուրքերը։ Սա ինչի՞ մասին է խոսում, որ պետությունը չի՞ կարեւորում մշակույթն ու մշակույթի գործչին, թե՞ սոցիալական խնդիրներն առաջնահերթ են։
- Ոչ թե չի կարեւորում, այլ երեւի տեղյակ էլ չէ նրանց խնդիրներին, մինչեւ չեն բարձրաձայնում, հետո՝ սա ինչ-որ տեղ այդ մշակույթի գործիչների պասիվ պահվածքի հետեւանքն էլ է։ Ես այդ շրջանակների հետ շատ թե քիչ շփվում եմ ու նրանց շատերի ոգեւորությունից մինչեւ անգամ զարմանում էի, որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում այս երկրում, մինչեւ այդ ուղտը չոքեց նրանց դռանը։ Ու այսօր բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, նույնիսկ մի քիչ ուշացած է։ Երբ 4-5 նախարարություններ միացնում էին, այդ թվում՝ մշակույթի նախարարությունը, այդ ժամանակ մի քանի հոգուց բացի, ոչ մեկ ձայն չէր հանում, այսօր իրենք դրա պտուղներն են քաղում։ Այսինքն՝ նաեւ իրենց մեղքը կա այստեղ, չնայած իմ երամն է, բայց թող մեղքն իրենց մեջ փնտրեն, թե ինչի եկան հասան այս օրվան։
Կարծիքներ