Առանց «Պատիվ ունեմ» դաշինքի իշխանություն չի ձեւավորվի

Առանց «Պատիվ ունեմ» դաշինքի իշխանություն չի ձեւավորվի

Հարցազրույց «Հայրենիք» կուսակցության եւ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, նախկին դատավոր Կարինե Պետրոսյանի հետ

- Ինչո՞ւ որոշեցիք թողնել դատավորի ապահով ու անհոգ կյանքը, որտեղ ունեիք մարդկանց ճակատագրերի վրա ազդելու բացառիկ հնարավորություն, ու մտաք քաղաքականություն։ 

- Դատավորի աշխատանքն անհոգ չէ, այն մեծ պատասխանատվությամբ աշխատանք է, ու չեմ վարանի ասել, որ աստվածաշնչյան աշխատանք է․ 3 մասնագիտություն կա, որ Աստծուց տրված է՝ ուսուցիչը, դատավորը եւ բժիշկը, եւ ունի մեծ պատասխանատվություն, քանի որ գործ ունենք մարդկանց ճակատագրերի հետ։ Մոտ 20 տարի աշխատելուց հետո բոլորովին մտադրություն չեմ ունեցել թողնել դատավորի աշխատանքը, ես պատկերացնում էի, որ թոշակի գնալու եմ դատավորի կարգավիճակով, բայց եղան որոշ իրադարձություններ, որոնք ինձ մոտ՝ որպես վերջնանպատակ, ձեւավորեցին այն հանգամանքը, որ պայքարը պետք է շարունակել քաղաքական դաշտում։ Խոսքը ԲԴԽ՝ այս պահին ժամանակավոր պաշտոնակատարի հետ ունեցած ինստիտուցիոնալ վեճի մասին է, որը դեռեւս ավարտված չէ, քանի որ վարչական դատարանում կա վեճ։

- Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Աստծուց տրված այդ մասնագիտությունը թողեցիք ու մտաք քաղաքականություն, որի մասին ասում են՝ անբարոյական ոլորտ է։ 

- Ես շեշտեցի, որ անձի հետ կապված որեւէ խնդիր չկա, հարցը զուտ ինստիտուցիոնալ է․․․ խնդիրն իշխող ուժի կողմից ԲԴԽ-ն վերահսկողության տակ վերցնելն էր՝ Ջհանգիրյանի նշանակմամբ, ես գիտակցեցի, որ այդ քաղաքական կամքը ձեւավորվում է բոլորովին այլ տեղ, եւ որպեսզի դատական իշխանությունում տեղի ունեցող իրադարձությունների մասով, կամքի ձեւավորման առումով մասնակցություն ունենամ, ուրեմն պետք է դաշտը փոխել։ Եվ քանի որ դատավորն ունի քաղաքական չեզոքություն, զսպվածություն, իսկ ես էությամբ պայքարող եմ մինչեւ ավարտը, հասկացա, որ պետք է պայքարի դաշտը փոխել։

- Իսկ ինչո՞ւ հենց Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությանը որոշեցիք անդամակցել եւ մասնակցել «Պատիվ ունեմ» դաշինքով։

- «Պատիվ ունեմ» դաշինքն էապես տարբերվում է իր որդեգրած քաղաքականությամբ եւ նախընտրական ծրագրով, որովհետեւ այն համերաշխության դաշինք է։ Այսինքն՝ մեր դաշինքը քարոզում է մի քաղաքականություն, որտեղ մարդիկ բաժանված չեն հների-նորերի, սեւերի-սպիտակների, ծերերի-երիտասարդների։ Ինչ-որ մի գիծ է նախանշված, որից սկսած՝ պետք է մոռանալ ամեն ինչ ու քայլել միասին, հանուն բարօրության այն երկրի, որը դեռ կարող ենք պահպանել։

- Ասում եք՝ բաժանված չէ նախկինների ու նորերի, բայց դաշինքում կան նախկիններ, որոնց Նիկոլ Փաշինյանը բնութագրում է որպես մերժված իշխանություն։ Ձեր մտքով երբեւէ կանցնե՞ր, որ Դուք ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի հետ մի թիմում քաղաքական ճանապարհ կանցնեիք։ 

- Ես, լինելով դատավոր, քաղաքականությանը երբեք ակտիվ չեմ հետեւել, ընդամենը լուրերից եմ տեղեկացել այն մասին, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Այս պահին, երբ անդամակցում եմ այս դաշինքին եւ առաջադրված եմ որպես պատգամավորի թեկնածու, «հներ, նախորդներ» հասկացություն ինձ համար գոյություն չունի։ Նույն հաջողությամբ մարդկանց աչքին 20 տարվա դատավորը եւս կարող է հին թվալ։ Ես ավելի նոր եմ, քան այդ նույն ՔՊ-ում ընդգրկված անդամներից որեւէ մեկը։ Խնդիրը զուտ բարոյահոգեբանական արժեքների ընկալման դաշտում է։ Եվ ընդգրկվելով «Պատիվ ունեմ» դաշինքում՝ ես հասկացա, որ միակ բացն այն է եղել, որ մինչեւ 2018 թվականը պաշտոնավարած իշխանությունն ուշադրություն չի դարձրել այն խորշին, որը լցվել է օտարածին ֆինանսավորվող կազմակերպությունների կողմից՝ մարդկանց ուղեղները լվանալու համար։

