Որ փարատվի Վախթանգ Սիրադեղյանի զարմանքը
Արձագանքելով «Խնդրանք պարոն Փաշինյանին. ԵՊՀ-ին արեք առաջարկություն, որից նա չկարողանա հրաժարվել» հրապարակմանը, Վախթանգ Սիրադեղյանը գրել է. «Կներեք, իհարկե, բայց զարմանում եմ, որ դուք դեռ ինչ-որ հույսեր եք կապում Փաշինյանի հետ: Ժամանակին ձեզ ճանաչում էի որպես ավելի իրատեսական անձնավորություն»:
Ես ուշադիր ընթերցում եմ հարգելի Վախթանգի հոդվածները, որոնցում նա բացահայտում և համակողմանի քննում է մեր հասարակությանը հուզող հիմնախնդիրները: Իրապես, տաղանդաշատ անհատ, իր երկրի ապագայով մտահոգված: Անշուշտ, ի սկզբանե գիտեի, թե ինչ արձագանք է լինելու այդ հրապարակմանը, հատկապես՝ ֆեյքային: Բայց, չէի կարող պատկերացնել, որ 0 - ական էր համալսարանականների արձագանքը: Ինձ համար անկնկալ էր նաև, որ Վախթանգը, չնայած իր խորաթափանցությանը, չէր նկատել ծածկագրված երեք ուղերձները:
Առաջինն այն էր, որ տասնամյակների իմ փորձառությունը պետական կառավարման մարմիններում և բարձրագույն կրթության համակարգում ուղղակի ինձ ետ կպահեին նման խնդրանքով Վարչապետին դիմելուց: Հետևաբար, Վախթանգ Սիրադեղյանի արձագանքը, թերևս, կարող էր լիներ այսպիսին. «պրոֆեսորի գրածը պետք է ընթերցել այսպես. «Խնդրանք ԵՊՀ- ին. Վարչապետին արեք առաջարկություն, որից նա չկարողանա հրաժարվել»: Խոսքը վերաբերում էր ռեկտորի այնպիսի թեկնածուների առաջադրմանը, որոնց մերժելը վատ վիճակում կդներ Կառավարությանը: (Սրան կլինի մոտավորապես այսպիսի արձագանք. Կառավարությունը թքած ունի…Ոչինչ, ժամանակը, միևնույն է, ամեն ինչ իր տեղն է դնում:): Ոչինչ, որ ընտրողների 47 տոկոսը, այդ թվում Վախթանգը, «հույսեր չեն կապում Փաշինյանի հետ»: Այնուամենայնիվ, փորձը փորձանք չէ:
Երկրորդ ծածկագրված ուղերձը հետևյալն էր. «…ԵՊՀ-ի դարբնոցով անցած, ակնածանք առաջացնող, պրոֆեսորադասախոսական համակազմը պահպանեց իրապես համալսարանական ավանդույթները…»
Սա պետք էր ընթերցել այսպես. «ԵՊՀ-ում պահպանվե՞լ է, արդյոք, ակնածանք առաջացնող պրոֆեսորադասախոսական համակազմը, որը դեռ պահպանում է իրապես համալսարանական ավանդույթները և, հետևաբար, բարոյական իրավունք ունի նման խնդրանքով դիմելու, թեկուզև «անհույս», Վարչապետին»:
Վերջին, ծածկագրված ամփոփ ուղերձը հետևյալն էր. «Եթե ԵՊՀ-ում չեն պահպանվել ակնածանք առաջացնող պրոֆեսորադասախոսական համակազմը և իրապես համալսարանական ավանդույթները, ապա Կառավարության կողմից առաջադրված թեկնածուն արժանի է ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնում նշանակվելու համար»:
Հ.Գ. Ցավալի է, որ, նույնիսկ, խորհրդային ժամանակաշրջանում այսպես արհամարված չի եղել ակադեմիական հանրությունը, ինչ այժմ է: 1970-80-ականներին, շրջկոմի քարտուղարից մինչև կենտկոմի քարտուղարներ «մրսում էին» համալսարականներից: Եվ դա այն պարագայում, որ դե-ֆակտո, ռեկտորներին ընտրում էր երկրի առաջին դեմքը: Այդպես է եղել խորհրդային ժամանակներում, այդպես է եղել անկախացած Հայաստանում: Բայց, ի՞նչ է ակադեմիական շրջանակների ուզածը: Նրանց ուզածը ղեկավար պաշտոններ զբաղեցնելը չէ, այլ դրանք զբաղեցնողներին զգաստ պահելն է, որպեսզի չղեվեն ճշմարիտ ուղուց, ինչը հենց նրանց օգտին է: Երբ առողջ ատամի դիմացի ատամը հեռացվում է ու տեղը չի դրվում մեկ ուրիշը, ապա որոշ ժամանակ անց այդ առողջ ատամը նույնպես շարքից դուրս է գալիս:
Հ.Գ. Ակամայից հիշվում են շփումները միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ովքեր արդեն երեք տասնամյակ է, ինչ «դեղատոմսեր» են տրամադրում Հայաստանի նման երկրներին, իբրև թե, նրանց զարգացման նկատառումներով: Բայց, ինչպես տեսնում ենք, «սայլը տեղից չի շարժվում»: Ինչպե՞ս են նրանք վարում բանակցությունները: Նրանք ուշադիր լսում են մյուս կողմին, երբ համոզվում են, որ այդ կողմի ասածները լավ փաստարկված չեն, առաջարկում են իրենց քայլերը, որոնցից արդեն հրաժարվելը դժվար է, քանի որ կփակեն ֆինանսավորման բոլոր «փականները»:
Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Կարծիքներ