Եթե շարունակում եք լռել, ապա ամոթ ձեզ, ես ձեր ընկերը չեմ, ես ձեզնից մեկը չեմ

Եթե շարունակում եք լռել, ապա ամոթ ձեզ, ես ձեր ընկերը չեմ, ես ձեզնից մեկը չեմ

Տնքում է հայոց հողը, նվվում է համայն հայության հոգին, որ պարտության խարանը դաջվեց մեր սրտին, մեր ճակատին, ամբողջ մի ազգի ճակատին։ Մարդիկ քայլում են դանդաղ, գլխահակ, մարդիկ մի տեսակ ամաչում են իրար երես նայել։

Վատառողջության պատճառով ես երկար ժամանակ քաղաք դուրս չէի եկել, այսօր դուրս եկա, գնացի հացադուլ անողներին տեսնելու, և քաղաքի բոլոր փողոցներում սև ժապավեններ էին կախված։ Դա պարզապես սարսափելի է։ Խնդիրն այն է, որ հասարակությունն ամբողջությամբ զգում է ողբերգությունը, սակայն տաօրինակ ձևով ձայն չի հնչում ստեղծագործական միություններից՝ Գրողների միությունը, Ճարտարապետների միությունը, քանդակագործների և նկարիչների միությունները, մնացած միությունները։

Երևանի պետական համալսարանը, որտեղ ես եմ սովորել, իմ երեխաներն են սովորել և հիմա իմ թոռներն են սովորում, իմ սիրելի համալսարանը առաջինը արձագանքեց, Գիտությունների ազգային ակադեմիան արձագանքեց, շնորհակալություն, խորին շնորհակալություն իրենց։ Ասում ենք՝ ո՞ւր են մտավորականները... չկա մտավորականություն, կան հատուկենտ մտավորականներ, որոնք տեսակետ ունեն, կոպիտ ասած՝ որձակ ունեն տեսակետ արտահայտելու։Ի՞նչ է պատահել մեր ստեղծագործական միություններին․ ոչ մի ձայն, ոչ մի հայտարարություն, ամեն մեկն իր շինելը գլխին քաշած իր հացն է որոճում․ նկար կանենք, ոտանավորներ կգրենք և այլն, և այլն։

Ես հիշեցի մի բան․ երբ Սահմանադրական դատարանի առիթով հանրաքվե էին ուզում անել՝ վիրուսը տարածելով, մի անգամ աչքովս ընկավ «Գրական թերթի» առաջին էջը, 4-5 գրող պատասխանում էին հարցին՝ «այո՞», թե՞ «ոչ »։ Զարմանալի մի բան՝ բոլորն ասել էին «այո»։ Ի՞նչը այո։

ՍԴ-ն փոխվեց, բոլորն ազգովի պայքարում էին Հրայր Թովմասյանի և մի քանի ազնիվ դատավորների դեմ։ Փոխվեց, և ի՞նչ եղավ արդյունքը։ Համազգային խնդիր էր դարձել՝ պայքարել ՍԴ-ի դեմ, փոխել, և հիմա, երբ համազգային խնդիրը չոքել է մեր դուռը, մեր ազգի այդ հրաշալի տղաները, 5 հազար տղա՝ 18-20 տարեկան, իրենց կյանքը տվեցին, որոնցից ոչ բոլորի դիակներն են գտնվել ու բերվել, որոնց ծնողները մղկտում են պատերի տակ՝ չգտնելով որևէ ամոքող հայտարարություն, ամոքող մի գործ։ Ինչո՞վ են զբաղված մեր ստեղծագործական միությունները․․․։

Ես մի անգամ ասել եմ այս մասին, բայց պիտի կրկնեմ․ երբ ասում էին, որ ՍԴ-ն պիտի փոխվի, և դա մեր փրկության ճանապարհն է, դա ինձ հիշեցրեց 1937 թիվը, թե ինչպես էին Չարենցին հեռացնում Գրողների միությունից, որ հետո սպանեն, որովհետև Չարենցը իբրև խանգարում էր հայ գրականության զարգացմանը, Հրաչյա Քոչարը նույնիսկ ձևակերպում արեց՝ «Չարենցը քար է մեր գրականության ճանապարհին», և արդյունքում Չարենց սպանվեց։ Հիմա ստեղծագործական միություններով Չարենց ենք սպանում։ Ձայն հանեք, միություններ, ձայն հանեք, ամոթ է։ Հետևեք համալսարանին և ակադեմիային, վերջին հաշվով՝ ժողովուրդը հույս ունի, որ դուք մեր մտավորականներն եք։

Ի՞նչ անեմ ես, հրաժարվե՞մ Գրողների միության իմ անդամությունից, չնայած որ այդ տոմսն ինձ տվել է երջանկահիշատակ Վարդգես Պետրոսյանը, և այսօրվա մարդիկ չեն տվել ինձ։ Ծանր է, շատ ծանր է, և ստեղծագործական միությունները եթե վաղը կամ մյուս օրը հայտարարություն չանեն, ապա իրենց ստեղծագործություններն այլևս անհետաքրքիր են և մեր ազգի ցավի հետ որևէ կապ չունեն։

«Հայրենիք, ես քեզ սիրում եմ» բանաստեղծություններ գրեք, Ղարաբաղը նկարեք, մինչդեռ մեր տղաները վաղը կարող է մեր թշնամու հրապարակով անցնեն գլուխները կախ, որպես ռազմագերի, և մեր ու աշխարհի աչքի առաջ։ Սա ներելու բան չէ։

Տղերք, դիմում եմ ձեզ , մենք իրար բոլորս ճանաչում ենք, ամոթ է, ձայն հանեք, լռությունը միշտ չէ, որ ոսկի է, այս անգամ լռությունը, ներեցեք, դավաճանության պես է հնչում, ձայն հանեք։ Իշխանությունը դավաճանեց, գոնե մտավորականությունը կանգնի ժողովրդի կողքին, հույս տա ժողովրդին, որ ժողովուրդը կարողանա մեջքը շտկել, միթե չեք ընկալել, որ հայրենիք ենք կորցրել,  ձայն հանեք, տղերք, եթե ոչ, ապա մտավորականի պատվավոր ծիրանին ձեր ուսերի համար չէ։ Մտավորականը ժողովրդի խոսքն է, միտքն է, ժողովրդի ասելիքն է, մտավորականի բերանով ժողովուրդն ինքն է խոսում, իսկ ժողովուրդը խոսում է մի լեզվով, դուք լուռ եք , ի՞նչ եք մտածում դուք։

Անկեղծ ասած՝ ես ուղղակի ապշած եմ, ապշած եմ այս քար լռության համար։ Ամբողջ ազգը ողբերգության մեջ է, և դուք լռում եք, տղերք։ Եթե շարունակում եք լռել, ապա ամոթ ձեզ, ես ձեր ընկերը չեմ, ես ձեզնից մեկը չեմ։
 

Մերուժան Տեր- Գուլանյան