- Իսկ դատական համակարգի մասով Դուք նախկինների օրոք որեւէ խնդիր չէի՞ք տեսնում։ Ամեն ինչ իդեալակա՞ն էր արդարադատության իրականացման առումով, նախագահականից դատավորների գործունեությանը միջամտելու մասով խնդիրներ չկայի՞ն։

- Արդարադատության ոլորտը՝ 1991-ից սկսած, անընդհատ ենթարկվել է էվոլյուցիոն փոփոխությունների, եւ դա նորմալ է։ Խնդիրներ, իհարկե, եղել են, իսկ ո՞վ է ասել, որ համակարգը, իշխանությունն աշխատել է առանց խնդիրների։ Բայց կոնկրետ իմ անձի հետ կապված՝ ես երբեւէ զանգովի արդարադատության սուբյեկտ չեմ եղել։ Ես աշխատել եմ մարդկանց հետ, որոնք երբեւէ խնդիր չեն ունեցել։ Քաղաքացիական իրավունքի դաշտում եմ աշխատել ու այդ խնդիրը չեմ ունեցել։ Շատ տարօրինակ կարող է հնչել, բայց իմ բոլոր խնդիրները ծագել են 2018-ից հետո, երբ իշխանության եկած նոր ուժը հայտարարեց, որ վերացվում է զանգովի արդարադատությունը։ Բայց ի՞նչ հաջորդեց դրան՝ մենք տեսանք, որ ավելի վատ երեւույթի ականատես եղանք՝ դատական իշխանության նկատմամբ համատարած սպառնալիքներ Հանրապետության հրապարակում, դատավորների անվանարկում՝ բացասական որակումներով, եւ անկախ Հայաստանի պատմության մեջ, ես կարծում եմ, վատթարագույն քայլը՝ դատարանները շրջափակելը։

- «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավն ինչո՞ւ է պասիվ ընթանում, հիմնականում փակ հանդիպումներ եք ունենում, որը հետո տարածվում է լրատվամիջոցներով։

- Ես Ձեզ հետ համաձայն չեմ, քանի որ «Պատիվ ունեմ» դաշինքը մարզային հանդիպումներ է ունենում, շրջում է Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններով, բոլոր վայրերում բաց, անկեղծ զրույց է ընթանում դաշինքի ղեկավարների, անդամների եւ ժողովրդի միջեւ, եւ ունենք զանգվածային լրատվության միջոցների հետ աշխատող անձինք, որոնք շատ արագ եւ օբյեկտիվ ամբողջ տեղեկատվությունը՝ տեսանյութերով, լուսանկարներով, տարածում են։ Այնպես որ, մենք հանրությունից ոչինչ չենք թաքցնում։ Ընտրվել է այդ ձեւաչափը, էդպես ենք նպատակահարմար գտել։

- Ձեր թիմակիցներն ասում են, որ խորհրդարան անցնելու պարագայում կոալիցիա կկազմեք «Հայաստան» դաշինքի հետ եւ իշխանություն կձեւավորեք։ Ի՞նչ հետընտրական սցենարներ եք կանխատեսում, հատկապես, որ իշխող ուժը հունիսի 21-ից սկսած՝ մի քանի օրով «բրոնյա է արել» Հանրապետության հրապարակը, ինչից ենթադրում են, որ բախումներ են սպասվում։

- Մենք այսօր ընտրության ցուցանիշների մասին չենք կարող ոչինչ ասել, այն ժողովրդական խոսքը, որ ճտերն աշնանն են հաշվում, ինձ համար ընդունելի է։ Ես կարող եմ ասել հետեւյալը, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ունի նախադրյալներ՝ լինելու խորհրդարանում։ Եվ այսօր որեւէ քաղաքական ուժ չի կարող գալ իշխանության՝ առանց հնարավոր կոալիցիայի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի հետ։ Մնացածը ժամանակը եւ ընտրությունները ցույց կտան։

- Այսինքն՝ Դուք համարում եք, որ առանց կոալիցիայի իշխանություն չի ձեւավորվի։

- Ես կարծում եմ, որ Հայաստանում այսօր չկա այն բացարձակ ուժը, որ 50+1 տոկոս է հավաքելու։ Նաեւ պնդում եմ, որ առանց «Պատիվ ունեմ» դաշինքի որեւէ մեկն իշխանություն չի ձեւավորի։

- Իսկ երկրորդ փուլի պատրա՞ստ եք։

- Կարծում եմ, որ երկրորդ փուլ չի լինի։